«ԿԱՐԾԻՔՈՒՄ» 10 ՀԱԶԱՐ ԿԱՐԾԻՔ Է ՀՆՉԵԼ Սերգո Երիցյանի «Կարծիք» հաղորդաշարը 10 տարեկան դարձավ։ Երեկ ԱՕՔՍ-ի շենքում նշվեց այս հոբելյանը, ինչպես նաեւ Սերգո Երիցյանի լրագրողական գործունեության 20-ամյակը։ Հանդիսությանը ներկա էին Սերգոյի քաղաքական գործընկերները՝ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարությունը, «Միասնություն» խմբակցության նախագահն իր արբանյակներով, ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը, ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, «Ագրոարդյունաբերողներ» խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը եւ ուրիշներ։ Մասնագիտական ընկերներից ներկա էին շատերը, որոնք չեն նեղանա, եթե անուն առ անուն չնշենք։ Հանդիսությունը վարում էր դերասան Ազատ Գասպարյանը, որն իր ներածական խոսքում ասաց, որ Սերգո Երիցյանն այնպիսի մարդ է, որն ինչ գործի էլ ձեռք գցի, հաջողությունն ապահովված է, նույնիսկ եթե նախագահ դառնա։ Սերգո Երիցյանը 20 տարի առաջ հեռուստատեսության միակ մասնագետն էր։ Այն ժամանակվա «Հեռուստառադիոպետկոմի» նախագահ Ստեփան Պողոսյանը իր ողջույնի խոսքում ասաց. «Սերգոն ջահել, սիրուն, նիհարիկ տղա էր, որ եկավ հեռուստատեսություն, հիմա է էսպես մեծացել։ Բայց բացառիկ աշխատասիրություն ուներ դեռ այն ժամանակվանից։ Շատ լավ աշխատեց եւ Հայաստանում ստեղծեց բաց, հրապարակային, կենդանի սոցիոլոգիան։ Սերգոն սահմանները մեծացրեց, եւ ինձ թվում է, ինքը այսօրվա պայմանների ընձեռած հնարավորությունների սահմաններում գործում է բավականին եռանդուն, բավականին համարձակ եւ բավականին լայն ընդգրկումներով»։ Մի առիթով Սերգոյի ծնողների տանն էի, Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։ Զրույցի ընթացքում հարցրի՝ նրանք գո՞հ են իրենց որդուց, նրա աշխատանքից։ Սերգոյի հայրը գիտե՞ք ինչ պատասխանեց. «Եթե դուք՝ Սերգոյի ընկերները, գոհ եք նրանից, ուրեմն մենք էլ ենք գոհ»։ Թերեւս անցած տարիների ընթացքում Սերգո Երիցյանի ամենալավ ընկերը եղել եւ մնում է կինը՝ Կարինե Տիտանյանը, որին էլ խնդրեցի ասել՝ հե՞շտ է լինել Սերգոյի կինը. «Երեւի ե՛ւ հեշտ է, ե՛ւ դժվար։ Հեշտ է այնքանով, որ ինքն անսահման բարի է, աշխատասեր եւ շատ նվիրված իր գործին։ Բայց դժվար է, որովհետեւ 24 ժամ աշխատանքի մեջ է, եւ 24 ժամ ես ինքս էլ պետք է նրա կողքին լինեմ եւ անընդհատ իր հետ աշխատեմ։ Արդեն սովորել եմ այդ տեմպին։ Շատերը հարցնում են՝ ինչպե՞ս ես հասցնում։ Եթե ամուսնու կողքին խելացի կին չլինի, ամուսինը կյանքում քիչ բանի կհասնի։ Այն երազանքները, որ ամուսինը ունի, կինը պիտի կարողանա այդ երազանքներին կենդանություն տալ։ Չգիտեմ՝ ես կարողանո՞ւմ եմ, ինչքա՞ն եմ կարողանում անել, բայց ես ուրախանում եմ, որ ինքը հաջողությունների է հասնում»։ Կարինեն ավելի շատ ուրախ է ամուսնու մասնագիտական՝ լրագրողական հաջողությունների համար։ Նրա կարծիքով, ամեն մարդ կարող է մտնել քաղաքականությունից ու դուրս գալ. «Ես չէի էլ ցանկանա, որ ինքը մտներ քաղաքականություն, որովհետեւ ինքը ծնված է լրագրող լինելու համար»։ Սերգո Երիցյանը կարողանում է նպատակ դնել եւ հասնել իր նպատակին, այդ գործում նրան օգնում է առաջին հերթին մասնագիտական կրթությունը, նաեւ՝ ընտանիքը։ Կարինեի կարծիքով, Սերգո Երիցյանն իր նպատակների չնչին մասն է իրականացրել. «Որովհետեւ ինքը շատ-շատ նպատակներ ունի։ Իր նպատակների շարքը այնքան երկար է, որ չգիտեմ, ժամանակը թույլ կտա՞ այդ երազանքների գոնե 50%-ը իրականացնել»։ Մենք միանում ենք Սերգո Երիցյանի եւ «Կարծիք» հաղորդաշարի հասցեին այս օրերին հնչած բոլոր շնորհավորանքներին, մաղթում ենք, որ լրագրող Սերգո Երիցյանը միշտ հաղթի քաղաքական գործիչ Սերգո Երիցյանին։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ