Լրահոս
Օրվա լրահոսը

Չծխելն անհնարին չէ

Հունվար 26,2002 00:00

Չծխելն անհնարին չէ Մինչ օրս ոչ մի ծնողի կամ մանկավարժի չի հաջողվել ծխող երեխային (անձին) ետ կանգնեցնել այդ ահավոր չարիքից, ինչը առաջին հերթին սովորույթի, բնազդի արդյունք է, քան պահանջի։ Ծեծը, բռնությունը, քարոզը, հորդորը՝ այս բոլոր մարդկային եւ անգամ անմարդկային ներազդումները ջարդուփշուր են եղել՝ բախվելով ծխող անհատի քմահաճույքին կամ սովորույթ-հակումին։ Արդ, ի՞նչ անել ծխելու դեմն առնելու համար։ Տարօրինակ թող չթվա, բայց պետք է բուժումը սկսել հակառակ ծայրից։ Հիմք ընդունելով «արգելված պտուղը քաղցր է» աստվածաշնչյան հանճարեղ ճշմարտությունը, երեխային պետք չէ ճզմել, սաստել, ծեծելով հասկացնել, թե ծխելը վնասակար է, չպետք է դրանով իսկ ստիպել, որ նա ծխի թաքստոցներում, վարակվի գաղտնիության սինդրոմով։ Քանի որ հիմնականում ծխելու առաջին փորձերը սկսվում են դպրոցական տարիներից, հենց դպրոցում էլ պետք է սկսել պայքարը ծխելու դեմ՝ «Ծխելը եւ նրա վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա» առարկայի դասավանդմամբ։ Ծխախոտի եւ ալկոհոլի գովազդների այս հեղեղմանը, որպես հակակշիռ, հարկավոր է երեխային դասավանդել մի առարկա՝ ծխելու վնասակար ազդեցությունների ու հետեւանքների մասին։ Որպես տվյալ առարկայի նյութ պետք է օգտագործել հայ ու համաշխարհային գիտնականների հրապարակումների ընտրանին, ծխախոտի մեջ եղած վնասակար նյութերի, դրանց ազդեցության ու առաջացրած հետեւանքների վերաբերյալ հրապարակումները։ Ստորեւ առաջարկում եմ «Ծխելու վնասները» առարկան դպրոցում բաժանել 3 խմբի՝ 1-4, 5-7, 8-10-11 դասարանների։ Որպես լուրջ նախապայման՝ դպրոցում աշխատանքի պետք է ընդունել նախեւառաջ չծխող մանկավարժների։ ՀՀ կառավարության հանձնարարությամբ անհրաժեշտ է արգելել ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների վտանգավոր գովազդը՝ ռադիո-հեռուստատեսության եւ լրատվության այլ միջոցներով։ Երեւանում եւ այլուր պետք է վերացնել ծխախոտի գայթակղիչ եւ երեխաներին հրապուրող գովազդային ցուցապաստառները։ 1-4, 5-7, 8-10-րդ դասարանների համար ծխելու վնասների վերաբերյալ ծրագրային նյութերը պետք է կազմել այն չափանիշով, որպեսզի դրանք հասկանալի լինեն տվյալ տարիքի երեխային։ Աստիճանաբար բարդացնելով նյութը, ռադիո-հեռուստատեսությամբ պետք է աշակերտին տեսանելի դարձնել նիկոտինի ու այլ վնասակար նյութերի շարժումը արյան մեջ, բջջի գրգռումն ու «գիգանտ» բջջի առաջացումը՝ քաղցկեղի, ուռուցքի գոյացումը։ Այնքանով, որքանով մինչ օրս եղած ոչ մի մեթոդ արդյունք չի տվել, պետք է ամեն ինչ անել, որպեսզի երեխան վախի ու վիրավորվածության հետեւանքով չհեռանա ծնողի կամ մանկավարժի տեսադաշտից։ Միեւնույն է, տարիների փորձը ցույց է տալիս, որ դեռահաս պատանին, խուսափելով դպրոցից ու տնից, անմիջապես գտնում է իր համախոհներին ու ապահով թաքստոցում ազատ ծխում։ Այստեղ կարեւորվում է համախոհների միջավայրի հետ առնչվող բազմապիսի վտանգավոր արարքների, անուղղելի սովորույթների առկայության փաստը (հաշիշամոլություն, գողություն եւ այլն)։ Իսկ եթե կլինեն ծխելու նկատմամբ մոլագար աշակերտներ, եւ գիտամանկավարժական, դիդակտիկ ազդակները ի զորու չեն լինի ծխելուց զերծ պահել նրանց, այդպիսիների համար մանկխորհրդի կողմից պետք է առանձնացնել մեկ երկսեռ խումբ՝ նյութը առավել խորացված մատուցելով վերջիններիս։ Դա կլինի գործնական, լաբորատոր մեթոդով՝ ընդհուպ չարորակ ուռուցքների վիրահատական գործընթաց եւ հիվանդի անմարդկային տառապանքների ցուցադրություն։ Միաժամանակ այդ խմբին մանկավարժների, հոգեբանների համատեղ ծրագրով կուսուցանվի «Ծխելու կուլտուրան» առարկան։ Իմ երկարատեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծխող մարդը մոտ 8-10 անգամ ավելի է ծխում, քան իրականում նիկոտինի պահանջն է օրգանիզմում։ Պայմանական ռեֆլեքսի խորացման պատճառով անհատը հաճախ տհաճությամբ է վառում ծխախոտը։ Մասնավորապես վերին շնչուղիների, գրիպի ու էլի շատ հիվանդությունների ժամանակ մոլի ծխողը նույնիսկ զզվանքով է ծխում, սակայն արմատացած ռեֆլեքսներից ազատվել չի կարող (ահավոր բան է սովորույթի ուժը)։ Դասավանդման պրոցեսում վերը նշված մասնագետների կողմից կազմված հատուկ մեթոդիկայով կարելի է հասնել նրան, որ ծխողը օրվա ընթացքում գործածի 3-5 գլանակ եւ ոչ ավելի։ Սա վերաբերում է բոլոր ծխողներին։ Ուստի, մեր կարծիքով, հարկավոր է ծխախոտը պահել խոհանոցում եւ ոչ գրպանում։ Այնքան անգամ, որքան մարդը ճաշում, սրճում կամ թեյում է, նույնքան անգամ էլ կարող է ծխել եւ՝ վերջ։ Այսպիսով, նախ անձը կծխի ըստ պահանջի (3-5 գլանակ) եւ՝ բնավ ոչ սովորույթի չափով (մինչեւ 60 եւ ավելի գլանակ)։ Առավել կարեւորն ու միանշանակն այն է, որ հասուն տարիքում երիտասարդական էմոցիաներից ազատված մարդը շատ հանգիստ կարող է պակասեցնել, նույնիսկ թողնել ծխելը։ Հետեւաբար, ծխելն արգելելը սխալ է ու կարող է տալ հակադարձ ազդեցությունը։ Անհրաժեշտ է դաստիարակել՝ հարգելով երեխայի իրավունքը։ Ամենաարդյունավետ մեթոդը, մեր կարծիքով, գիտամանկավարժական ծրագրերով դպրոցում «Ծխելը չարիք» է առարկայի դասավանդումն է։ ՍԱՐԳԻՍ ՏՈՆՈՅԱՆ Բժիշկ-կենսաբան, ՀՀ Գրողների միության պոլիկլինիկայի սրտաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել