ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊԱՇՏՊԱՆՈՒՄ» ՄԱՄՈՒԼԸ Հաշվի առնելով, թե լրագրողների դեմ ոտնձգությունների նկատմամբ դատախազությունը մշտապես ինչ վերաբերմունք է դրսեւորում՝ ուղղակի հուզիչ էր կարդալ Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներից մեկը։ Մուշեղ Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ նշված է, որ նա «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, առանձին հանդգնությամբ խափանել է Մ. Մկրտչյանից հարցազրույց ստացող «Նովոյե վրեմյա» լրագրի թղթակից Լուսինե Վահրամյանի աշխատանքը եւ հայհոյել նրա հետ այնտեղ գտնվող Մ. Մկրտչյանին, պահանջել է հեռանալ սրճարանից»։ Կարդալով այս տողերը հաստատ որոշեցի, որ այսուհետ միշտ դիմելու եմ դատախազություն՝ հենց որ մեկը փորձի խոչընդոտել լրագրողական գործունեությանս կամ հենց որ հերթական անգամ կեղտոտ հերյուրանքներ եւ զրպարտություններ հրապարակեն «Առավոտի» գործընկերներիս եւ իմ հասցեին։ Որպես սկիզբ՝ կարող եմ դիմել դատախազությանը, որ գործ հարուցեն Պարույր Հայրիկյանի դեմ, որը ոչ թե ինչ-որ սրճարանից, այլ պետական հաստատությունից դուրս հրավիրեց՝ խոչընդոտելով լրագրողի աշխատանքը։ Դատախազությունն անպայման գործ կհարուցի, չէ՞։ Գրպանդ լա՜յն բաց արա։ Կարելի է կարծել, նրանք չե՞ն կարդում այն թերթերը, որոնք Աստծո ամեն օր իրենց էջերը «զարդարում են» մարդկանց անձն ու արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներով։ Կարծում եմ, որ հազարավոր տպաքանակներով հրապարակված հայհոյանքը հասարակական կարգին նետված ավելի կոպիտ մարտահրավեր է, քան 2-3 հոգու միջեւ սրճարանային խոսակցությունը։ Ուրեմն, ինչո՞ւ դատախազությունն ինքն այս դեպքում գործ չի հարուցում՝ չէ՞ որ Լուսինե Վահրամյանն էլ, հաստատ, այն դեպքում չի դիմել նրանց։ Կամ թեկուզ այն լրագրողներն էլ, որ դիմում են դատարանին՝ փորձելով պաշտպանել տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը՝ որեւէ արդյունքի հասե՞լ են։ Հերթո՛վ մերժվում են նրանց բոլոր հայցերը։ … Լեհաստանի պաշտպանության նախարարություն այցի ժամանակ, ՆԱՏՕ-ի Դեպարտամենտի ներկայացուցիչ գնդապետը, ցույց տալու համար, որ պատրաստվել է հայերի հետ հանդիպմանը, թղթապանակից հանեց Հայաստանի մասին ինտերնետային նյութեր։ Ինձ մեկնեց «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) միջազգային կազմակերպության զեկույցը Հայաստանի մասին։ Այստեղ ներառված էր ե՛ւ այն, որ «Արմենպրեսի» աշխատակիցները ստիպված էին գործադուլի դիմել, որպեսզի ստանան իրենց աշխատավարձերը, ե՛ւ Նիկոլ Փաշինյանին մեկ տարվա պայմանական ազատազրկման դատապարտելը, ե՛ւ «Ա1+»-ի թղթակից Մհեր Արշակյանին Արկադի Վարդանյանի հետ կալանավորելը, ե՛ւ «Նոյյան տապանի» եթերի ընդհատումը… Բայց առավել հանգամանալից անդրադարձել էին անկախ լրագրող Վահագն Ղուկասյանին ՆԳՆ-ում ծեծի ենթարկելու դեպքին։ Առավել մանրամասն դրան կանդրադառնանք նաեւ մենք, քանզի այս պատմությունը հրաշալիորեն վկայում է, թե որ դեպքում են մեր իշխանությունները հանկարծ ու դառնում մամուլի պաշտպան, իսկ որ դեպքում են ձեւանում խուլ ու կույր։ CPJ-ն հիշեցրել էր, որ 2000 թ. հունիսի 6-ին Վահագն Ղուկասյանին տարել են ՆԳՆ, հարցաքննել եւ ծեծի ենթարկել՝ վրդովված նրա հրապարակումներից։ Լրագրողն այս կոմիտեի ներկայացուցիչներին ասել է, որ իրեն երկու ժամ շարունակ ծեծել էին՝ խփելով գլխին, վզին, փորին, մեջքին։ CPJ-ն այս դեպքի առնչությամբ հունիսի 19-ին նամակ էր ուղարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ հայտնել իր բողոքն ու մտահոգությունը։ Բայց սա ոչ առաջին նման նամակն էր նախագահին ու նրա թիմակիցներին, ոչ էլ վերջինը։ Վահագն Ղուկասյանին ծեծի ենթարկելու դեպքը ներառված է նաեւ «Amnesty International»-ի զեկույցներում։ Ավելին, այստեղ անդրադարձներ կան նաեւ նրա հրապարակումներից հետո ստացված ահազանգերին եւ արհեստանոցի հրկիզմանը։ «Amnesty»-ն շատ ավելի լավատեղյակ է այն ամենին, ինչ 2000 թ. հունիսի 6-ին կատարվել է ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչությունում (որի պետ Հրաչյա Հարությունյանի հրահանգով եւ այնտեղ էին տարել Վահագն Ղուկասյանին), քան այդ մասին հրապարակվել է հայաստանյան մամուլում։ Ահա մի հատված «Amnesty»-ի 2001 թ. մայիսի 2-ի տեղեկագրից. «ՆԳՆ-ի բարձրաստիճան սպան, որը հիշատակված էր գրքույկում (խոսքը Ղուկասյանի «Դիտորդի վարկածը» գրքույկի եւ այնտեղ հիշատակված Հրաչյա Հարությունյանի մասին է.- Ա. Ի.) սպառնացել էր Վահագն Ղուկասյանին պահել նախարարությունում եւ քրեական գործ հարուցել նրա դեմ։ Երբ Ղուկասյանը հարցրել է, թե ինչ հիմքով, պաշտոնատար անձն, ասում են, պատասխանել էր. «Թմրադեղ պահելու կամ բռնության համար։ Փողոցային ցանկացած պոռնիկ վկայություն կտա, որ դու նրան բռնաբարել ես»։ «Amnesty International»-ը պնդել էր, թե իրենց հայտնի են այն երկու պաշտոնատար անձանց անունները, որոնք հարցաքննել են Ղուկասյանին։ Ավելին, այս կազմակերպությունը տեղյակ էր, որ դեպքից 3 օր անց Վահագն Ղուկասյանը զննվել էր թիվ 19 պոլիկլինիկայում, որտեղ արձանագրել էին նրա մարմնի, ձեռքի եւ ճակատի վրա առկա վնասվածքներն ու քերծվածքները։ Միամիտ հարց տանք, թե ինչո՞ւ նրան դատաբժշկական փորձաքննության չէին ենթարկել. չէ՞ որ այս պատահարի մասին անմիջապես հրապարակվեց մասնավորապես «Առավոտում»։ Սակայն իշխանությունները եւ նրանց հլու-հնազանդ իրավապահները որեւէ կերպ չարձագանքեցին ոչ միայն մամուլին։ Նրանք, ըստ էության, համառորեն անտեսում են նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պահանջները՝ անաչառ քննություն անցկացնել եւ պատժել մեղավորներին։ «Amnesty»-ն, ասենք, բազմաթիվ նամակներ է հղել ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին, ե՛ւ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, ե՛ւ ներքգործնախարար Հայկ Հարությունյանին։ Միայն այս տարվա սկզբից արդեն 5 նամակ է եկել նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովին՝ էլ Հոլանդիայից, էլ Անգլիայից, էլ Չեխիայից… Դրանք բոլորը հանձնաժողովը պարտաճանաչորեն ուղարկում է Գլխավոր դատախազությանը։ Իսկ այնտեղից ծպտուն իսկ չկա։ Հո չե՞ն պատասխանելու, որ նախաքննության մարմինը, կասեցնելով, ասենք, Վահագն Ղուկասյանի արհեստանոցի հրկիզման գործը, անգամ տուժողին տեղյակ չէր պահել կասեցման հիմքերի մասին՝ փաստորեն զրկելով նրան բողոքարկման հնարավորությունից։ Եվ կամ՝ հո չե՞ն գրելու, թե ինչ-որ մի լրագրողի ծեծելու համար Հրաչյա Հարությունյանին երբեք չեն դատելու։ Նա հո Մուշեղ Սաղաթելյա՞նը չէ, որ «առանձին հանդգնությամբ», ավելին՝ առանձնակի դաժանությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորյալ եւ ծանրացուցիչ հանգամանքներում խափանել է հարցազրույց «ստացող» լրագրողի աշխատանքը։ Այնպես որ՝ պե՞տք է մեր իշխանություններին ինչ-որ մեկին պատժել՝ լրագրողների դեմ գործված զանցանքներն էլ պետք կգան։ Պե՞տք է «Amnesty»-ի եւ այլ իրավապաշտպանների կարծիքը հաշվի առնել, ասենք, մահապատիժը վերացնելու եւ Նաիրի Հունանյանին տված խոստումը կատարելու համար՝ միջազգային կարծիքը կվկայակոչեն։ Իսկ եթե այս ամենը չի բխում իրենց շահերից՝ ուրեմն, լրագրողների վրա էլ, միջազգային կազմակերպությունների վրա էլ թը՛-քա՛ծ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ