Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ

Հունվար 26,2002 00:00

ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ Ինչ-որ տեղ լինում է Բառը, իսկ բառից առաջ Զգացումը: Ամբողջությունը ստեղծվում է, երբ զգացումին ու բառին ավելանում է Միտքը եւ հրամայաբար թելադրում է՝ գործիր: Այս սուրբ երրորդության արգասիքը միշտ լինում է անանց: Այսպես ստեղծվում է գործնականում գոյություն չունեցողը, որ ունենում է սկիզբ ու բնավ երբեք՝ ավարտ: Այսպես ծնվում է ԱՐՎԵՍՏԸ: Իսկ արվեստագետները մահկանացու են, եւ սա Աստծո ամենամեծ սխալն է: Միաժամանակ՝ Աստծո ամենամեծ գթությունը առ Մարդ արարածը, որովհետեւ այն, ինչ հասարակ մահկանացուների համար դառնում է երջանկություն ու վայելք, Աստծո ընտրյալների համար ցավ ու անվերջ հատնումի դատապարտվածություն է: Արվեստը ցավի ծնունդ է, որ կոչված է ամոքել ցավը, եւ այս երկվությունը հավերժ է: Չապավինելով Աստծուն՝ նրանք չափազանց հաճախ ինքնակամ են հեռանում կյանքից՝ վերադառնալով այնտեղ, ուր ցավը նույնքան պայմանական է, որքան կյանքը: Եթե նրանց չեն սպանում, եւ երբ նրանք ինքնասպան չեն լինում, ապրում են երկար՝ կատարելով երկրի վրա Աստծուն ներկայացնելու ու Աստծուն փոխարինելու իրենց առաքելությունը, որ նրանց դարձնում է անկրկնելի ու անհամատեղելի այն ամենի հետ, ինչ իր գոյության հազարամյակներում մարդկությունը հնարել ու հաստատել է իբրեւ կեցության օրենքներ ու կանոններ: Նրանք ծնվում են սեփական օրենքները հաստատելու ու ապրում են իրենց օրենքների համաձայն: Նրանք միշտ օրինախախտ են ու միշտ օրենսդիր: Նրանց տրված է ավանդույթ խորտակելու ու ավանդույթ ստեղծելու կարողությունը: Նրանք միշտ ծնվում են կյանքի համար ամենաանապահով վայրում ու ամենաանապահով ժամանակում՝ բնության անհասկանալի ու անկանխատեսելի ուժերը նրանց կյանքի են կոչում վերահաստատելու խախտված հավասարակշռությունը, վերականգնելու կենսական էներգիայի կորուստը, փակուղիներում ելք դառնալու: Ավելի հաճախ նրանց հույսի, հավատի ու սիրո սահմանման մեջ են մեղադրում՝ խարույկների վրա այրելով, կրակահերթերով, կամ եռանկյունի տարածքի բոլոր անկյուններում անվերջ սեփական եսին բախվելուն դատապարտելով: Եթե նրանք հաղթահարում են սպիտակ թղթի, սպիտակ կտավի կամ պարզապես անդունդի սարսափը, մարդկությունը պարգեւատրվում է անկորչելի եւս մեկ արժեքով, որ կատարելության սանդուղքի մի աստիճանն է միայն: Իսկ ճակատագիր է: Եվ՝ ճանապարհ: Անրի Վեռնոյի երկրային ճանապարհը այլեւս հատվեց: 82 տարեկանում վախճանվելը հայի համար չգիտես պարգեւ է, թե պատիժ, որ հավասարապես ի վերուստ է սահմանված հայի իր տեսակի համար: Նա ծնվել էր, որ հանդիպեն զգացումը, բառը եւ միտքը, որ կինոն ունենա պատկերի, խոսքի ու ենթատեքստի շոշափելի առկայություն, այնքան շոշափելի, որ նույնիսկ հնարավոր չէ ավանգարդ կոչել ակնհայտ աննախադեպը: Կինոն նրա ինքնարտահայտման միակ հնարավորությունն էր: Եվ նույնիսկ նրա գրքերը դառնում էին գրված ու նկարահանված կամ չնկարահանված ֆիլմեր: Պարզապես կինոն նրա երակներում էր ու իր պարագայում ապրել նշանակում էր լինել կինոյում: Ցավոք, ռեժիսորներին իրենց ՄԻԱԿ ֆիլմը նկարահանել չի տրվում շատ հաճախ. Մալյանի «Կոմիտասը», Դովլաթյանի «Կարոտը», Փարաջանովի «Արա Գեղեցիկը» մնացին իբրեւ առասպելներ… Բայց եւ իրենք դարձան հայ կինոյի առասպելները… Անրի Վեռնոյը հայ կինոյի ֆրանսիական առասպելը ստեղծեց՝ «Մայրիկի» շուրթերով աշխարհին պատմելով սիրո ու գեղեցիկի իր հեքիաթը: Բայց «Մայրիկը» Աշոտ Մալաքյանի ֆիլմն էր, իսկ Անրի Վեռնոյը եղավ ու կայացավ իբրեւ ֆրանսիական արվեստի սեփականություն: Սա եւս մի պայմանականություն է, որովհետեւ արվեստը ունի հայրենիք, բայց չունի սահմաններ եւ նույնքան համամարդկային է, որքան՝ արեւը, ծովը, անձրեւը, քամին… Ապրած 82 տարիներին Անրի Վեռնոյը իր ֆիլմերով հաստատեց այն ճշմարտությունը, որ արվեստագետի ստեղծագործությունը դառնում է նրա կենսագրությունը՝ անկարեւոր դարձնելով ծնվել է-սովորել է-աշխատել է-պարգեւատրվել է-մասնակցել է- ապրում է… հարցաթերթիկային կենսագրությունը: Նույնիսկ՝ եթե այդ տարիներն ու թվերն են որոշել ստեղծագործության բովանդակությունն ու ձեւը: Արվեստագետը երկար ինքն է հարթում իր փառքի ճանապարհը, հետո փառքն է հարթում նրա ճանապարհը: Եվ լիակատար փառքի ու ճանաչման գագաթնակետին բավական է լինում միայն անունը, բայց դա տրվում է հազարներից միայն տասնյակների: Նրանք դառնում են դպրոց՝ իրենց հաջորդների համար: Եվ նրանց ֆիլմերի դպրոցն անցած հանդիսատեսին այլեւս դժվար է ապրել, ինչպես ապրում են բոլորը…8230 Նրանք ժամանում ու հեռանում են միայն իրենց հայտնի առաքելությամբ՝ ժամանակակիցներին ընձեռելով իրենց հասկանալու ու նույնիսկ մեկնաբանելու անշնորհակալ ու անհնար գործը: Եվ չկա ոչինչ ավելի հեշտ: Եվ չկա ոչինչ ավելի դժվար: 8230Իսկ կյանքը շարունակվում է, եւ բոլոր դեպքերում պետք է ապրել…8230 ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել