Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱ ԿՈՂՔԻՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Հունվար 25,2002 00:00

ՆՐԱ ԿՈՂՔԻՆ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՆԱԵՎ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ Մամուլում արդեն իսկ հրապարակվել է Մուշեղ Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, որի առնչությամբ զրույցի հրավիրեցինք նրա պաշտպանին՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանին։ -Այս որոշման մեջ նշված է, թե Մուշեղ Սաղաթելյանն իր «ակնհայտ կեղծ» դիպլոմի հիման վրա ստացել է մայորի, իսկ այնուհետեւ փոխգնդապետի եւ գնդապետի կոչումներ։ Մի՞թե դրանք ուղղակի փոխկապակցված են։ – Ոչ։ Միանշանակ կարող եմ ասել, որ դրանք կապ չունեն այդ կեղծ դիպլոմի հետ։ Մուշեղ Սաղաթելյանն իր պաշտոնները ստացել է առանց այդ դիպլոմի։ Այն փաստաթղթերում, որոնք անձամբ ինքն է տրամադրել կադրերի բաժնին՝ աշխատանքի ընդունվելու կապակցությամբ, նշված է, որ նա ունի միջնակարգ մասնագիտական կրթություն։ Այդ անկետաներից միայն մեկում է նշված, որ նա ունի բարձրագույն կրթություն, բայց այն անկետային պատշաճ պայմանակետերին (ռեկվիզիտներին) համապատասխան ձեւով չի լրացված։ Մուշեղ Սաղաթելյանն այդ պաշտոնները եւ կոչումները ստացել է անկախ նրանից, թե ինչ վկայական ու կրթական մակարդակ ունի։ Նա իր պրակտիկ գործունեության, ցուցաբերած ունակությունների շնորհիվ է գնահատվել եւ ստացել այդ ամենը։ Կադրերի բաժինն իրավունք չուներ (Մուշեղ Սաղաթելյանն է, թե այլ անձնավորություն) իրեն ներկայացված դիպլոմի լուսապատճենած վկայականը դնել գործի մեջ եւ ընդունել որպես փաստը հաստատող ապացույց։ Ձեւակերպումների վերաբերյալ համապատասխան հրահանգ կա, որտեղ պահանջվում է, որ լինի դիպլոմի վավերացված պատճենը։ Այս լուսապատճենը վավերացված չէ։ Կադրերի բաժնի պետը կամ համապատասխան աշխատակիցները պարտավոր էին պահանջել իսկական դիպլոմը, համեմատել լուսապատճենի հետ եւ անպայման նշում կատարել, որ իսկականի հետ ճիշտ է, ստորագրել եւ կնքել։ Կամ էլ պետք է պահանջեր, որ անպայման նոտարական գրասենյակը վավերացներ այդ պատճենը։ Այդպիսի փաստաթուղթ, ըստ էության, նրա անձնական գործի մեջ չպետք է հայտնվեր, բայց հայտնվել է։ Մուշեղ Սաղաթելյանը պնդում է, որ ինքը նման լուսապատճեն որեւէ մեկին չի ներկայացրել, ինքը դրա կարիքը չի ունեցել։ Նախաքննությունը չի պարզել եւ վերջնական պատասխան չի տվել, թե ով էր դրանում շահագրգռված՝ ի՞նքը պաշտոն ստանալու, թե՞ մեկ այլ անձ՝ նրան վարկաբեկելու համար։ – Մեղադրանքներից մեկը վերաբերում է այլ կեղծ դիպլոմի, որ Մուշեղ Սաղաթելյանն իբր ներկայացրել է իր հորեղբորորդի Հակոբ Մարտիրոսյանի համար եւ գրավոր միջնորդել նրան սպայական պաշտոնի նշանակելու վերաբերյալ։ Ձեր նշած փաստարկները վերաբերո՞ւմ են նաեւ այս դիպլոմի իսկությանը։ – Պաշտոնեական դիրքը չարաշահելու այս մեղադրանքը ճիշտ չէ։ Նախ, ես ընդգծում եմ, որ Մուշեղ Սաղաթելյանն ընդամենը միջնորդել է՝ նշանակողն ինքը չէ։ Նա կարող էր ասել, խնդրել ինչ-որ մեկին, որ իր ճանաչած այս մարդն արժանի է ինչ-որ պաշտոնի, ինքը երաշխավորում է եւ այլն։ Սակայն նշանակողը պետք է որոշեր, ճշտեր, ստուգեր, պարզեր՝ այդ մարդն իրոք արժանի՞ է, թե՞ ոչ, եւ նշանակեր կամ չնշանակեր։ Որեւէ մեկի համար միջնորդելը կամ նրան աշխատանքի երաշխավորելը պաշտոնեական դիրքի չարաշահում չէ եւ չի կարող այդպես որակվել։ Այս իմաստով անհեթեթություն է նման մեղադրանք ներկայացնելը։ Առավել եւս, որ քրեական գործի նյութերով հաստատված է, որ Մուշեղ Սաղաթելյանը, համենայն դեպս, հաստատապես չի իմացել, որ Հակոբ Մարտիրոսյանն ունի կեղծ դիպլոմ։ – Արդյոք Ռաֆայել Զորոյանը, որի նկատմամբ 1994-ին բռնություն գործադրելու համար այժմ մեղադրվում է Սաղաթելյանը, նույն «Խելառ Ռաֆո՞ն» չէ, որ Գորիսի բանտ տեղափոխվելու ճանապարհին փախուստի էր դիմել (Սարիթաղցի Վրեժի եւ Վալերի Դորոգոնովի հետ միասին), ոստիկան սպանել։ – Այո, խոսքն այդ դեպքի մասին էր։ Փախուստի դիմածները, դիմադրություն ցույց տալով, ինքնաձիգ հրազենից կրակել էին իրենց հետապնդող ՆԳ աշխատակիցների վրա։ Այդ փաստը ժամանակին մեծ աղմուկ հանեց։ Կալանավորի եւ առավել եւս խմբակային փախուստի դեպքը արտակարգ պատահար է, եւ դրա կապակցությամբ անպայման հարուցվում է քրեական գործ։ Ժամանակին այս դեպքի առնչությամբ էլ է գործ հարուցվել եւ կատարվել նախաքննություն։ Դրա ընթացքում որեւէ մեկին այդ փախած կալանավորների (որոնք բռնվել եւ վերադարձվել էին բանտ, մեկը զոհվել էր ընդհարման ժամանակ) առնչությամբ չեն մեղադրել։ Նրանցից որեւէ մեկը չի ասել, թե իրենց նկատմամբ գործադրվել է բռնություն։ Եվ առավել եւս, որեւէ մեկը չի վկայել, թե Մուշեղ Սաղաթելյանն իր նկատմամբ կիրառել է բռնություն, կամ այն, ինչ այսօր վերագրվում է նրան։ Անցել է արդեն 8 տարի եւ հիմա հանկարծ, իբրեւ թե պարզվել է… թարմ հետքերով, իհա՜րկե հնարավոր չէր պարզել, որ Մուշեղ Սաղաթելյանը հանձնարարել է մերկացնել եւ սառը ջուր լցնել այդ կալանավորների վրա, որից հետո այդ Ռաֆոն մահացել է։ Սա արհեստականորեն ստեղծված ապացույց է. կա փաստ, եւ այն հարմարեցրել են այնպես, որ Մուշեղ Սաղաթելյանը մեղադրվի դրանում։ Իսկ նա այդ դեպքի կատարման պահին երկրորդական դեմք էր. այնտեղ եղել է, ի շարս այլ պաշտոնատար անձանց, նաեւ ՆԳ ներկայիս նախարարը՝ Հայկ Հարությունյանը, որը ղեկավարում էր հետապնդողների խումբը։ Հայկ Հարությունյանն անմիջականորեն ներկա է եղել այդ բոլոր գործողություններին եւ հրաշալի գիտի, թե ով ինչ է արել եւ ինչպես։ – Նույն հանգամանքն առկա է նաեւ մեղադրանքի այլ դրվագներում՝ 1995-ին ՆԳՆ նախկին բարձրաստիճան սպաների, իսկ 1996-ին սեպտեմբերյան դեպքերի առնչությամբ մի շարք ձերբակալվածների հանդեպ գործադրված բռնությունների վերաբերյալ։ Այս երկու հանրահայտ դեպքերի առնչությամբ մամուլում նաեւ բազմաթիվ այլ անուններ են արծարծվել, սակայն այժմ տարիներ անց պատասխանատվության է կանչվում միայն Մուշեղ Սաղաթելյանը։ Արդյոք այս ընտրողական վերաբերմունքն ապացույց չէ՞, որ գործ ունենք քաղաքական նպատակահարմարության հետ։ – Այս առումով միայն մի բան կարող եմ ասել. ինչո՞ւ է մարդը մեղադրվում ընտրովի, երբ խմբակային գործողություններ են կատարվել, եւ կան մասնակիցներ։ Ես նկատի չունեմ բռնությունների կիրառումը՝ անմիջական կատարողների նկատմամբ հակադարձ վերաբերմունք դրսեւորող անձանց խմբի մասին է խոսքս, բայց դրանցից ջոկվում է մեկը եւ նրան վերագրում են բաներ եւ դրանք տարիներ հետո մեկնաբանվում են շատ նոր ձեւով՝ սա արդեն անարդարացի է։ Եվ եթե ժամանակին այս բռնությունների վերաբերյալ բողոքներ են եղել, բայց համապատասխան պաշտոնյաները վերաբերմունք ցույց չեն տվել, օրենքով նախատեսված միջոցներ չեն ձեռնարկել՝ նրա՛նք են մեղավոր այս ամենի համար։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքների մի խումբ էլ առնչվում է «Հոկտեմբերի 27»-ի գործին։ Դրանց մասին փաստաբանի հետ զրույցը ներկայացնելու ենք առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել