Լրահոս
Օրվա լրահոսը

Քուռը՝ ո՜ւր, իմ տունը՝ ո՜ւր

Հունվար 26,2002 00:00

Քուռը՝ ո՜ւր, իմ տունը՝ ո՜ւր Արտահանման ցանկացած թիվ ընդունված է տնտեսական հաջողություն համարել։ Բացառություն չէ Հայաստանից Վրաստան էլէներգիայի մատակարարումը։ Այն հերթական անգամ արծարծվեց 2001-ի տարեմուտին Թբիլիսիի ՊՇԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո. առաքումը կկազմի օրը 130 կվտ։ Նման հաղորդումները արդյոք հարկ է միանշանա՞կ ընդունել։ Եթե անվերապահորեն հավատանք նմանատիպ լուրերին, Հայաստանը, ասենք 1998-ին, արտահանել է 50 մլն դրամի սուրճ ու թեյ։ Այն ոչ ռեւանշիստներն են ասում, ոչ՝ ընդդիմադիրները, այլ ՀՀ վիճպետկոմը («Անդրկովկասի երկրների վիճակագրության տարեգիրք-2000թ., տպագրությունը ՏԱՍԻՍ-ի)։ Ինչո՞ւ ծագեց այս հարցին անդրադառնալու խնդիրը։ Բանն այն է, որ համաշխարհային ներդրումային շրջանակները մասամբ տեղյակ լինելով երկրի ու էներգետիկ համակարգի իրական վիճակին, մեր կողմը պարզապես չեն նայում։ Ինչի՞ն են նրանք տեղյակ։ Այն իրողությանը, որ ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգը երկրի զարգացման առումով հեռանկարային նվազագույն կարողություն անգամ չունի։ Ոլորտի պատասխանատուներից մեկը վերջերս նշեց տարեկան 13 մլրդ կվտ/ժամ արտադրելու հնարավորությունը։ Երբ հիշեցվեց, որ հզորությունների առավելագույն կարողությամբ շահագործումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որը նկատի ունենալով էլ հենց կայաններ նախագծողները նման մոտեցումներ չեն ամրագրել, պաշտոնյան չառարկեց մինչեւ 9 մլրդ կվտ/ժամ էլարտադրության թվի հանդեպ։ Եթե, իհարկե, հարեւան երկրի օրինակով վթարներ տեղի չունեն ՀՀ-ում արտադրվող էլէներգիայի կեսը տվող Հրազդանի եւ Երեւանի ՋԷԿ-երում։ Հարցն այն է, որ հիշյալ կայանները գրեթե կրկնակի գերազանցել են իրենց շահագործման նախագծային ժամկետները։ Իսկ Մեծամորի ատոմոկայա՞նը, նման դեպքում հարցնում է մեր հայրենակիցը։ Վերջին 5 տարիներից յուրաքանչյուրի ընթացքում ԱԷԿ-ի կողմից ցանց առաքված էլէներգիան մեկ հայաստաբնակի հաշվով օրական կազմել է հազիվ 2 կվտ/ժամ։ Յուրաքանչյուր բնակչի համար 3-ական կվտ/ժամ էլ ապահովում են ՋԷԿ-երը եւ ՀԷԿ-երը։ Համոզված կարելի է պնդել, որ երկրի ամենաանապահով ընտանիքներում անգամ այս թիվը գերազանցվում է. ուրեմն ո՞ւր մնաց տնտեսության զարգացման համար նախատեսված էլէներգիան։ Թե ինչքան է այս շրջանում էլհոսանքի ներկրումը Իրանից, այդպես էլ չի հաջողվում պարզել. անորոշ թվեր են ներկայացվում։ Թող տարօրինակ չթվա, բայց մեր էլէներգետիկայից օգտվող Վրաստանը, իր իսկ վիճպետկոմի հաղորդագրությունների համաձայն, մեզնից շատ էլարտադրություն է իրականացնում։ Օրինակ, 1998-ին այն կազմել է 8 մլրդ կվտ/ժամից ավելի եւ երկիրը պահանջարկ ունի։ Իրավունք չվերապահելով որակումներ տալ նրանց էներգետիկ քաղաքականությունը վարողներին, նկատենք, որ ներկրումները կարող են կապված լինել տնտեսության առավել ընդգրկուն պահանջը բավարարելու իրողության հետ։ Վրաստանի վիճպետկոմի հաղորդման համաձայն, բնակչությամբ մեզնից 1,7 անգամ ավելի Վրաստանի ՀՆԱ-ն Հայաստանի նույն ցուցանիշը գերազանցում է 2,6 անգամ։ Մեր 1 կվտ/ժամ էլէներգիային բաժին է ընկնում ներքին արդյունքի 30 ցենտին համարժեքը, նրանց մոտ այն 60 ցենտ է։ Ճիշտ է, համաշխարհային տեղեկատվությունում հանդիպում ենք 3-6 դոլար արդյունքի, բայց համանման իրողության պարագայում է թերեւս հնչել հայտնի խոսքը. Քուռը՝ ո՜ւր, իմ տունը՝ ո՜ւր… ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել