Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության հույսին մնա՜ն

Հունվար 26,2002 00:00

Պետության հույսին մնա՜ն Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված մեր հանրապետությունում, երբ պետությունն ի վիճակի չէ անգամ առողջապահական խնդիրները հոգալ, անասնաբուժության բնագավառն առհասարակ անտեսված է։ Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում, գիտակցելով հարցի կարեւորությունը եւ առաջնորդվելով Պավլովի հայտնի՝ «Բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը» ասույթով, անասնաբուժությունն առաջին հերթին է գտնվում պետական հոգածության ներքո։ Ինչպես տեղեկացրեց Ճամբարակի նախկին անասնաբուժական լաբորատորիաներից մեկի վարիչ, բակտերիոլոգ, պարազիտոլոգ Գայանե Խաչատրյանը, նախկինում ամենուրեք կային անասնաբուժական լաբորատորիաներ, որտեղ վեց ամիսը մեկ կատարվում էր կենդանիների կանխարգելիչ հետազոտություն, անհրաժեշտության դեպքում ցույց էր տրվում համապատասխան օգնություն։ Սակայն քանի որ պետությունը միջոցներ չի տրամադրում, ժողովուրդն էլ վճարունակ չէ՝ հոգալու հետազոտման, բուժման ծախսերը, լաբորատորիաները մնալով «խաղից դուրս վիճակում», կամաց-կամաց կրճատվելով, փակվեցին։ Արդյունքում տուժողը գյուղացին է, որը մի կերպ կթու անասուն է պահում ընտանիքին կերակրելու համար եւ եթե, Աստված մի արասցե, այդ կենդանին հիվանդ է, ապա ամբողջ ընտանիքը (գուցե եւ հարազատ-ազգականները) կամ անմիջապես կենդանուց, կամ կաթնամթերքի միջոցով վարակվում են այդ նույն հիվանդությամբ։ Ի դեպ, հատկապես վերջին տարիներին «մոդայիկ» է դարձել տանը կենդանիներ պահելը (հիմնականում՝ շուն, կատու)։ Ինչ խոսք, սա յուրօրինակ զբաղմունք է, լիցքաթափման միջոց, որը ընտանիքի անդամներին դրական լիցք ու բարություն է փոխանցում։ Եվ եթե առաջին դեպքում անասուն պահելը կենսապայմաններն են թելադրում, ապա երկրորդ դեպքում անձնական նախասիրությամբ պահելը դարձյալ վտանգում է տան անդամների առողջությունը։ Հիվանդ կենդանին մարդու համար կարող է դառնալ մաշկաբորբի, քոսի, մկնատամի, ճիճվային հիվանդությունների, էխինակոկի առաջացման պատճառ։ Կենդանուն չբուժելով եւ չճիճվաթափելով, վարակն անցնում է շրջապատի մարդկանց։ Մինչդեռ նույնիսկ արտաքուստ անվնաս թվացող ճիճվակրությունը, եթե կրում է տեւական բնույթ, լուրջ վտանգ է ներկայացնում մանավանդ երեխաների համար։ Այն բերում է երեխայի աճի դանդաղեցման, քաշի նվազման, մտավոր թերզարգացման։ Կա նաեւ հարցի այլ կողմ, ինչպես փաստեց տիկին Խաչատրյանը, կենդանիներից փոխանցվող հիվանդություններ կան, որ տարիներով չի հաջողվում ախտորոշել։ Դրանք հաճախ որակում են ալերգիա կամ մի այլ «դեժավյու» ու սկսում սխալ բուժման կուրսը, որի հետեւանքով հիվանդի վիճակն ավելի է ծանրանում։ Տրամաբանական է, որ անհրաժեշտ է հարցի արմատական լուծում, այսինքն բուժելով անասուններին՝ կանխել վարակը։ Այս դեպքում ե՛ւ պետությունը քիչ միջոցներ կվատնի, ե՛ւ քաղաքացիներն ապահովագրված կլինեն հիվանդություններից։ Բայց քանի որ թե առաջին, թե երկրորդ դեպքում պետական աջակցությունը բացակայում է, քաղաքացիներին էլ մնում է «իրենց յուղով տապակվել»։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել