Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցիալիստական Հայաստանը» կայցելի մարզեր

Հունվար 25,2002 00:00

«Սոցիալիստական Հայաստանը» կայցելի մարզեր Երեկ տեղի է ունեցել «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի նիստը, որտեղ հստակեցվել են վերջինիս ավելի գործնական քայլերը: Որոշակիացվել են Հայաստանի այն մարզերն ու քաղաքները, որտեղ միավորումը հանդիպումներ կունենա՝ Շիրակի մարզ, Վանաձոր, Ապարան, Արտաշատ եւ այլուր: «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի անդամ եւ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Մարտիրոսյանը երեկ տեղեկացրեց, թե միայն «փետրվար ամսին նախատեսվում է լինել շուրջ 10-12 քաղաքում, բայց առաջնահերթ համարեց Գյումրի կատարելիք այցը, որտեղից ահազանգեր են եղել, թե այնտեղ իրավիճակը սարսափելի է, քաղաքի ազգաբնակչության գազամատակարարումը դադարեցված է եւ սոցիալական պայթյունի լուրջ վտանգ կա»: Ժամանակին Սոցուժերի միությունը, այդ թվում նաեւ՝ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը, Ազգային համաձայնության ճակատի կազմում առաջ էին քաշում նախագահ Քոչարյանի անհապաղ հրաժարականի ու «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման պահանջները: Այսօր «Սոցիալիստական Հայաստանը», որ մեծ մասամբ հենց սոցուժերից է կազմված, նման կտրուկ պահանջներ այլեւս չի առաջադրում: Ինչ-որ բան փոխվե՞լ է: Մեր այդ հարցին ի պատասխան՝ Ա.Մարտիրոսյանն ասաց. «Այսօր Միավորման շրջանակներում Ռ.Քոչարյանի հրաժարականի պահանջն առկա է եւ հրատապ խնդիր է: Մենք ձգտելու ենք այդ հարցը Սահմանադրության շրջանակներում լուծել: Միավորման դիրքորոշումն այս է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Եթե մենք հայտարարում ենք, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է, միանգամայն տրամաբանական պետք է լինի նաեւ նախագահի հրաժարականի պահանջը: Հակառակ դեպքում՝ մեր հայտարարություններն անհեթեթ եւ անպատասխանատու կլինեն: ՍԴԿ-ն վստահ է, որ նախագահն իրեն վերապահված պարտականություններից ոչ մեկը չի կատարում. մասնավորապես՝ պաշտպանել ժողովրդին թշնամիներից, որը չի արել, եւ դրա վկայությունը «27»-ն է, պաշտպանել գողերից. իսկ մեր երկիրը գողերի երկիր է դարձել եւ նրանք ինչ հնարավոր է՝ գողանում են եւ օր օրի ավելի շատ, պաշտպանել տզրուկ չինովնիկներից, ի վերջո, իր շքախմբից /թիկնապահներից եւ այլն/, որը վտանգավոր է դարձել մարդկանց կյանքի համար»: Անդրադառնալով «Սոցիալիստական Հայաստանի» ծրագրերին, Ա.Մարտիրոսյանը տեղեկացրեց, թե ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցային գործընթացն, ըստ էության, ավարտվել է եւ հիմա վերջիններիս հետ ակտիվ ու գործնական համագործակցություն է ընթանում: «Միաժամանակ Միավորման մեջ մտնելու հայտարարություններ են արել ԳիԱրՔՄի-ն եւ Կոմկուսի բյուրոն, ինչը շատ ողջունելի է»,- նշեց նա: «Սոցիալիստական Հայաստանի» ներկայացուցիչները հույս ունեն, որ ձախ դաշտի նպատակաուղղված եւ ակտիվ միավորումը սոցիալիստներին մեծ հնարավորություն կտա իրագործել իրենց առջեւ դրված թիվ մեկ խնդիրը՝ խորհրդարանում մեծամասնություն ձեւավորել եւ Հայաստանը դարձնել կարմիր կամ թե սոցիալիստական: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել