Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներվեր ա պետք, ներվե՜ր…»

Հունվար 25,2002 00:00

«Ներվեր ա պետք, ներվե՜ր…» Արդեն մի քանի տարի է Վանաձորի «Լաչինի միջանցք» կոչվող փողոցային առեւտրի հատվածում առեւտուր կատարողների համար մի ամբողջ փորձություն է հենց միայն այդ տարածքը մտնելը։ Չնայած այդտեղ տեղակայված մի քանի փոքր օբյեկտների ու տաղավարների շեմքերը սալիկապատված են, այդուհանդերձ, փողոցն ամբողջությամբ ոչ բարվոք վիճակում է եւ յուրաքանչյուր անձրեւից կամ ձյունից հետո գոյանում են ցեխաճահճալճակներ ու սառցաթմբեր, որոնց անմիջական հարեւանությամբ տեղադրվող աթոռակների վրա էլ խառնիփնթոր վիճակում սննդամթերք է վաճառվում։ Նեղլիկ տարածքով երթեւեկող բեռնասայլակավարների, ծանրումեծ պարկերը շալակած բեռնակիրների ու անցորդների բախումներն անպակաս են։ Շրջապատի համար մի առանձին վտանգ են ներկայացնում վառվող ծխախոտը ձեռքին քայլողները կամ հոծ բազմությունը դանդաղ ընթացքով ճեղքող-անցնող մեքենաները («ամբոխավարություն» բառի ուղիղ իմաստով)։ Օրվա որոշ ժամերի կամ նախատոնական օրերին, երբ այստեղ են լինում նաեւ գնորդներ հարեւան բնակավայրերից, երթեւեկությունն այնքան խիտ է, որ տեղ-տեղ եռաշարք դասավորությամբ վաճառակետերի, «դոլար-ոսկի առնեմ» դալալների, լոտոյավաճառների ու մուրացիկների արանքով մի կերպ առաջ գնացող, սառցաթմբերի (կամ ցեխալճակների) վրա ոստոստող գնորդներն արդեն չեն էլ վախենում սայթաքել-ընկնելուց. չէ՞ որ այնքան կիպ են քայլում, որ իրար «պահում» են։ Ոմանք էլ՝ սառցաթմբերի վրա հավասարակշռությունը պահել չկարողանալով, կարող են ակամա գրկախառնությունների ենթարկվել։ «Ներվեր ա պետք, ներվե՜ր…»,- «բողմա ելած» բացականչում էր «տուժած» մի կին։ Եվ, այդուհանդերձ, անպատշաճ դիրքով վայր ընկնողներ էլ կան (որոնց թվում նույնիսկ տղամարդիկ՝ կանանց թեւանցուկ քայլող)։ Ամիսներ առաջ, երբ դեռ ձյուն չէր տեղացել, այս տարածքն ասֆալտապատելու նախապատրաստական աշխատանքներ սկսվեցին, սակայն արդյունքում այն տպավորությունը մնաց, թե ընդամենը մեծ գդալով կամ շերեփով ասֆալտ են շաղ տվել եւ առատ ձյան տեղալուց հետո առաջացած թումբուփոսերի վրայով ոստոստող լոռեցիներն իրար զարմացած հարց էին տալիս. «Էս միթոմ ըստեղ ասֆալտ էին քաշո՜ւմ. հիմի գլխի չենք՝ քաշել ե՞ն, թե՞ չեն քաշել»։ Հատկապես վտանգավոր է առեւտուրը կրպակ-տաղավարներից, քանի որ վաճառողին մոտենալու համար գնորդները ստիպված են վտանգի ենթարկել իրենց ֆիզիկական անվտանգությունը՝ մուտքը արգելափակող բեռնարկղերի պատճառով։ Չնայած քաղաքի այլ հարակից եւ կենտրոնական հատվածներում պարբերաբար ավելանում է սննդամթերքի «օբյեկտների» թիվը, այդուհանդերձ, փողոցային առեւտուրը շարունակում է «ոտք տալ» քաղաքակիրթ առեւտրին։ «Էժանի վազող» գնորդներն այստեղ ստիպված են նյարդայնանալ, երբեմն միմյանց անտեղի վիրավորել՝ դանդաղ կամ արագ քայլելու, հրմշտելու, ակամա «բախումների» համար։ Պատահում են նաեւ վաճառողների ու գնորդների վեճ ու կռիվներ. կամ սննդամթերք կշռողն է անորակ տոպրակի պատճառով մթերքը գետնին ցրիվ տվել, կամ՝ գնորդն է ընդհանուր իրարանցման մեջ դրամի մանրը սխալ հաշվել ու մեղադրում է վաճառողին։ Պատկերն առավել անմխիթար են դարձնում հոգեկան շեղումներով մարդկանց զազրախոսությունները, իսկ նրանց էլ ավելի են խրախուսում վերջիններիս վիճակը շահարկողները՝ դրդելով զանազան անհեթեթ արարքների։ Երբեմն էլ նկատվում են բեռնակիրների՝ միմյանց հետ ծեծկռտուքի դեպքեր։ Առավելապես ճնշումների են ենթարկվում անչափահաս տարիքի բեռնակիրները։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել