Լրահոս
Օրվա լրահոսը

38 մահապարտներին հուզող հարցը

Հունվար 25,2002 00:00

38 մահապարտներին հուզող հարցը Մեծարգո պրն Քոչարյան, հարգարժան պետական այրեր, այս նամակիս երեւան գալու հանգամանքն այն է, որ ես մի քանի օր առաջ գնացել էի քննչական թիվ 1 մեկուսարան՝ որդուս տեսակցելու, որը արդեն մի քանի տարի է՝ դատապարտվել է մահապատժի։ Մեր զրույցի ժամանակ որդիս խնդրեց, որ դիմեմ Ձեզ։ Քանի որ հասարակ մահկանացուի համար Ձեզ անձամբ տեսնելը մեծ բարդություն է, ուստի մամուլի միջոցով կհաղորդեմ այն ամենը, ինչը խնդրեց որդիս։ Այս անհանգստությունը 38 մահապարտների հուզող հարցն է։ «Դուք քաջ գիտեք, որ 1991թ. Հայաստանում մահապատիժը ի կատար չի ածվում, ցանկանալով նմանվել քաղաքակիրթ երկրներին, այն փորձում են փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով։ Այսօր որոշ կազմակերպություններ նոր քրեական օրենսգրքի ընդունմանը խոչընդոտում են, այն քաղաքական երանգ է ստացել, մահապատժի վերացումը կապում են 8 պետական այրեր սպանողների գործերի հետ: Այդ դատավարությունը 4-5 տարի կտեւի՝ այն պարզ հանգամանքով, որ նրանք դեռ բողոքելու բազմաթիվ փուլերով դեռ պիտի անցնեն. գոյություն ունի 2-րդ ատյան, 3-րդ ատյան։ Վերջնականը Եվրոդատարանն է, այս բոլոր ատյանները անցնելու համար քանի՜-քանի տարիներ կանցնեն։ Մեզ հուզող հարցն այն է, որ տարիներ է՝ ինչ մենք այս անորոշ կարգավիճակում ենք, իսկ նման վիճակը շատ ահավոր է։ Մենք արդեն մի քանի անգամ հոգեբանորեն գնդակահարվել ենք։ Հարգելի պրն Քոչարյան, 1991-ից առայսօր մահացել, ավելի ճիշտ տանջամահ է եղել 10 մահապարտ։ Պատճառը հանդիսացել է տարիներով անտանելի պայմաններում գտնվելը, հոգեկան ծանր ապրումները, չնչին «սնունդը» եւ, իհարկե, բժիշկների իմիջիայլոց մոտեցումը։ Նշեմ, որ այս ամենի հետեւանքն է, որ 38 մահապարտներից յուրաքանչյուրը ինչ-որ հիվանդություն է ձեռք բերել, իսկ նրանցից 8-ը ներկայումս շատ ծանր վիճակում է։ Պաշտոնյաներն այսօր ամեն տեղ հայտարարում են, որ մահապատիժ ի կատար չի ածվում Հայաստանում, այնինչ գնդակահարության դատապարտվածները տանջամահ են լինում՝ ներում ստանալու հույսը մեջները։ Դա եւս մահապատիժը ի կատար ածելու ձեւ է, այն էլ՝ ամենադաժանը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ մեր ՀՀ անառողջ դատարանի շնորհիվ այստեղ՝ մահապատժի խցում են հայտնվել մարդիկ, որ «առողջ» դատարանի դեպքում երբեք այստեղ չէին լինի ու այս հարցը շահարկելով տանջանքի են դատապարտվում, ինչը պետական ոճրագործության է նման։ Մեծարգո պրն Քոչարյան, խնդրում ենք Ձեզ, հատուկ հանձնաժողով ստեղծել ձեր վերահսկողության ներքո, որպեսզի վերանայվեն բոլոր մահապարտների գործերը եւ ուղղվեն թույլ տված սխալները, այլապես մոտ ապագայում Հայաստանի քաղաքացիները իրավունք կունենան դիմել Եվրոդատարան եւ Եվրոպայում ականատես կլինեն, թե ինչ խայտառակ մահվան վճիռներ են կայացվել։ Այդ պարագայում որոշ «երդվյալ դատավորների» երեսից Հայաստանն իր հեղինակությունը կկորցնի եւ պետությունն էլ կտուժի մի քանի վատ դատավորների պատճառով, որոնք այդ աթոռներն են զբաղեցնում զուտ քաղաքական առեւտրի նպատակով։ Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, որ այստեղ էլ շատ անմեղ մարդիկ կան, իսկ սրա ապացույցն էլ կլինի մեր գործերի վերանայումը, որում ինքներդ կհամոզվեք։ Տեղեկացնենք, որ մեր մահապարտների մեջ կան 3-4 հոգեկան հիվանդներ։ Խնդրում ենք որոշում կայացնել եւ մահապատիժը փոխարինել ազատազրկմամբ, ինչպես վարվեց Ելցինը, որը 700 մահապարտների պատժաչափը փոխարինեց 15 տարվա ազատազրկման»։ Մահապատժի դատապարտվածի մայր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել