ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ՝ ԻՆՉԻ՞ ՀԱՇՎԻՆ «Մեր հանրապետությունում աղքատությունը կարմիր դրոշ է դիտվում. ինչո՞ւ հարեւանս նպաստ ստանա, ես՝ ոչ։ Հենց մարդիկ գիտակցեն, որ աղքատ լինելն ամոթ է, արդեն հնարավոր կլինի այդ վիճակից դուրս գալ», այս համոզմանն է ՀՀ սոցիալական ապահովության փոխնախարար, «Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի համակարգող խորհրդի» անդամ Աշոտ Եսայանը։ Ծրագիրն, ի դեպ, երեք տարվա համար է նախատեսված։ Սակայն պարոն Եսայանն էլ բարոյական չհամարեց վստահեցնել, թե ծրագրի իրագործումից 3 տարի հետո երկրում աղքատությունը կվերանա։ Մինչդեռ համոզված ընդգծեց, որ դրական արդյունքներ կունենանք։ Ծրագիրը լինելու է ճյուղային՝ կոնկրետ ոլորտների համար, մարզային, համայնքային՝ կոնկրետ բնակավայրերի համար։ Վերոնշյալ «խորհուրդն» իր հասանելիք աշխատանքն արդեն ավարտում է, փետրվարի 1-ից ծրագրի վրա կաշխատի անկախ փորձագետների խումբը։ Ենթադրվում է, որ վերջիններս առաջադրված հարցերի լուծման կոնկրետ մեխանիզմներ պետք է առաջարկեն։ Դրանք էլ իրենց հերթին կքննարկվեն տարբեր ատյաններում, ապա՝ վերջնական համատեղ որոշման արդյունքում ծրագիրը կիրագործվի։ Նախնական եզրակացություններից զերծ մնալով պարզապես նշենք, որ հետեւողական լուսաբանելու ենք ծրագիրը՝ քայլ առ քայլ, եւ հետագա եզրահանգումները կոնկրետ փաստերով կհիմնավորվեն։ Իսկ մինչ այդ, ստորեւ նույնությամբ կներկայացնենք ծրագրի իրագործման կոնկրետ մեխանիզմների դրսեւորման երկու մասնավոր օրինակ, որոնք ներկայացրեց Աշոտ Եսայանը։ Եվ այսպես, կրթության ոլորտին հատուկ ուշադրություն է հատկացվելու, այն ծրագրի «գերկարեւոր բաղադրիչ մասն է կազմում» (Ա. Ե.)։ Այդ շրջանակներում լեգալացվելու են ուսուցիչների մասնավոր պարապմունքները։ Ստվերայնության դեմ պայքարը սկսվելու է դպրոցից։ Հանուն այդ ազնիվ նպատակի իր հանգստի եւ առողջության հաշվին վաստակած մի քանի հազար դրամից ուսուցիչները նաեւ դպրոցի ֆոնդին փայ կհանեն, գուցե հարկ լինի համայնքին էլ, պետբյուջեին էլ… Սրանից հետո, կարծում ենք, արժե «ուսուցիչների աշխատավարձ» բազմաչարչար հասկացությունն առհասարակ վերացնել. եթե մարդն ի վիճակի է արտաժամյա աշխատանքով իր գոյությունն ապահովել, ուստի թող իր այդ գոյությամբ էլ ծառայի ազնիվ նպատակների (Ն. Գ.)։ Այնուհետեւ, հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարելու շրջանակներում կդրվի պետական ծառայողների աշխատավարձի բարձրացման խնդիր։ Տնտեսության ստվերայնության եւ կոռուպցիայի, մասնավորապես նախարարա- վարչապետա-նախագահական կլանների (Ն. Գ.) դեմ պայքարի շուրջ Ա. Եսայանը գերադասեց «չծավալվել»։ Ի դեպ, դրանք ընդհանուր համակարգում դիտելով՝ նա հիշեցրեց, որ ծրագրի մեխանիզմների մասին խոսելը դեռ վաղ է. «Խնդիրն առկա է, ուսումնասիրվում է, մեխանիզմները դեռ պետք է մշակվեն»։ Բայց եւս մի օրինակ՝ դարձյալ կրթության ոլորտից. – Իմ երեխան 6-րդ դասարանում է սովորում (Ա. Եսայանի մասնավոր օրինակն է)։ Ես չգիտեմ՝ վաղը նա վճարովի համակարգո՞ւմ կսովորի, թե՞ պետպատվերով։ Որպեսզի 5 տարի հետո փաստի առջեւ չկանգնեմ, ուստի պետք է ստեղծվի կամավոր ապահովագրության հիմնադրամ։ Ես ամեն ամիս 5.000-ական դրամ իմ աշխատավարձից կփոխանցեմ այդ հիմնադրամին, նախապես պայմանագիր կնքելով այն ուսումնական հաստատության հետ, որտեղ երեխան պետք է ընդունվի։ Պայմանագրի համաձայն, եթե երեխան պետպատվերով ընդունվի՝ գումարը կվերադարձվի տիրոջը։ Ա. Եսայանի համոզմամբ, դա նաեւ երեխային կշահագրգռի՝ մեծ գումար ստանալու ակնկալիքով բարձր առաջադիմություն ցուցաբերել։ Մեխանիզմներ կմշակվեն նաեւ կրթաթոշակ տրամադրելու այն ուսանողներին, որոնց համար դա ապրելու միջոց է։ Իսկ ինչպե՞ս խրախուսել ապահովված ընտանիքի գերազանց առաջադիմությամբ ուսանողին կամ ինչպե՞ս վարվեն գործազուրկ, անվճարունակ ծնողները, որոնց երեխաներն էլ ուսում ստանալու մե՜ծ ցանկություն ունեն։ Այս եւ շատ ու շատ հարցեր, բնականաբար, առայժմ անպատասխան են։ Բայց Ա. Եսայանը գտնում է, որ «խնդիրը միակողմանի չպետք է դիտել, ամբողջական վերլուծության արդյունքում միշտ էլ ելքեր կգտնվեն»։ Դե ինչ, կապրենք՝ կտեսնենք, չնայած բերված օրինակների առաջացրած անպատասխան հարցերն այնքան էլ լավատեսություն չեն ներշնչում։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ