Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական հանձնաժողովում կռիվ-կռիվ են խաղում

Հունվար 25,2002 00:00

Սահմանադրական հանձնաժողովում կռիվ-կռիվ են խաղում Սահմանադրական բարեփոխումների շուրջ պատերազմն արդեն հայտարարված է, եւ կողմերից որեւէ մեկը՝ ոչ նախագահականը, ոչ էլ հնգյակը, այլեւս ընտրության իրավունք չունեն, պարտավոր են կռվել։ Երեկ ԱԺ համապատասխան հանձնաժողովը հերթական նիստն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեց նախագահական տարբերակի խորհրդարանին վերաբերող գլուխը։ Տպավորությունն այնպիսին էր, որ Շավարշ Քոչարյանը եւ իր համախոհները ավելի ակտիվ էին մասնակցում քննարկումներին (համենայն դեպս, երեկվա նիստի մեկից ավելի ժամվա ընթացքում բացառապես Շավարշ Քոչարյանն էր հարցեր տալիս)։ Մեր այս դիտարկմանն ի պատասխան, նախագահի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանն ասաց. «Այսպես ասեմ, որոշ դեպքերում շատ լուրջ ցանկություն կա դրականը չտեսնել։ Այսօր դուք ականատես էիք, երբ Շ. Քոչարյանն ասաց. այստեղ ես համոզվեցի։ Արդեն սկսում են ավելի շատ համոզվել։ Մենք լուրջ միջոցառումներ ենք նախատեսում հրապարակման հետ կապված եւ այլն։ Այն, որ իրավական դաշտում մենք կապացուցենք, որ սա պոտենցիալ է, իրոք պրոգրեսիվ է, եւ արդեն անուղղակի ձեւով Շ. Քոչարյանը դա ընդունում է, մենք դա կապացուցենք։ Պարզապես, երբ մի քիչ դադարում են քաղաքական շահարկումներ անել, սկսում են դրականը իրավական դաշտում տեսնել»։ Արմեն Հարությունյանի կարծիքով, հնգյակի ակտիվությունը քննարկումների ընթացքում քաղաքական խնդիր է հետապնդում. «ցույց տալ, որ չի արվել այն, ինչ որ արվել է ըստ էության»։ Իսկ եթե ակտիվ չլինեին, ի՞նչ պիտի ասեր նախագահի ներկայացուցիչը. «Եթե ակտիվ չլինեին, էն ժամանակ կասեի»։ Իսկ իրավաբանության դոկտորը (սույն փաստը մեզ հետ զրույցում շեշտեց ինքը՝ դոկտորը) չի՞ կարծում, որ ժողովրդավարության օրենքները պահանջում են հարգել մարդկանց ընտրություն կատարելու իրավունքը եւ երկու նախագծերն էլ ներկայացնել ժողովրդի դատին. «Գիտե՞ք ինչ, ընենց բան եք ինձ ասում… Հիմա եթե մի բան ասեմ, կասեն՝ նախագահի ներկայացուցիչն ասում է… որ հետո էլ իր ասելով կանխորոշի, ստիպի, ճնշի։ ԱԺ-ն է, իրենք ինչ ուզում են, թող անեն։ Վերջապես հարցի լուծումը ԱԺ-ն է տալու»։ Շավարշ Քոչարյանին եւս հարցրինք, թե ինչու է ինքն այդքան ակտիվ մասնակցում նախագահական տարբերակի քննարկմանը. «Դա շատ պարզ տրամաբանություն ունի։ Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ հրեշավոր նախագիծ է ներկայացված եւ փորձում ենք ցույց տալ այդ նախագծի ստվերային խութերը եւ այն վտանգները, որ կան այդ նախագծում։ Անընդհատ թմբկահարվում է, որ սա բարելավում է, բարեփոխում է, բայց մի տեղ մի թեթեւ բան լավացնում են, պոչից այնքան ուրիշ բաներ է առաջ գալիս, որ, ըստ էության, գործող Սահմանադրությունը եւ ներկայացված բարեփոխումներն իրարից չեն տարբերվում»։ Պրն Քոչարյանին հայտնեցինք, որ նախագահի ներկայացուցչի կարծիքով՝ իրենց ակտիվությունը միայն քաղաքական նպատակ է հետապնդում։ Շ. Քոչարյանը չհամաձայնեց, ասելով, որ իր հնչեցրած բոլոր հարցերն իրավական են, որեւէ քաղաքական հարց չկա, թեպետ ինքը «այնքան քաղաքական հարցեր» կարող է տալ. «Իմ հարցերը մաքուր իրավական էին եւ, ցավոք սրտի, իրավագիտության դոկտորը չէր հասկանում որոշ հարցեր»։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը մինչ այժմ ընթացող քննարկումները համարում է արդյունավետ, ընդ որում, ավելի արդյունավետ է համարում նախագահական տարբերակի քննարկումները։ Մեր դիտարկմանը, թե այդ արդյունավետությանը նպաստում է Շավարշ Քոչարյանի թեւը, պրն Թորոսյանը համաձայն չէր։ Իսկ ինչո՞ւ են Տ. Թորոսյանը եւ մյուսները դեմ, որ հանրաքվեի դրվի երկու տարբերակ, թող ժողովուրդը ընտրություն կատարի. «Չի կարելի, որ ԱԺ-ն իր լիազորությունները դնի ժողովրդի ուսերին։ Սա անազնիվ կլինի ժողովրդի նկատմամբ։ Ժողովուրդը ընտրել է լիազորությունների այդ շրջանակի համար ԱԺ, պատգամավորներին վճարում է բավականին բարձր աշխատավարձ, ուրեմն յուրաքանչյուրը պիտի իրականացնի իր լիազորությունները»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել