Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԼԱՆ ՊՈՆՈՄԱՐՅՈՎԸ՝ ԱՇԽԱՐՀԻ 16-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ

Հունվար 25,2002 00:00

ՌՈՒՍԼԱՆ ՊՈՆՈՄԱՐՅՈՎԸ՝ ԱՇԽԱՐՀԻ 16-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ ՖԻԴԵ-ի վարկածով շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ մրցամարտում 4,5։2,5 հաշվով հաղթելով իր հայրենակից Վասիլի Իվանչուկին, ուկրաինացի 18-ամյա գրոսմայստեր Ռուսլան Պոնոմարյովը հռչակվեց աշխարհի 16-րդ չեմպիոն ու վաստակեց 500 հազար դոլար։ Իվանչուկին բաժին հասավ 250 հազար դոլար դրամական պարգեւ։ Մրցակարգով նախատեսված 8 պարտիայից նախավերջինում Իվանչուկը պարտավոր էր սեւերով հաղթել, քանի որ մրցակցին լիուլի բավարարում էր ցանկացած այլ ելք։ Դրա համար էլ Իվանչուկը հերթական անգամ փոխեց սկզբնախաղը՝ կյանքում առաջին անգամ ընտրելով Ալյոխինի պաշտպանությունը։ Սակայն երիտասարդ Ռուսլանն այս անգամ էլ պատրաստ էր ցանկացած անակնկալի։ 6-րդ քայլում նա շատ ուժեղ շարունակություն գտավ, որից հետո Իվանչուկին մնում էր մտածել ոչ թե հաղթանակի, այլ պայքարը հավասարեցնելու մասին։ Դիրքային պայքարը Պոնոմարյովն անցկացրեց անթերի եւ 22-րդ քայլում Իվանչուկը, համոզվելով, որ շարունակելն անիմաստ է, ինքն առաջինը շնորհավորեց աշխարհի նորընծա չեմպիոնին։ Այսպիսով, Պոնոմարյովը, որն աշխարհում ամենաերիտասարդ շախմատիստն էր, որ գրոսմայստերի կոչում կրելու իրավունք էր ստացել (14 տարեկանում), գերազանցեց եւս մեկ ռեկորդ, դարձավ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը՝ առաջ անցնելով Գարրի Կասպարովի ցուցանիշից, որը 1985թ. 22 տարեկանում շախմատային թագը զավթել էր Անատոլի Կարպովից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել