Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիփ քաշում ին ուքաշված ին»

Հունվար 25,2002 00:00

«Դիփ քաշում ին ուքաշված ին» Հայկական նոր «բոեւիկի» առնչությամբ Վանաձորցիներին օրերս բախտ վիճակվեց տեղական հեռուստատեսությամբ դիտելու հայկական գեղարվեստական մարտաֆիլմ՝ «Ընտրություն» վերնագրով։ Ֆիլմում պատկերված է այն, ինչի մասին մշտապես հնչում է ընդդիմության ելույթներում (ընտրակաշառք, իրավապահ մարմիններում տիրող կոռուպցիա եւ այլն), ինչի մասին քաջ հայտնի է ժողովրդին, սակայն, եթե այդ երեւույթների մասին ոչ գեղարվեստական, այլ իրական ձեւով գրեր որեւէ լրագրող, ապա, անշուշտ, համապատասխան մարմինները նրանից փաստեր կպահանջեին։ Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես արցախյան ազատամարտերի մասնակիցը մեր օրերում արդեն դարձել է թմրաբիզնեսի եւ զենքի վաճառքի պարագլուխ եւ իր ապօրինի եկամուտներից (որից մեծամեծ գումարներ է հատկացնում իր նախընտրական քարոզչության նպատակով) ստիպված է բաժին հանել նաեւ իրավապահներին (վերջիններիս համակարգում մարդ վարձելով. հենց այդ մարդն էլ անձամբ ղեկավարում է հանցախմբի գործողությունները)։ Ֆիլմն օգնություն-ուղեցույց կարող է հանդիսանալ պատգամավոր դառնալ ցանկացողների համար, քանի որ այդտեղ մանրամասն բացատրվում է ընտրակաշառքի ձեւերի եւ մեխանիզմների մասին. դեպուտատության թեկնածուի շտաբի շեֆը իր շեֆին բացատրում է, թե ցուցակում նշված մարդկանցից ո՞վ է փող ուզում եւ ով՝ բնամթերք։ Ֆիլմում հաստատվում է այն միտքը, որ «դիփ քաշում ին ու քաշված ին»։ Մաֆիայի պարագլխին (դեպուտատության թեկնածուին) ծառայություններ մատուցող երիտասարդ կինը միաժամանակ գաղտնի տեղեկություններ է հայտնում բանդայի դեմ պայքարող քննիչին, չիմանալով, որ իր գաղտնի քայլերը վերահսկվում են մաֆիայի կողմից եւ այդ քայլերի համար էլ նա դաժանորեն պատժվում է։ Ընկերոջ հավատարմությանը ամենեւին չկասկածող դրական հերոս-քննիչը «քաշվում» է հենց ընկերոջից, որը «ծախում» է նրան ու համագործակցում վերջինիս թշնամու հետ (որն աշխատում է իրավապահ համակարգում, բայց համագործակցում է հանցագործների հետ)։ Թմրաբիզնեսի առեւտրով զբաղվողներն իրար են «քաշում». առնողները փորձում են «քաշել» ու փողը չտալ, բայց իրենք էլ են «քաշվում»։ Բարեբախտաբար, այս ամենը ընդամեն ը ֆիլմ է (հետո՞ ինչ, որ փաստերը կյանքից են վերցված)։ Չնայած ֆիլմն ավարտվում է լավատեսությամբ, քանի որ, ինչպես բոլոր «բոեւիկներում», «ցենտր տղան» բոլորին հաղթում է, այնուամենայնիվ, այն քիչ է լավատեսական։ Մտորումների տեղիք է տալիս այն, որ քննիչը իր ձեռքով դատաստան է տեսնում «մաֆիոզների» հետ՝ որպես անմեղ զոհերի վրեժի փոխհատուցում։ Սա նշանակում է, որ երբ իրավական օրենքները չեն գործում, սկսում է գործել ուժի օրենքը։ Կկարողանա՞ արդյոք դրական հերոսը հետագայում արդարացնել իր «սամասուդը» եւ ի՞նչ կերպ կվարվի դատարանը՝ ֆիլմում այդ մասին չի ասվում։ «Ընտրություն» ֆիլմը հաստատում է այն միտքը, որ հայկական մաֆիան նույնքան կայացած է, որքան իտալականը կամ ռուսականը։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել