Լրահոս
Օրվա լրահոսը

2001-ի չհնչած հարցադրումը

Հունվար 26,2002 00:00

2001-ի չհնչած հարցադրումը Անցած տարին նշանավորվեց քաղաքական ուժերի միջեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած տնտեսական աճի, աշխատատեղերի եւ նման բնույթի խնդիրների շուրջ բազում բանավեճերով։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական էլիտայի պոլեմիկան այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ տնտեսությունը ոչ միայն բոլոր հարցերի պատասխանն է, այլեւ դրանց միակ պատճառը։ Այս առումով թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը իրար չէին զիջում՝ փորձելով ժամ առաջ իրենց քաղաքական ծրագրերում եւ պոլեմիկայում ամրագրել հանրությանը հուզող միակ՝ «փողն է մարդ սարքում», թեզը։ Ցավոք, «մշակույթ», «ոգեղենություն», «բարոյականություն», «հավատ» հասկացությունները ոչ միայն երկրորդվեցին, այլեւ, հանրության գիտակցությունից դուրս մղվելով, դարձան անընկալելի։ Քաղաքական էլիտային հաջողվեց հանրությանը համոզել, որ մեր «հարցերի հարցը» տնտեսական վիճակի մեջ է։ «Ի՞նչ է նշանակում՝ լավ ապրել» հարցադրումը (մտավորականների լուռ համաձայնությամբ) ստացավ «փող ունենալ» պատասխանը։ Նույնիսկ աշխատատեղերի բնույթը, սպեցիֆիկան, ըստ էության, ոչ մեկին չհետաքրքրեցին։ Ցանկացած հեղափոխության հաջողության համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական համակարգի փոփոխություն, այլ նաեւ՝ մշակութային նորարարություն։ Նոր արժեքային համակարգ, նոր փիլիսոփայություն, նոր բարքեր ու կենսակերպ, լայն առումով՝ նոր ավանդույթների հիմքերի ձեւավորում։ Անցումային ժամանակաշրջանում մեծ է պետության դերն ու պատասխանատվությունը նման խնդիրների լուծման գործընթացում, բայց միայն պետության ջանքերն այստեղ բավարար չեն։ Մեզ այսօր անհրաժեշտ է հասարակության վստահությունը վայելող եւ աշխարհի զարգացման ռիթմը ընկալելու ունակ մտավորականություն։ Իսկ մշակութային բացը մի բան է, որ միշտ լրացվում է։ 2001-ին էլ այն լրացվեց Քոչարյանի եւ Գեղամյանի թվակռվով, Պարույր Հայրիկյանի աուտոթրեյնինգ ասուլիսներով, Ստեփան Դեմիրճյանի եւ Ալբերտ Բազեյանի «ավանդական» ժողովրդասիրությամբ, Ռուբեն Միրզախանյանի բուդդայավայել պայծառատեսությամբ, իշխանամետությունը պետականամետությամբ շղարշել ձգտողների անհաջող փորձերով, եթերային աղբով, անշունչ գրքերով… Մինչդեռ 2001-ին եղան բավականին լուրջ մշակութային իրադարձություններ թե՛ արվեստի զանազան բնագավառներում, թե՛ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի շրջանակներում։ Ողբերգությունն այն է, որ հանրությունը դրանցից մեծ հաշվով անմասն մնաց, չարժեւորեց, չդարձրեց իրենը։ Մենք հետ ենք սովորել գնահատելուց, հեշտությամբ ճանաչում ենք հասարակության մեջ առկա ամենացածրագույնը։ Ակնհայտ է, որ իրենց մեղքի բաժինն ունեն իշխանությունները, բայց առավել ակնհայտ է, որ դեռեւս չունենք XXI դարի մտավորականներ, որոնք ընդունակ կլինեն հասարակությանը հուզող հարցերի սլաքը գոնե մասամբ շեղել «ժամանակակից հերոսների» լեթարգիական տգիտությունից եւ նիհիլիզմից։ Ավելին, մեր քաղաքական համակարգը ընդունակ չեղավ վերարտադրելու այնպիսի կուսակցություն, որը կկրեր կենսունակ մտավորականների ազդեցությունը, կհամալրվեր նրանցով, կկարողանար համատարած արժեքային նենգափոխությանը այլընտրանք առաջարկել։ Քանի մենք հավատում ենք՝ պետությունն է մեզ մարդ դարձնելու՝ դատապարտված ենք այդպիսին չլինել։ Իսկ ինչո՞ւ են լռում մտավորականները։ Եվ ընդհանրապես, այդ ի՞նչ մտավորականներ եւ դավանած արժեքներ են, որ պարտվեցին թերուսների եւ պոպուլիստների կվազիգաղափարներին։ XX դարի սկզբին թուրքերը՝ ի դեմս նախագահ Աթաթյուրքի, հասկացան, որ «երկիրն, ինչ գնով էլ լինի, դառնալու է ժամանակակից, քաղաքակիրթ եւ նորացված։ Մեզ համար սա գոյության հարց է»։ Ընդունա՞կ ենք մենք, մեր էլիտան՝ XXI դարի սկզբին կարեւորելու «ժամանակակից», «քաղաքակիրթ» եւ «նորացված» բառերի էությունը, դրանց «գոյության հարց» լինելը։ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Մեծ ազգերը իրենց կռիվը տվել-պրծել են, եկել է մեր կռվի հերթը»։ Ընդունա՞կ ենք յուրաքանչյուրս կարեւորելու, գիտակցելու այդ «կռվի» անհրաժեշտությունը, անխուսափելիությունը։ Մեր հանրությունը իրականում ունի մեկ մեծ խնդիր՝ բարոյականության եւ վերարժեքավորման։ Եվ քանի մենք գտնում ենք, որ հոգեւոր այլանդակության համար մեղավոր են սոցիալ-տնտեսական վիճակը եւ օրվա իշխանությունները, արժանի ենք նման իշխանությունների եւ ճորտի աշխատավարձի։ Իսկ ընտրելու հնարավորություն միշտ կա։ 2001 թվականը այս առումով անհաջող էր։ Եվ անհաջող կլինեն բոլոր այն տարիները, երբ հերոսները կլինեն նախկին նոմենկլատուրայի եւ թաղային «հեղինակությունների» տեսքով, երբ պարարտ հող կլինի էժանագինության, պոպուլիզմի. Գեղամյան-Միրզախանյան (գործիչներ, որ նույնն են՝ արժեքային համակարգով եւ տարբեր՝ հանգամանքների բերումով) դուետների համար։ Քանզի հողը մենք ենք՝ յուրաքանչյուրս։ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՔԴՄ «Ալիք» հասարակական- քաղաքական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել