Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառը լավատես է

Հունվար 26,2002 00:00

Վեհափառը լավատես է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, պատասխանելով Անթիլիասի կողմից հրահրվող խմորումների, Կանադայում թեմի ստեղծման եւ այլնի վերաբերյալ «Առավոտի» հարցերին, մասնավորապես ասաց. «Ինչպես արդեն ծանուցել ենք, մենք մեր մտահոգությունն այդ առնչությամբ արտահայտել ենք Գերագույն հոգեւոր խորհրդի գրությամբ՝ ուղղված Արամ Առաջին կաթողիկոսին եւ ներկայիս աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանանք փոխհասկացողությամբ լուծել այդ խնդիրը եւ մեր երկու աթոռների միջեւ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, հարաբերությունները լինեն եղբայրական եւ մեր համագործակցությամբ կարողանանք լավագույնս իրականացնել մեր ժողովրդի կյանքից ներս մեր եկեղեցու առաքելությունը»։ Փաստորեն, սովորություն է դարձել Հայոց եկեղեցու երկու թեւերի միջեւ առճակատումը։ Թվում էր, խնդիրները առժամանակ հեռու վանվեցին, կաթողիկոսական ընտրությունները 1999-ի հոկտեմբերի 27-ին անցան առանց (կամ՝ թույլ արտահայտված) եկեղեցական անհամաձայնությունների, սակայն նորից խմորումներ կան։ Ի՞նչն է մեզ անընդհատ խանգարում, եկեղեցին անգամ միասնական չէ։ Մեր այս դիտարկմանը Վեհափառ տերը չհամաձայնեց. «Չպիտի ասեի, որ մենք դժվարություններ ունենք։ Անշուշտ, եկեղեցական կյանքից ներս եւ ազգային կյանքից ներս միշտ էլ հարցեր են առաջանում, որոնք պահանջում են լուծումներ, եւ բնական պետք է դիտել աշխատանքային գործընթացի մեջ ծառացած խնդիրները, հարցերը, որոնք եւ փոխհասկացողության, եղբայրական սիրո մեջ պիտի իրենց լուծումները գտնեն։ Մասնավոր կարգով ես մտահոգություն չեմ ապրում, կարծում եմ, որ պիտի կարողանանք հարցերը հարթել»։ Փաստորեն, Ամենայն Հայոց կաթողիկոսը մտահոգություն չունի եւ լավատես է, որ եկեղեցու երկու թեւերի առճակատում տեղի չի ունենա։ Թերեւս Գերագույն հոգեւոր խորհրդի գրության պատասխանը, ուղղված Արամ I կաթողիկոսին, կստացվի առաջիկա շաբաթների ընթացքում։ Մինչ այդ, Ամենայն Հայոց կաթողիկոսը փոխհասկացողության կոչ է անում եւ հույս է հայտնում, որ Հայոց երկու կաթողիկոսությունների միջեւ հարաբերությունները կլինեն եղբայրական։ Ամենայն Հայոց կաթողիկոսը չթաքցրեց, որ Կանադայի թեմի ստեղծման վերաբերյալ իրենք Արամ I կաթողիկոսի հետ զրույցներ են ունեցել առաջին իսկ պահից, եւ Գարեգին II-ը արտահայտել է իր մտահոգությունները։ «Արամ I կաթողիկոսը անկախ է Մեծի Տանն Կիլիկիո համար որոշումներ կայացնել»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Թերեւս միայն այսքանը, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասով Արամ I կաթողիկոսը պարզապես պետք է ձեռնպահ մնա։ Թերեւս մեծ մեղք գործած չենք լինի, եթե կասկած հայտնենք, որ հայկական պառակտողական բնավորությունը, որն այնպես վնասում է երկրի քաղաքական կյանքին, խանգարում է նաեւ հոգեւոր հայրերին։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել