Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀ-ՎԱՐՉԱՊԵՏ ՏԱՆԴԵՄԸ

Հունվար 26,2002 00:00

ՆԱԽԱԳԱՀ-ՎԱՐՉԱՊԵՏ ՏԱՆԴԵՄԸ Նախագահն իր նախընտրական արշավն, ըստ էության, սկսել է 40 հազար բացված աշխատատեղերի, 9% տնտեսական աճի եւ, ինչու չէ, սահմանադրական «բարեփոխումների» «բմբուլե բարձ» դնելով միջազգային կառույցների եւ հանրության գլխի տակ։ Այնուամենայնիվ, թե՛ նախագահը, թե՛ նրա մերձավոր շրջապատը քաջ գիտակցում են, որ նման «թոզփչոցը» ինքնին ոչինչ է, եթե վերջինս չունի իր թիկունքում ո՛չ ժողովուրդ, ո՛չ կուսակցություն, ո՛չ էլ, առավել եւս տվյալ պահին իրեն աջակից կառավարություն՝ ի դեմս վարչապետի։ Արտաքուստ այո, ներկայիս վարչապետը կարող է ձեռնտու թվալ նախագահին. կրավորական կեցվածք, միջակ մտավոր կարողություններ եւ, ամենակարեւորը, հանրության աչքին նա ոչինչ է (հիշենք, եթե կարող ենք հիշել՝ ո՞վ էր Անդրանիկ Մարգարյանը…)։ Իր անձով հասկանալիորեն բարդութավորված նախագահի դեպքում այս անորակությունն, անշուշտ, վարչապետ մնալու անհրաժեշտ պայման է, բայց ո՛չ երբեք նախընտրական մեկնարկից առաջ, երբ խնդիրները փոխվում են, եւ նախագահի միակ «շանսը» հանրությանն ապացուցելն է, որ ինքն իսկապես աշխատում է։ Այս դեպքում ամենաբարդութավորված նախագահին անգամ հարկ է, որ աջակցի ուժեղ եւ գործունյա կառավարություն։ Մինչդեռ ներկայիս կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, ուղղակի ձեւով վարկաբեկում է նախագահին՝ իր ապաշնորհ գործունեությամբ առաջ բերելով թե՛ ողջ ժողովրդի, թե՛ ֆինանսական միջազգային դոնոր կառույցների (առանց որոնց դժվար է պատկերացնել երկրում վիճակը) դժգոհությունը։ Հիշենք միայն, թե անցյալ տարեկեսից ինչ ցնցումների մեջ հայտնվեց մեր՝ առանց այդ էլ խղճուկ պետբյուջեն. արդյունքում բյուջետային հիմնարկների աշխատողները, նպաստառուներն ու կենսաթոշակառուները 4 եւ ավելի ամիսներ ոչինչ չէին ստանում եւ այս երեւույթը շարունակական է։ Թող պրն նախագահը բարի լինի փաստերը ճշտելու ոչ թե վարչապետից, այլ իրեն իսկապես հավատարիմ մարդկանցից եւ հենց ժողովրդից։ Այո՛, նման վարչապետ ունենալը կասկածի տակ է առնում եւ նախագահի հնարավորությունները՝ երկիրը դուրս բերելու սոցիալական ու տնտեսական ճգնաժամից։ Համընդհանուր դժգոհությունը կառավարությունից ու, մասնավորապես, վարչապետից, բնականորեն ուղղվում է նախագահին՝ վերաճելով վերջինիս նկատմամբ անվստահության։ Հենց թեկուզ այն պատճառով, որ նախագահը քայլեր չձեռնարկեց վարչապետի նկատմամբ անցյալ տարում բյուջեի հարկային մուտքերը պարբերաբար ձախողելու (հիշենք՝ կառուցվածքային եւ կադրային «վարչապետական բարեփոխումների» արդյունքում), աշխատավարձերն ու նպաստները ուշացնելու եւ նույնիսկ մինչ օրս զգալի մասին չվճարելու համար, միջազգային կազմակերպությունների (մասնավորապես՝ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի) արդարացի դժգոհության ու հետո նրանց ոտքն ընկնելու համար։ Նախագահը նաեւ հարց չտվեց իր վարչապետին, թե այդ ինչպե՞ս է, որ տնտեսությունն 9%-ով աճում է, իսկ ժողովուրդն ավելի է աղքատանում, կոռուպցիայի դեմ ես պայքարում, բայց սոցիալական բեւեռացումն է խորանում, արտագաղթը՝ մեծանում (երկրում մնացածների տոկոսային հարաբերությամբ պետք է հաշվարկել)։ Եվ այս վարչապետի հետ է նախագահը նախընտրական մեկնարկի ելնում՝ զարմանալիորեն չհասկանալով, թե ժողովուրդն ինչո՞ւ չի ծափահարում։ Նաեւ չմոռանանք Անդրանիկ Մարգարյանի վարչապետ դառնալու հանգամանքները։ Չէ՞ որ նա նախագահի մարդը չէ։ Իսկ վերընտրվելու հավակնություններ ունեցող Քոչարյանի համար իսկը ժամանակն է ազատվելու վերջինից եւ ձեռք բերելու գործունյա, ազդեցիկ համախոհ, որը նաեւ կլինի ի՛ր մարդը։ Չէ՞ որ նախագահը չունի կուսակցություն, եւ նրան մնում է ամեն գնով շահել ժողովրդի սիրտը։ Իսկ ճանապարհը մեկն է՝ ի դեմս վարչապետի ունենալ մի կառավարություն, որը մի քանի ամսում իսկապես տեղաշարժ կարձանագրի տնտեսության մեջ եւ սոցիալական կյանքում։ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ Այնուամենայնիվ, կարծում ենք, որ նախագահ Քոչարյանի եւ իր գործունեության ամենամեծ թերությունը վարչապետ Մարգարյանը չէ։ Եվ նախագահին ձայն չտալու պատճառների մեջ նա գլխավոր տեղը չէ, որ զբաղեցնում է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել