Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան չպահանջեց պարտքերը

Հունվար 26,2002 00:00

Մոսկվան չպահանջեց պարտքերը Այստեղ հարաբերություններն ավելի գործընկերային են եւ ոչ ճորտատիրական Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախօրեին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հայտարարել էր, թե 2002-ը կդառնա Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների խորացման տարի: Այդ ուղղությամբ առաջին քայլը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, եղել էր 2001-ի հունվարին նախագահ Պուտինի Ադրբեջան կատարած այցը, որը դարձել էր երկկողմ հարաբերությունների անշրջելիության գրավական: Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների համար քննարկման արժանի բազմաթիվ հարցեր էին կուտակվել, որոնք, ըստ էության, Պուտինի Բաքու կատարած այցի տրամաբանական շարունակությունն էին դառնալու: Խոսքն, անշուշտ, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի կարգավիճակի, Կասպից ծովի բաժանման, Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրի, տնտեսության, ռազմատեխնիկական, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներին վերաբերող այլ խնդիրների մասին է: Երկու նախագահների բանակցությունների արդյունքում ի սկզբանե նախատեսվում էր ստորագրել երկու կարեւորագույն փաստաթուղթ, որոնք, ըստ փորձագետների, դառնալու են Մոսկվայի եւ Բաքվի միջեւ տնտեսական հարաբերությունների եւ համագործակցության հիմքը՝ առաջիկա 10 տարվա ընթացքում: «Երկու երկրների որոշակիորեն սառը հարաբերությունները նոր միտումներ են արձանագրում»,- նշում են ռուս փորձագետները: Երեկ երկու երկրների միջեւ մինչեւ 2010թ. տնտեսական երկարաժամկետ համագործակցության մասին պայմանագիրը կնքվեց: Ստորագրվելիք փաստաթղթերից մեկով նախատեսվում է Ադրբեջանում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը հանձնել Ադրբեջանին իբրեւ սեփականություն՝ Ռուսաստանին երկարաժամկետ վարձակալության եւ օգտագործման տալու պայմանագրով: Հիշեցնենք, որ այն Ադրբեջանում միակ ռուսական ռազմական օբյեկտն է: Երեկ երկու նախագահներն էլ անդրադարձան այդ խնդրին եւ գոհունակություն հայտնեցին, թե խնդրի առնչությամբ պայմանավորվածությունները ձեռք են բերվել, եւ նախատեսված համաձայնագիրը՝ «Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի կարգավիճակի, սկզբունքների եւ պայմանների մասին», եւս ստորագրվեց: Հ.Ալիեւի այցին ռուսական լրատվամիջոցները լայնորեն արձագանքեցին՝ բազմիցս ընդգծելով, թե երկու նախագահների բոլոր ու մասնավորապես՝ նաեւ դեմ առ դեմ հանդիպումներն անցնում են ջերմ եւ բարեկամական մթնոլորտում: Հատկապես շեշտվում էր Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հարաբերությունների հստակեցման խնդիրը: Մի բան, որ նույն ԶԼՄ-ների գնահատմամբ, աննախադեպ է: Ե՛վ Հ.Ալիեւը, ե՛ւ Վլ.Պուտինը երեկ գոհունակություն հայտնեցին նաեւ Կասպից ծովի բաժանման խնդրի շուրջ բանակցությունների առիթով: Ինչպես Ալիեւն է նշել իր խոսքում՝ այդ հարցում Ռուսաստանն ու Ադրբեջանը միեւնույն մոտեցումներն ունեն: Նախագահների քննարկմանն է արժանացել նաեւ Ադրբեջանում ռուսաց լեզվի հարցը: Պուտինն անգամ քծնել է Ալիեւին՝ «եթե Ադրբեջանում բոլորն այնպես ռուսերեն իմանային, ինչպես իրենց նախագահը՝ բոլորը միայն երջանիկ կլինեին»: Անշուշտ, բանակցությունների ընթացքում կարեւորվել է նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Լրագրողներին տրված ճեպազրույցի ժամանակ նախագահ Պուտինն ասել է, թե Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Ավելին, նա կրկնել է դեռեւս Հայաստան կատարած այցի ժամանակ հայտնած այն տեսակետը, որ փոխզիջման հիման վրա խաղաղ պայմանագիրը չպետք է դառնա հաղթողների եւ պարտվողների ջրբաժան: Վլ.Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է «ամենասուր հակամարտության» արագ կարգավորման հարցում, քանի որ ձգտում է զարգացնել իր հարաբերությունները ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ: Ալիեւն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Մոսկվան հակամարտության կարգավորման գործում կարեւոր եւ որոշիչ դեր կխաղա: Ադրբեջանի նախագահի այցի արդյունքում՝ երեկ երկու նախագահները ստորագրել են 7 երկկողմ փաստաթուղթ, այդ թվում՝ քաղաքական Համատեղ հայտարարություն: Ադրբեջանի նախագահի եռօրյա այցը Մոսկվա շարունակվում է: Դրա արդյունքներին մենք դեռ կանդրադառնանք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել