Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկային ձնագունդը մեծանում է

Հունվար 26,2002 00:00

Բանկային ձնագունդը մեծանում է Կենտրոնական բանկի նախագահի հայտնվելը Հանրային հեռուստատեսության կիրակնօրյա եթերում՝ անսպասելի չէր։ Հասարակությունը խիստ անհանգստացած է բանկային համակարգում վերջին ժամանակաշրջանում ստեղծված վիճակից։ Եվ երկրի գլխավոր բանկիրը հարկադրված էր ներկայանալ անհրաժեշտ բացատրություններով։ Սակայն նա հարկ համարեց հանդես գալ հավաստիացումներով. «Հայաստանի բանկային համակարգը վերջին 10 տարիների ընթացքում երբեւիցե այսքան կայուն չի եղել»,- բառացիորեն ասաց նա։ Փորձենք վերլուծել բանկային համակարգի մի քանի ցուցանիշներ՝ հենց այդ «կայունության» տեսանկյունից։ Այսօր բանկային համակարգը ներառում է 29 բանկ։ Բազմիցս մամուլում արդեն հրապարակվել է, որ դրանցից 8-ը գտնվում է սնանկացման գործընթացում՝ «Լենդ», «Ակունք», «Հայկապ», «Միավորված», «Տրաստ», «Ռիա», «Կրեդիտ-Երեւան» եւ «Կրեդիտ-Սերվիս»։ Ի դեպ, «սնանկացում» տերմինը թող ոչ ոքի չվախեցնի՝ սնանկացումը առաջին հերթին բանկի առողջացման համար արդյունավետ ճանապարհների որոնում է։ Այլ հարց է, թե դա ինչքանով է հաջողվում, իսկ հաջողության գլխավոր գրավականը համարվում է «հիվանդությանը» ժամանակին արձագանքելը։ Եթե բանկը հիվանդ է, ապա ուշացած սնանկացումը երկրաչափական պրոգրեսիայով մեծացնում է այն գինը, որը ուղղակի եւ անուղղակի ձեւով վճարում է ողջ հասարակությունը։ Այսպիսին է իրավիճակը վերը թվարկված բանկերի առնվազն կեսի դեպքում։ Եվ այսպես, 29-ից հանելով նշված 8 «հիվանդներին», առաջին հայացքից թվում է, որ մյուս 21-ը առողջ բանկեր են։ Արդյո՞ք դա այդպես է։ Փորձագետների գնահատմամբ, 21-ից առնվազն 5-ը գտնվում է հիվանդության «ինկուբացիոն» շրջանում, այսինքն՝ ճիշտ այն վիճակում, որում գտնվում էր վերը նշված 8 բանկը սնանկացումից 1-1,5 տարի առաջ։ Բավական է փոքր-ինչ շփվել վերը նշված բանկերից խաբված եւ ժամանակ առ ժամանակ Կենտրոնական բանկի շուրջ բողոքող ավանդատուների հետ, եւ բազմաթիվ ասեկոսեներ կլսեք այն մասին, որ իբր չափազանց դժվար ֆինանսական վիճակում են գտնվում «Հայներարտբանկը», «Ագրոբանկը», «Արդշինբանկը», «Միջինվեստբանկը», «Հայինվեստբանկը»։ Այս 13 բանկին է բաժին ընկնում ողջ բանկային համակարգի ակտիվների ավելի քան 40 տոկոսը եւ դա բնութագրում է բանկային համակարգի հիվանդության աստիճանը։ Համակարգային ճգնաժամի մասշտաբները պատկերացնելու համար հարկավոր է նկատի առնել, որ այսօր գործող բանկերը իրենց գործունեության տարիների ընթացքում կրել են մոտ 60 մլրդ դրամ կորուստ, որից 20 միլիարդը՝ միայն 2001 թվականին։ Ըստ «Առկա» լրատվական գործակալության հրապարակած տվյալների, անցյալ տարվա 9 ամիսների ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կանոնադիր հիմնադրամը ավելացել է՝ 29,5 մլրդ դրամից հասնելով 32,8 մլրդ դրամի, իսկ բանկերի ընդհանուր կապիտալը (սեփական միջոցները) 33,6 մլրդ դրամից նվազել են մինչեւ 20,3 մլրդ դրամ։ Այսինքն, հիվանդ համակարգը «կերել» է ոչ միայն բաժնետերերի ողջ ներդրումները, այլեւ մոտ 12,5 մլրդ ներգրավված դրամ, այսինքն ավանդատուների եւ հաճախորդների միջոցներից։ Եվ սա ընդամենը 9 ամիսների ընթացքում։ Ահա բանկային համակարգի իրական պատկերը։ Իսկ որո՞նք են այս վիճակի իրական պատճառները՝ անորակ բանկային մենեջմենթը, առեւտրային բանկերի ներքին վերահսկողական գործիքների եւ մեխանիզմների անկատարությունը, մի շարք խոշոր բաժնետերերի անգրագիտությունը, կվազիֆիսկալ խնդիրները բանկերի հաշվին լուծելու կառավարության քայլերը (միայն էներգետիկների պարտավորությունները բանկերի հանդեպ հասնում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի), համակարգը լիարժեք հասկանալու, տեղի ունեցող գործընթացներին համարժեք արձագանքելու եւ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու կենտրոնական բանկի անկարողությունը։ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել