Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՊԱՏԱԿ ԵՆՔ ԴՐԵԼ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԲՈԼՈՐ ՍՈՑԻԱԼԻՍՏԱՄԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Հունվար 26,2002 00:00

«ՆՊԱՏԱԿ ԵՆՔ ԴՐԵԼ ՀԱՄԱԽՄԲԵԼ ԲՈԼՈՐ ՍՈՑԻԱԼԻՍՏԱՄԵՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ» «Առավոտի» հարցազրույցը Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ, «Սոցիալիստական Հայաստան» միավորման կապերի պատասխանատու Ջորջ Հակոբյանի հետ -Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական դաշտը եւ դրանից բխող ի՞նչ խնդիրներ է դնում իր առջեւ «Սոցիալիստական Հայաստան» միավորումը միջկուսակցական ոլորտում։ – Հայաստանի ներքաղաքական դաշտի գնահատականը վաղուց արդեն տրվել է։ Ես կխոսեմ միայն «Սոցիալիստական Հայաստան» միավորման անելիքների մասին։ Մինչ այդ, ես կուզեի շեշտել հետեւյալ հանգամանքը։ Վերջին տարիներին Հայաստանի կուսակցություններից շատերը մասնատվել են, բաժանվել։ Ծնունդ են առել բազում արհեստածին կուսակցություններ, որոնք կատարում են այս կամ այն իշխանավորների քաղաքական պատվերը։ Գրանցվելուց հետո դրանցից շատերը այլեւս ոչ մի տեղ չեն երեւում։ Այդպիսիների մասին ասում են՝ անունը կա, ամանում չկա։ Եվ ահա այդ բաժանմանը զուգընթաց, հանկարծ միավորվում են կուսակցությունները։ Սկզբում «Սոցիալիստական Հայաստանում» միավորվեցին երկու կուսակցություն եւ երկու միավորում։ Այժմ միավորմանն է միացել երկու կուսակցություն եւս։ Շուտով մենք կհայտարարենք միությանը միացած երկու-երեք նոր կուսակցությունների անուններ եւս։ Ինչպես տեսնում եք, երկրի քաղաքական դաշտի պառակտումների կողքին կյանքի ուղեգիր է ստանում նաեւ հասարակական-քաղաքական կուսակցությունների միավորում, որոնց գաղափարական դավանանքը նույնն է՝ դեմոկրատական սոցիալիզմը։ – Միջկուսակցական աշխատանքի ինչպիսի՞ գործելաոճ է որդեգրելու «Սոցիալիստական Հայաստան» միավորումը։ – Մենք մեր առաջ նպատակ ենք դրել համախմբել բոլոր սոցիալիստամետ կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, ինչպես նաեւ հայտնի անկուսակցական մտավորականների, եւ սահմանադրական ճանապարհով կատարել համակարգային փոփոխություններ։ Սակայն սա չի նշանակում, թե «Սոցիալիստական Հայաստանի» դռները փակ են։ Ամենեւին ո՛չ։ Մենք պատրաստ ենք համագործակցության եզրեր փնտրել ազգային, հայրենասիրական այն բոլոր ուժերի հետ, որոնց համար թանկ է հայրենիքը, հայոց պետականությունը, ժողովրդի անվտանգությունը։ – Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ չկա կուսակցություն, որի հետ «Սոցիալիստական Հայաստանն» ընդհանրապես չի համագործակցելու։ – Այս հարցին կարծես թե պատասխանեցի։ Ավելացնեմ միայն, որ մենք բացառում ենք համագործակցությունը գաղափարազուրկ արեւմտածին այն միավորների հետ, որոնք հանդես են գալիս որպես քաղաքական առեւտրի գործակալներ։ Մեր դռներն ընդմիշտ փակ են այդպիսիների համար։ – Որքանո՞վ է իրատեսական Ձեր առաջադրած խնդիրների լուծումը Ձեր իսկ պատկերած անմխիթար իրավիճակում։ – Մենք քաջ գիտակցում ենք, որ այդ ամենը իրագործելու համար անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան մթնոլորտ, ինչին, հատկապես վերջին տարիներին, ամենեւին չէր նպաստում նաեւ իշխանությունների դիրքորոշումը։ Այդ մթնոլորտի ստեղծման բեռն ընկնում է նախեւառաջ հենց իրենց քաղաքական կոչմանը չդավաճանած կազմակերպությունների վրա, եւ նրանք ի զորու են այդ խնդիրը լուծել՝ համագործակցելով այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ ցանկացած ազգային ուժերի մոտ չկա եւ չի էլ կարող լինել էական տարաձայնություն։ Այդպիսին են ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ Արցախի հարցերը։ Այդ, ինչպես նաեւ երկրի ընդհանուր նկարագրի հետ առնչվող հարցերի շուրջ մենք մոտակա ժամանակներս նախատեսում ենք ակտիվացնել մեր խորհրդատվական հանդիպումները մի շարք կազմակերպությունների հետ, հատկապես որ այդ ճանապարհին մենք արդեն ունենք արժեքավոր ձեռքբերումներ՝ արդյունավետ բանակցություններ Հայաստանի ժողովրդական եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ։ Առաջինների հետ մենք նշմարեցինք սոցիալական ոլորտում կոնկրետ ընդհանուր գործողությունների հետաքրքիր հնարավորություններ։ «Հանրապետության» հետ հանդիպումները եւ շփումները մենք նույնպես կարեւորում ենք։ Սոցիալիզմի տարրեր անվերապահորեն պարունակող հայ ազգային արժեքների պահպանման ջատագովը լինելով՝ այս կուսակցությունը գաղափարապես լրացնում է մեր հիմնական դրույթներից մեկը, որի համաձայն սոցիալիզմը բխում է մեր ազգի արմատական սկզբունքներից եւ ձգտումներից։ Հուսով ենք, որ ոչ պակաս արդյունավետ կլինեն եւ ակնկալվող միջկուսակցական հանդիպումները, որ դրանք կխթանեն գաղափարական փոխհարստացման ընթացքը եւ ներքաղաքական շփումների կուլտուրայի հաստատումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել