Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմագերի Մուսան ՀՀ իրավապահներին չի դիմել

Հունվար 25,2002 00:00

Ռազմագերի Մուսան ՀՀ իրավապահներին չի դիմել Ընդդեմ Արարատի մարզի համանուն թերթի պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցով դատարան էր դիմել քաղաքացի Մարինե Գաբրիելյանը։ Նա պահանջում էր թերթի գլխավոր խմբագիր Կարինե Աշուղյանից հերքում։ Հերքվելու էր թերթում տպագրված մի նամակ, որը ստորագրել էին Խաչփար գյուղի 100-ից ավելի քաղաքացիներ։ Մարզի մի քանի դատարաններում ընթացած դատաքննությունները «Առավոտը» լուսաբանել է։ Եթե հիշում եք, դատարանում հրապարակվել էր տպագրված նամակից մի հատված Խաչփար գյուղի բնակչուհի, հայցվոր Մարինե Գաբրիելյանի մասին, որը «Ղարաբաղից բերված ռազմագերու է 5 ամիս պահել, ապա Սադախլոյում վաճառել է (ըստ լուրերի՝ 25.000 դոլարով եւ դրանից հետո փողը կիսելու համար նրանց տանը կռիվ է ընկել)՝ անարգելով հայ զինվորի պատիվը»։ Պատասխանող լրատվամիջոցը 12.09.2001թ. մարզի 1-ին ատյանի դատարանում հանդես եկավ միջնորդությամբ. «Ռազմագերու գոյության փաստը եւ նրա հետագա ճակատագիրը պարզելու համար գործը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու մասին»։ Ըստ դատարանի որոշման, ՀՀ գլխավոր դատախազություն էր ուղարկվել գործը, այնտեղից՝ Արարատի մարզի դատախազություն։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ էին վերցվել Մ. Գաբրիելյանից, նրա ամուսնուց, սկեսուրից, թերթի գլխավոր խմբագրից, Խաչփարի գյուղապետից եւ նամակը ստորագրած 9 խաչփարցիներից։ Ըստ դատախազի օգնական Ժ. Ավագյանի, պարզվել էր, որ 1993թ. գարնանը Մ. Գաբրիելյանի տեգրը «քննությամբ չպարզված հանգամանքներում» (եթե քննությունը չի պարզել, հետեւաբար թերթը ինչպես պիտի պարզեր- Ռ. Մ.) ԼՂՀ-ից Խաչփար է բերել «ազգությամբ ադրբեջանցի, 18-20 տարեկան Մուսա անունով անձնավորությանը՝ նպատակ ունենալով հետագայում Մուսային փոխանակել գերված որդու հետ»։ Մուսան Խաչփարում մնացել է 5 ամիս։ Ընթերցեք հրապարակմանս սկզբում տպագրված նամակի վերոնշյալ հատվածը։ Կարծես ամեն ինչ ճիշտ է։ Բացատրություն տված անձինք էլ պնդել են, որ ազերի Մուսային տեսել են «գյուղում շրջելիս, վարսավիրանոցում, ինչպես նաեւ Մ. Գաբրիելյանենց տնամերձ հողամասում աշխատելիս»։ Մ. Գաբրիելյանի սկեսուրը պնդել էր, որ ռազմագերին բնակվել է իր որդու տանը։ Մ. Գաբրիելյանի տեգրը, քանի որ բացակայում էր հանրապետությունից, «հնարավոր չէ պարզել ռազմագերուն ձեռք բերելու հանգամանքները»։ Հետեւաբար պիտի հարցնենք. այդ հանգամանքն ո՞վ պիտի պարզեր, ըստ Մ. Գաբրիելյանի տրամաբանության, լրատվամիջո՞ցը։ «Ռազմագերուն վաճառելու մասին ուղղակի ապացույց ձեռք չի բերվել», գրում է իր որոշման նախաբանում դատախազի օգնական Ժ. Ավագյանը։ Իսկ ինչպես ձեռք բերվեր, երբ վաճառքը տեղի է ունեցել 1993-ին… Քրեական գործի հարուցումը մերժվել է։ Իսկ որ ուշագրավ է, մերժման հիմքերից մեկն էլ այն է…, որ «չի պարզվել ռազմագերու ինքնությունը եւ նրանից բացատրություն չի ստացվել։ Իր նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու մասին ռազմագերի Մուսան 8 տարի շարունակ ՀՀ իրավապահ մարմիններ չի հայտնել»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել