Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտը՝ խախուտ, մահանեն՝ կարկուտ

Հունվար 25,2002 00:00

Արտը՝ խախուտ, մահանեն՝ կարկուտ Ընթերցելով «Եվրամիությանն անդամակցելու գինը» հոդվածը («Առավոտ», 19.01.02) այն տպավորությունն է ստեղծվում, որ հայրենի իշխանությունները լավը չեն, որովհետեւ վատն է Եվրամիությունն ինքը։ Մտահոգության թեման հայկական ատոմակայանի փակման առումով այս կազմակերպության դիրքորոշումն է։ Ինչ-ինչ ընդհանուր դատողություններից հետո հոդվածի հեղինակը գրում է. ելնենք անվիճելի դրույթներից։ Որոնք են դրանք ըստ հեղինակի, որ կարող են վտանգել մեր էներգետիկ անկախությունը (զուտ էլէներգիայի առումով այն 80%-ով պայմանավորված է էներգակիրների ներկրումով)։ Առաջինը նշվում է. ձմռան ամիսներին ՀԷԿ-երը, բնականաբար, չեն գործում։ Ինչի արդյունքում է հեղինակն այս եզրակացությանը եկել։ 2001-ի տվյալները ՀՀ էներգետիկայի նախարարությունը լրագրողներին դեռ չի տվել, ուստի բերենք 2000-ի արդյունքները. գարուն-ամառ շրջանի նվազագույն եւ առավելագույն էլարտադրությունը ՀԷԿ-երի առաջատար՝ Որոտանի համալիրում եղել է 35 եւ 66 մլն կվտ/ժամեր, այն դեպքում, երբ ձմռան ամիսներին այն կազմել է 42 եւ 76 մլն կվտ/ժամեր։ 2002-ի առաջին իսկ օրից աշխատում է Երեւան ՀԷԿ-ի 2 տուրբիններից 1-ը, ասել է թե՝ այն գործում է համաչափ։ Ձմռան յուրաքանչյուր ամիս 6 մլն կվտ/ժամ էլարտադրանք են թողարկում փոքր ՀԷԿ-երը, երբ ամռանը այս թիվը երբեմն կազմում է 3-4 մլն կվտ/ժամ։ Անվիճելի դրույթի ինչ պաշար է պարունակում հաջորդ այն փաստարկը, ըստ որի, ոչ մի հարեւան երկիր չի փորձի ռմբակոծել փոքր երկրի տարածքը, որտեղ շատ թե քիչ հզոր ատոմակայան է տեղակայված։ Որեւէ հարեւան երկրի խոշոր բնակավայր ավելի մոտ չէ Մեծամորի ԱԷԿ-ին, քան Արմավիրը։ Առավել քան տարօրինակ է հեղինակի այն պնդումը, թե Եվրամիության փորձագետները շատ լավ գիտեն, որ Հայկական ատոմակայանը ավելի վտանգավոր չէ, քան Եվրոպայում գտնվողները։ Սակայն չեն մեջբերվում այդ կարծիքները։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ է մեր ԱԷԿ-ը վերաշահագործումից հետո ընդամենը 50-55% հզորությամբ աշխատում, երբ Եվրոպայում այն 65-75% է։ Կամ՝ յուրաքանչյուր տարվա 4 ամիսները չաշխատող ԱԷԿ-ի պայմաններում մենք զգո՞ւմ ենք արդյոք էներգետիկ անկախության պակաս, որի հետեւանքները ցուցադրելու համար բերվում է Վրաստանի օրինակը։ Այդ ինչ քաղաքական հստակ առանցք է հեղինակը նշմարում Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա եւ Թեհրան կատարած այցերից հետո, որը չի հաջողվում նկատել անգամ այցերն իրականացնողին։ Այո, լավը չեն ՀՀ իշխանավորները. ավելին՝ վատն են։ Բայց ոչ այն պատճառով, որ դա նրանց պարտադրվում է Եվրամիությանն անդամակցելու գնի դիմաց։ Պարզապես հայի՝ այսօր իշխանություն ունեցող տեսակը այս տեսակն է։ Ցավալի է, սակայն դա է պետք ընդունել։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել