Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ՛ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Հունվար 26,2002 00:00

ԿԱ՛ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Իշխանամետ թերթերից մեկն օրերս մեկնաբանել էր «Առավոտի» այն տեղեկությունը, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Հարություն Հարությունյանի 2000 թ. փետրվարի 1-ի ցուցմունքի ներքո նրա պաշտպան Ռուբեն Ռշտունին ոչ թե գրել էր. «Ցուցմունքը վերցված է առանց իմ ներկայության» (ինչպես պնդել էր Հարություն Հարությունյանը), այլ՝ «Ներկա եմ գտնվել հարցաքննությունն ընդհատելու պահից»։ Այդ թերթը գրել էր. «Ի՞նչ տարբերություն կա այդ երկու ձեւակերպումների միջեւ, ո՞վ կարող է ասել»։ Հարցնում եք՝ պատասխանում ենք։ Տարբերություն կա՛։ Եթե մեղադրյալը պաշտպան ունի, բայց ցուցմունքը վերցված է նրա բացակայությամբ՝ արդարացված է, որ նշվի, թե այդ հարցաքննությունն ապօրինի է։ Սակայն եթե, ինչպես եղել է Հարություն Հարությունյանի պարագայում, մեղադրյալը փետրվարի 1-ի առավոտյան հրաժարվում է իր նախկին պաշտպան Ժորա Խաչատրյանից, գրավոր դիմումում նշում. «Առայժմ իմ շահերը կարող եմ պաշտպանել ինքս՝ մինչեւ իմ հարազատների կողմից նոր պաշտպան ներկայացնելը», եւ առանց պաշտպանի ընթացած հարցաքննության կեսից գալիս է նրա նոր պաշտպան Ռուբեն Ռշտունին՝ արդեն այլ բովանդակություն է ստանում ցուցմունքի տակ նրա գրածը. «Ներկա եմ գտնվել հարցաքննությունն ընդհատելու պահից»։ Ի դեպ, այն ընդհատվել էր Հարություն Հարությունյանի խնդրանքով՝ այն պատճառաբանությամբ, թե իր պաշտպանը պիտի ծանոթանա գործի նյութերին։ Մամուլով հարցադրումներ ներկայացնելու փոխարեն՝ այս փոքրիկ մանրամասները լրագրողները կարող էին ինքնուրույն պարզել, եթե ոչ թե այլոց ասածներից փոխադրություն կազմեին, այլ ուղղակի գոնե փոքր-ինչ ծանոթ լինեին այն գործի նյութերին, որի մասին գրում են։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել