Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵ ԻՆՉ ԱՐԺԵՑԱՎ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հունվար 25,2002 00:00

ԹԵ ԻՆՉ ԱՐԺԵՑԱՎ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ Երեկ կառավարությունը միաձայն ընդունելով «ԱրմենՏելի» հետ բանակցությունների արդյունքները համաձայնագիր է ստորագրել։ Դեռեւս անցած տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության եւ «ԱրմենՏելի» միջեւ րոպեավճարի հետ կապված բախում եղավ։ Կառավարությունը վստահ էր, որ ինքն ու իր հրահանգն են ճիշտ, «ԱրմենՏելը»՝ որ րոպեավճար կիրառելու որոշումը բեկանման ենթակա չի։ Այս առիթով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարծիք էր հայտնել, որ «ԱրմենՏելի»՝ բախման ճանապարհով գնալու պատճառն այս ընկերության վատ իրավախորհրդատուն է, նշելով. «Եթե լավ իրավախորհրդատու ունենային, երբեք այդքան խոցելի վիճակի մեջ չէր դնի ընկերությանը»։ 60-օրյա բանակցություններից հետո «ԱրմենՏելը», այնուամենայնիվ, ըստ համաձայնագրի, կկիրառի րոպեավճար, որոշ զիջումներով։ Ինչպես երեկ կառավարության երկարաձգված նիստի ավարտից հետո հայտնեց Դավիթ Հարությունյանը (որը ներկայացնում էր ՀՀ կառավարությունը), րոպեավճար կմտցվի փետրվարի 1-ից։ Նրա տեղեկատվությամբ, թվային հեռախոսակապի բաժանորդը, վճարելով 900 դրամ աբոնենտային վարձ, իրավունք կունենա 360 րոպե (6 ժամ) խոսել առանց րոպեավճարի։ Իսկ 361-րդ րոպեից սկսած, յուրաքանչյուր րոպեի դիմաց, պետք է վճարի 4 դրամ, ինտերնետ կապի համար՝ 1 դրամ՝ 1 րոպեի համար։ Աբոնենտային վարձը նույնն է մնում նաեւ իրավաբանական անձանց համար։ Նրանք նույնպես վճարել սկսելու են 361-րդ րոպեից՝ 4 դրամ յուրաքանչյուրի համար։ 1-ական դրամ էլ՝ ինտերնետ կապի համար։ Այլընտրանք էլ կա, թե՛ իրավական անձինք, թե՛ բնակիչները, նախօրոք որոշակի գումար մուծելով, անսահմանափակ խոսելու իրավունք են ստանում։ «Առավոտի» հարցին, թե արդյոք րոպեավճարի կիրառման վերաբերյալ համաձայնագրի կնքումից հետո է՞լ է նախարարը նույն կարծիքին «ԱրմենՏելի» իրավախորհրդատուի մասին (այսինքն, որ վատն է), Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այս ընկերությունը փոխել է իր իրավախորհրդատուին։ Էդիկ Խաչատրյանի խորհուրդների արդյունքում ստորագրվեց րոպեավճարի կիրառման մասին համաձայնագիրը։ «Ընդհանուր առմամբ, շատ հաջողված բանակցություններ են»,- այսպես գնահատեց Դավիթ Հարությունյանն իր 60-օրյա աշխատանքի արդյունքը։ Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում հայտնել է, որ սպառված են բոլոր փոխզիջումային հնարավորությունները։ Նա, այնուամենայնիվ, «Առավոտի» հարցին պատասխանելով նշեց, որ «որեւէ նահանջ տեղի չի ունեցել»։ Այլ կերպ ասած, զիջումային բանակցություններ էին դրանք, ինչն իհարկե այդպես չի, նկատի ունենալով մի շարք խնդիրներ։ «ԱրմենՏելը» բանակցել է այն հարցերի շուրջ, որ ցանկացել է։ Բնականաբար, շրջանցելով այն կետերը, որտեղ կառավարության դիրքերն ամուր են։ Այս «հաջողված բանակցությունների» ընթացքում չեն քննարկվել «ԱրմենՏելի» չկատարած ներդրումների, թվային հեռախոսակապի համար պարտադիր մի շարք ծառայությունների, բջջային հեռախոսակապի սակագների խոստացված, բայց չիջեցված սակագների խնդիրները։ Ինչպես նաեւ չկատարվեց կառավարության պահանջը՝ OTE-ին բանակցություններին մասնակից դարձնելու վերաբերյալ, «լիցենզիան «ԱրմենՏելինն» է» պատճառաբանությամբ։ Չմոռանանք նաեւ մերոնց փաստարկը, թե չի կարելի րոպեավճար կիրառել, քանի դեռ հավասար պայմաններ չեն ապահովված բոլոր բաժանորդների համար։ Այնուամենայնիվ, բոլոր մեղքերը Դավիթ Հարությունյանի վրա չբարդելով, հարկ է նկատել, որ րոպեավճարը գրեթե այն րոպեավճարը չէ, ինչ անցած տարվա սեպտեմբերին էր «սպառնում» լինել։ 6 ժամը քիչ չէ մեկ ամսում անվճար խոսելու համար։ Բացի այդ, կառավարության համար էլ էր ակնհայտ, որ րոպեավճարն, այսպես թե այնպես, կիրառվելու է, չնայած «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու հնարավորությանը։ Սա, թերեւս, այլ վերլուծության նյութ է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել