Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ

Հունվար 25,2002 00:00

ԿԱԶԻՆՈՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ Ի տարբերություն ԱԺ-ի 1999 թ. հոկտեմբերի 27-ից կարճ ժամանակ անց՝ նոյեմբերի 30-ին, ՆԳՆ-ն ծառայական քննություն էր անցկացրել Պետական պահպանության վարչության մի խումբ աշխատակիցների վերաբերյալ։ Ավելի քան 10 համակարգչային էջ է այդ քննության արդյունքներով կազմված եզրակացությունը, որի զգալի մասը միայն ԱԺ-ի անցագրային ռեժիմի եւ պահակապարեկային ծառայության կանոնների կոպիտ խախտումներն են։ Դրանցից ամենաարտառոցը թերեւս հետեւյալն է. «Դեպքի օրը ԱԺ-ում ծառայություն կատարող 4 աշխատակիցներ չեն անցել նախնական պատրաստվածության դասընթացներ, զենք կրելու եւ ինքնուրույն ծառայություն կատարելու իրավունք չեն ունեցել»։ Սրա համեմատ կարծես արդեն երկրորդական է թվում, որ ահաբեկչության օրը եւս մի կողմնակի անձ կարողացել էր անարգել մտնել ԱԺ դահլիճ։ Դեռ բախտներս բերել էր, որ այս մեկն էլ հանցախմբից չէր։ ԵՊՀ ուսանող Ստեփան Փայասլյանն էր մտել նիստերի դահլիճ եւ հետեւել նիստի ընթացքին։ Մինչդեռ նիստերի անցկացման կանոնակարգով խստիվ արգելվում է կողմնակի անձանց մուտքը դահլիճ։ Եթե խորհրդարանը հսկողները չունեին ո՛չ համապատասխան պատրաստվածություն, ո՛չ անգամ զենք կրելու իրավունք, բոլորովին այլ է պատկերը կոմերցիոն օբյեկտների պահպանման առնչությամբ, որ իրականացնում է դարձյալ ՆԳՆ Պահպանության վարչությունը։ Այստեղ արդեն, ըստ ծառայական քննության եզրակացության, ե՛ւ որակյալ կադրեր են տրամադրվում, ե՛ւ կա անհրաժեշտ զինվածություն. «Այսպես, «Առնո-1» խաղասրահը պահպանում են 2 աշխատակիցներ՝ զինված 1 ատրճանակով, որոնք ՆԳ համակարգում աշխատում են 1994-ից, «Էվերեստ» խաղասրահը՝ 2 աշխատակից 1 ատրճանակով, «Բինգո» խաղասրահը՝ 3 աշխատակից 1 ատրճանակով, «Գեղարդ» ՓԲԸ-ն՝ 6 աշխատակից 2 ատրճանակով, «Ռենկո» ՍՊԸ-ն՝ 4 աշխատակից 2 ատրճանակով, եւ այլն։ Ընդ որում, հիմնականում բոլոր աշխատակիցները ՆԳ համակարգում աշխատում են 4-8 տարի»։ Երբ Պահպանության վարչության պետ Մուշեղ Խոյլունցից բացատրություն են պահանջել այս ամենի վերաբերյալ, նա պատճառաբանել է, թե ինքը հիմնականում զբաղվել է շինարարական եւ վերանորոգման աշխատանքների կազմակերպմամբ, իսկ ծառայությանն առնչվող հարցերով զբաղվել են իր տեղակալները։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել