Նայած սպառողի «չմո»-ության աստիճանի՞ Որ «Սիգարոնի» տուփը, գովազդային արշավի մակարդակը, արտադրական տեխնոլոգիաները, որակը էլիտար բիզնեսի բնագավառից են, անհերքելի է: Բայց որ «Սիգարոնն» առաջին հայացքից «Դավիդով» է հիշեցնում, նույնպես անժխտելի է: Ըստ գերմանական «Ռեմստմա» ընկերության, սպառողը կարող է շփոթել երկու արտադրանքները եւ իրենց ընկերությունը կարող է ֆինանսական կորուստներ ունենալ: Ուստի, ապրանքային նշանը պաշտպանելու նպատակով դատական հայց է հարուցել ընդդեմ «Սիգարոնի»: Շեշտը դրվել է տուփի ութանիստ լինելու, տառատեսակի եւ գույների նմանության վրա: Պաշտպանվող ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Կարեն Ադոնցը երեկ այս առիթով հրավիրած մամուլի ասուլիսում պատմեց, թե ինչպես են բարձրակարգ փաստաբանների միջոցով պաշտպանվել դատարանում: Ըստ նրա, ութանիստ տուփեր արտադրող ընկերությունը «Ռեմստմայից» բացի, իրավունք ունի այլ ընկերության եւս վաճառել իր հաստոցները, գույնը մենաշնորհի ենթարկել չի կարելի, իսկ տառատեսակը «կլասիկն» է, որը ով ուզի՝ կարող է օգտագործել: Բացի այդ, բոլոր շուկաներում (բացառությամբ Հայաստանի) «Սիգարոնը» «Դավիդովից» 60-70%-ով թանկ է: Հիմնավորվում է, որ դիզայնի առանձին դրվագներով չի կեղծվում ապրանքանիշը, բայց «Առավոտի» հարցին, թե Դուք ժխտու՞մ եք, որ «Սիգարոնի» տուփն ակնհայտորեն նման է «Դավիդովին», Կ. Ադոնցը պատասխանեց, որ դիզայնի նմանությունը պետք է դիտվի սպառողին շփոթության մեջ գցելու տեսանկյունից եւ դատարանում հենց այդպես էլ դրվել է հարցը: Իսկ այս առումով մի շարք տարբերություններ կան: Փաստորեն, «Դավիդովը» մտավախություն ունի, որ իր սպառողը 1, 2, 3, 50 տուփ ծխելուց հետո՞ էլ չի տարբերի, որ ուրիշ ծխախոտ է ծխում: Ամեն դեպքում, հարկ է նկատել, որ եթե «Սիգարոնը» ծխախոտի լուրջ շուկա մուտք գործելու հայտ էր ներկայացնում, այն էլ այդ մակարդակով, դիզայնի հարցում էլ պետք է նրբանկատ լիներ: Չնայած Կ. Ադոնցի փաստարկներին, նա վստահ չէ, որ դատը կշահեն: Ավելին, Ղրղըզստանում «Սիգարոնը» չի էլ պայքարում իր իրավունքների համար: Իսկ այլ երկրներում, կասկած կա, որ մատակարար ընկերությունների վրա ճնշում է գործադրվում: Փաստորեն, ազատական տնտեսության, արդար մրցակցության ջատագով Եվրոպայում խտրություննե՞ր են գործադրվում «երրորդ» երկրները ներկայացնող իրենց մրցակիցների նկատմամբ: Ա. Ու.