Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻՆՆ ԱՐԵՎ Է

Հունվար 25,2002 00:00

ԿԻՆՆ ԱՐԵՎ Է Արդեն 7 տարի է, ինչ Կամերային թատրոնում գործում է Fe պատկերասրահը։ Սկզբում այնտեղ ցուցադրվել են հանրաճանաչ, իսկ այնուհետեւ՝ բազմաթիվ սկսնակ նկարիչների գործեր։ Ինչպես նշեց պատկերասրահի տնօրեն, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, ի տարբերություն հանրապետության մյուս ցուցասրահների, այս սրահի այցելուների թիվն ավելի մեծ է, քանի որ այստեղ գալիս է նաեւ թատրոնի հանդիսատեսը։ Հունվարի 24-ին Fe պատկերասրահում երիտասարդ նկարչուհի Մարիա Ուլիկյանի աշխատանքների ցուցահանդես-վաճառքն էր, որի նկարներից գտնվում են ԱՄՆ-ի, Արգենտինայի, Սիրիայի, Կանադայի, Հայաստանի մասնավոր հավաքածուներում։ Մարիա Ուլիկյանը նկարել սկսել է 3-4 տարեկանից, հաճախել է գեղարվեստի դաստիարակության հանրապետական կենտրոն, սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան ուսումնարանի ձեւավորման բաժնում, այնուհետեւ՝ Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Այժմ Նկարիչների միության անդամ է եւ դասավանդում է 4-16 տարեկան երեխաներին։ Մարիայի նկարներում գերակշռում են կարմիր եւ դեղին գույները եւ «դրանց խաղերը»։ Նրա գրեթե բոլոր նկարներում պատկերված է կինը, քանի որ, ինչպես պատճառաբանեց նա, կինը նախ իրեն ավելի հոգեհարազատ է, իսկ հետո կինն արեւ է, կինն ամեն ինչ է։ «Իմ կարծիքով, ամեն ինչ ծնվում է կնոջից»։ Ինչպես ասաց նկարիչ Հակոբ Հակոբյանը, Մարիայի նկարներում գույների կոլորիտն ու կոմպոզիցիաները պարզապես արտակարգ են։ Նշեմ նաեւ, որ նկարչի աշխատանքները գնահատված էին 100-700 դոլար։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել