Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ԳՐԵԼ

Հունվար 26,2002 00:00

ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ԳՐԵԼ Համլետյան գլուխկոտրուկ լրագրողների համար «Երբ երկու քաղաքական գործիչ գինարբուքի ժամանակ, կիսամերկ տիկնանց շրջապատում պետական հեղաշրջում են նախապատրաստում՝ լռե՞լ, թե՞ գրել»,- անկեղծ պոռթկաց Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը՝ «Հետաքննող լրագրողների ընկերակցության», ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կազմակերպած «Ինֆորմացիայի ազատությունը Հայաստանում» թեմայով քննարկման երկրորդ օրը։ Պոռթկման պատճառը Հայաստանում «Ինֆորմացիայի մատչելիության մասին» օրենքի նախագիծն էր, որը ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության զարգացման միության» նախագահ Արտակ Կիրակոսյանը։ Օրենքը գրել են ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը եւ Վարդան Բոստանջյանը, լրամշակել՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը», «Երեւանի մամուլի ակումբը», «Ինտերնյուսը», «Քաղաքացիական հասարակության զարգացման միությունը»։ Նախագծով ամրագրվում է «Տեղեկատվության ազատության իրավունքի պաշտպանի» ինստիտուտը, ինչը տարաձայնությունների առարկա է դարձել շահագրգիռ կողմերի համար։ Նախագիծը սահմանում է քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքի իրականացման պայմաններն ու կարգը, այդ իրավունքի իրականացումն ապահովելուն ուղղված պետական մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունները։ Դրանց շրջանակներում համակարգչային ցանցով ինֆորմացիա տրամադրելու վերաբերյալ իր նկատառումները ներկայացրեց Panarmenian Network-ի փոխնախագահ Արման Սաղաթելյանը։ Ըստ նրա, պետական գերատեսչությունների համակարգչային ցանցով տեղեկատվություն տրամադրելը պետք է ուղեկցվի հատուկ ստանդարտներով, լիցենզիայով եւ այլն, քանզի հակառակ դեպքում «տեղեկատվությունը կարող է աղավաղվել եւ անհեթեթ իրավիճակ առաջացնել։ Ստացվում է, որ ստեղծում ենք լրացուցիչ խնդիրներ»։ «Ցանկանում էինք ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ»,- հանրահայտ մտքին հանգեց նաեւ Միքայել Դանիելյանը՝ նկատելով, որ «շատ օրենքներն ու նորմերը շատ էլ սահմանափակում են ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքը»։ 1996-ից սկսած, «Երեւանի մամուլի ակումբն» առաջարկում է տեղեկատվության իրավունքի, ԶԼՄ-ների, հեռուստա եւ ռադիոհեռարձակումների մասին միասնական օրենսդրական փաթեթով կազմավորել լրատվական դաշտը։ Հենց այդ նկատառումներն էլ ներկայացրեց ակումբի անդամ Աշոտ Մելիքյանը։ Նախագիծը բացառում է ԶԼՄ-ների գրանցումը կամ լիցենզավորումը՝ դա նախնական գրաքննություն համարելով։ Առաջարկվում է ԶԼՄ-ների հաշվառման պարզագույն ձեւ. հիմնադիրը համապատասխան մարմնին տեղեկացնում է նման գործունեություն ծավալելու մասին։ Ընդ որում, ըստ հեղինակների, առարկության պատճառը մեկը կարող է լինել՝ լրատվամիջոցի անվանումը՝ նույնանուն լրատվամիջոցները բացառելու նպատակով։ Նախագծով բացառվում է նաեւ պետական պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների հիմնումը, սահմանվում են խմբագրակազմերի՝ կամայականություններից պաշտպանելու նորմերը, հասարակության (ոչ պետության) առջեւ խմբագրությունների պարտավորությունները, հրապարակումների համար պատասխանատվություն կրել-չկրելու նորմերը եւ այլն։ Նախագիծը ներկայացնելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի խոսնակ Արա Սաղաթելյանը նկատեց, որ «մեկի իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսում է մյուսինը», ապա եզրակացրեց, որ «իմանալու իրավունքը ենթադրում է պատասխանատվություն»։ Սեմինարի երկրորդ մասում ներկայացվեցին նաեւ ինֆորմացիայի մատչելիության միջազգային չափանիշները, որից հետո ինֆորմացիայի մատչելիության ոլորտում ՀՀ օրենսդրության վերաբերյալ իրենց նկատառումները ներկայացրին միջազգային փորձագետները։ Քննարկումների արդյունքում մշակվեց եւ ընդունվեց զարգացման ուղղությամբ առաջարկությունների վերջնական փաստաթուղթ։ Ի դեպ, արդարադատության նախարար Աշոտ Աբովյանը միակ պետական պաշտոնյան էր, որ համբերատար մինչեւ վերջ ու ակտիվորեն մասնակցեց քննարկմանը։ Իսկ քննարկման վերջում ընդունված առաջարկությունների այդ փաթեթում կարեւորվում է «Ինֆորմացիայի ազատության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը եւ նշվում, որ հարակից մյուս օրենքները (պետական գաղտնիքի, արխիվների, անձնական տեղեկությունների պաշտպանության) պետք է ներդաշնակեն այդ օրենքին։ Նաեւ ասվում է, որ ԱԺ-ի, կառավարության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը պետք է համատեղ աշխատի օրենքի մշակման ընթացքում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել