Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍՏՎԱԾ ՎԵՃ ՉՈՒՆԻ»

Հունվար 26,2002 00:00

«ԱՍՏՎԱԾ ՎԵՃ ՉՈՒՆԻ» Ասում է Այաթոլլա Օզմա Յուսուֆե Սանեին 2001թ. դեկտեմբերի կեսերին լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը (Արմենպրես), «Կեսգիշերային ճեպընթաց» հաղորդաշարի ստեղծագործական խումբը եւ Արթուր Բախտամյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում էին։ Իրանի եւ իրանահայ համայնքի մասին նյութերով հարուստ էին նրանք վերադարձել։ Ճամփորդության օրերին նրանք հանդիպել էին նաեւ Այաթոլլա Օզմա Յուսուֆե Սանեին, որն իսլամական հեղափոխությունից հետո Իմամ Խոմեյնիի կողմից նշանակված հեղափոխության դատախազն էր։ Այաթոլլա Օզմա Յուսուֆե Սանեին Իրանի նշանավոր հոգեւորականներից է, հիմնադիրն է մարդու իրավունքների իսլամական կազմակերպության եւ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպան է։ Ներկայացնում ենք Այաթոլլա Օզմա Սանեինի հետ զրույցից հատվածներ, որոնք բավական հետաքրքիր կլինեն մեր ընթերցողների համար։ «Իրականում Իսլամը խաղաղասիրության եւ համակեցության կրոն է։ Իսլամ բառի իմաստը հենց դա է։ Մահմեդականը նա է, ում խոսքն ու բազուկը չեն անհանգստացնում ուրիշներին։ Իսլամում մահմեդականների կողմից քրիստոնյաներին սպանելու խնդիր չի եղել։ Ուրիշ է օսմանյան խնդիրը, որը իշխանության խնդիր է. հայերի ցեղասպանությունը քննադատելի է, քանի որ դա եղել է կոտորում եւ սրբապղծություն։ Աստծո կամքով պետք է հասնենք նրան, որ բոլորն ապրեն միասին, իսկ ոճրագործները վերանան մարդկային հասարակությունից»,- ասում է Այաթոլլա Օզմա Յուսուֆե Սանեին։ Իրանի նշանավոր հոգեւորականի գործունեության մեջ, ինչպես նշեցինք, մեծ տեղ է զբաղեցնում մարդու իրավունքների խնդիրը, որի կապակցությամբ նա նշել է. «Իսլամը ե՛ւ իր դրույթների, ե՛ւ իր կանոնների տեսակետից ոչ մի մարդու հանդեպ բռնություն չի գործադրել եւ չի գործադրում, եւ Իսլամում ոչ մի խտրականություն չկա՝ ոչ ազգային, ոչ աշխարհագրական, ոչ ռասայական։ Ես վաղուց էի այս կարծիքին, իսկ վերջին 7-8 տարիների ընթացքում սկսեցի ավելի խոր ուսումնասիրել իսլամական իրավագիտությունը, որը հիմնվում է «Ռեսալեյե ամալիեի», այսինքն՝ «Ուղեցույց Գործոց եւ Վարքի» Սուրբ գրքի վրա, որն էլ Ղուրանից հետո ամենասուրբ եւ կարեւոր գիրքն է։ Ներկայացնեմ մի քանի օրինակներ եւ խնդիրներ եւ դրանց լուծումներն ու դրույթները։ Ովքեր ապրում են Իրանում, գիտեն, որ ըստ մեր օրենքների, մահմեդականների եւ ոչ մահմեդականների մաքրության եւ պղծության հարցը կա։ Այսինքն՝ մենք մեզ մաքուր էինք համարում, իսկ ոչ մահմեդականներին համարում էինք, որ նրանք նույն մաքրությունը չունեն։ Եթե նրանք մի բաժակով թեյ էին խմում, կարծում էինք, որ այդ բաժակը պղծվել է եւ չպետք է օգտագործել։ Այսօր, պետք է ձեզ ասեմ, որ ես բոլոր մարդկանց նույնպիսի մաքրության մեջ եմ տեսնում, այսինքն՝ մարդկանց մեջ խտրականություն չպետք է լինի եւ չպետք է մեզ համարենք ավելի մաքուր մեկ ուրիշից, որի դավանանքն այլ է։ Մենք համարում ենք, որ մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների, զրադաշտների, մարքսիստների միջեւ ոչ մի տարբերություն չկա։ Սա է թելադրում մեր ուսմունքը, գիտակցությունն ու միտքը։ Ռամազանի ավարտից մի քանի օր առաջ ես գրեցի այս մասին։ Եվս մեկ տեսակետ։ Երբ ոչ մահմեդականները կով կամ ոչխար են մորթում, մենք այդ միսը չենք ուտում։ Սա է մեր աստվածաբանների եւ իսլամական իրավաբանների ուսմունքը։ Չեմ ուզում ասել, որ նրանք մեղավոր են, դա նրանց տեսակետն է։ Սակայն ես հասել եմ այն բանին, որ եթե մորթելիս արտաբերվի Աստծո անունը, մորթը մեր բոլորիս համար հալալ կլինի եւ մենք կարող ենք այն ուտել։ Ես, նվաստս, ասում եմ, որ կենդանին մորթելիս քրիստոնյայի, անգամ մարքսիստի կողմից, որը չի ընդունում Աստծո գոյությունը, ինչ լեզվով էլ որ ասվի Աստծո անունը, այդ միսը, իմ կարծիքով, հալալ է եւ կարելի է օգտագործել։ Սա շատ խճճված խնդիր էր, որը մենք լուծեցինք։ Կտակի հարցը նույնպես խճճված է։ Համաձայն օրենքի, եթե մի քրիստոնյա երիտասարդ մահմեդական դարձավ, իր հոր մահից հետո մահացողի ողջ ունեցվածքը ժառանգում է միայն մահմեդական որդին, իսկ քրիստոնյա մյուս որդիներին կամ հարազատներին ոչինչ չի տրվում։ Ես ասում եմ, որ նրանք, ովքեր իրար ազգական են, անկախ կրոնից, կարող են միմյանց ժառանգորդ հանդիսանալ։ Կտակի հիմքը բարյացակամությունն ու ազգակցականությունն է։ Ես հայտնում եմ իմ տեսակետը, սակայն դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի այն իրագործվի Իրանում։ Սովորաբար ասվում է, որ եթե ոչ մահմեդականը սպանի մահմեդականին, ապա սպանվածի երեխաները վրեժի իրավունք ունեն եւ կարող են սպանել ոչ մահմեդականին, իսկ հակառակը՝ երբեք։ Ես սկսեցի ուսումնասիրել կրոնական սկզբունքները՝ Ղուրանում գրվում է, որ բոլոր մարդիկ հավասար են երկնային օրենքի առջեւ եւ չկա մի տեղ, ուր գրված լինի, որ մահմեդականի եւ ոչ մահմեդականի միջեւ տարբերություն կա։ Կարծում եմ, որ բոլոր աստվածաբանների ամենամեծ ծառայությունը Աստծուն այն է, որ նստեն եւ մտածեն կրոնական սկզբունքների շուրջ։ Գուցե ինչ-որ հարցեր հենց հիմա չգտնեն իրենց լուծումները, բայց կյանքի կկոչվեն 50-100 տարի հետո, քանի որ մարդկությունը գնում է դեպի կատարելություն։ Նման բաների մասին 50 տարի առաջ նույնիսկ չէինք կարող խոսել հոգեւոր ճեմարաններում։ Երբ առաջին անգամ ես արտահայտեցի իմ տեսակետը, այն ենթարկվեց խստագույն հարձակման։ Աստծո կամոք եւ Իսլամական հեղափոխության հիմնադրի ուշադրությունը վայելելու շնորհիվ էր, որ կարողացանք այսպես խոսել, որի համար շատ ուրախ եմ։ Ես ասում եմ, բոլոր կրոնների հետեւորդներին՝ «Իսլամի տեսանկյունից մահմեդականների եւ ոչ մահմեդականների միջեւ ոչ մի իրավական խտրականություն չեմ տեսնում՝ ոչ իրենց պարտքի, ոչ վրեժխնդրության, ոչ կտակի, ոչ ամուսնության, ոչ մաքուր կամ անմաքուր լինելու մեջ։ Աշխարհը մեկ օրենք ունի եւ մեկ դրոշ. դա արդարության դրոշն է։ Մենք հուսով ենք՝ կգա այդ օրը եւ կեղեքումը կվերանա աշխարհից։ Բռնությունները իշխանությունների կողմից են առաջացել, որոնց նպատակը մարդկանց միջեւ խռովություն մտցնելն է, որից կարող են իրենք օգտվել։ Դրա օրինակը թալիբներն ու բեն Լադենն են։ Իսլամի եւ կրոնի անվան տակ նրանք ինչ հարվածներ ասես, որ չհասցրին Իսլամին»։ Այաթոլլա Օզմա Յուսուֆե Սանեին հուսով է, որ «Աստծո կամոք Իսլամական խորհրդի ժողովում մի օր այսօրվա պահանջները կվերափոխվեն օրենքի»։ Պատրաստեց ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ Իրանի մասին լուսանկարչական ռեպորտաժը՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել