Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղպարապմունք

Հունվար 24,2002 00:00

Խաղպարապմունք «Ստուգելու եմ»,- ասում է ծնողը, ուսուցիչը, տեսուչը, վերադասը, որպեսզի նախքան այդ՝ ինքդ քեզ ստուգես։ Նրանք ձգտո՞ւմ են, որ դու լինես թերի, մեղավոր։ Ասում են՝ քեզ խելոք պահիր (առանց պատիժը հիշատակելու)։ Ասում են՝ կպատժվես (առանց իրենց բռնակալական մասնակցությունը պարզելու)։ Ասում են՝ կպատժեմ (իրենց վրա վերցնելով հաճելի կամ անախորժ այդ պարտականությունը)։ Ասողներն իրենց համարում են խելոք, ողջամիտ ու զորեղ։ Գոռում են հռետորները, երեխաները, շրջիկ առեւտրականները, տարածության վրայից, պարապությունից ձանձրացած խանութպանները, անսարք խոսափողի մեջ, զայրանալուց, դասատուները, դերասանները, ծանրականջները, նրանք, ովքեր վստահ չեն, որ իրենց կլսեն, որովհետեւ ինքնավստահությունը կորցրել են։ Ինքնավստահությունը կորցրել են, որովհետեւ թույլ են, դառը փորձառությունից թեւաթափ, խարխլվող հույսերից լքված, անհամբերությունից ջղագար։ Իրենց ասածը կրկնում են։ Կրկնելը մանրացրած գոռգոռոցն է։ Անպատիժ գործունեությունը արտոնյալ լինելուց է։ Արտոնյալների խավը թույլերի թողտվությունից է։ Թույլերի թողտվությունը իրենց սեփական անզորության գիտակցումից է։ Թույլերի սեփական անզորությունը նրանց ներքին համերաշխության պակասից է։ Թույլերի ներքին համերաշխության բացակայությունը չարագործների կազմակերպածն է։ Ընկած ենք կախարդական շրջանակի մեջ, որից դուրս են պրծնում սերունդեսերունդ, գրամ առ գրամ՝ ներքեւից պարտադրվող օրինագործության շնորհիվ. մի բան, որ փոքրիշատե հաջողվել է զարգացած երկրներում։ «Արի, բան եմ ասում», «Գնա, բան չունեմ ասելու»։ Մի՞թե միմյանց կողքին լինելը ասելու եւ չասելու խնդիր է։ Լռությամբ իրար կողքի՝ ամեն ինչ ասված է ու չասված, ինչպես հյուսիսամերիկյան հնդիկների եւ Հեռավոր Արեւելքի իմաստունների լռությունները։ Ռուսները դա կիրառում են երկարատեւ բացակայությանը նախորդող հրաժեշտից առաջ։ Մենք լռում ենք միայն, երբ մեր ձայնալարերը վնասված են։ Հյուսիսային ժողովուրդները նվազ աղմկարար են, հարավայիններն՝ ավելի աղմկարար։ Ցուրտն իր դերը կատարում է՝ կծկելով մարմինն ու լեզուն։ Այդ է պատճառը, որ շատախոս հեղափոխականներին քշում էին սիբիրները, մինչ չխոսկան հարսները, իրենց տեղը տաքացնելուց հետո, լեզվանիանում են։ Աշխատավոր ժողովուրդը բարեկամներ չի ուզում, թշնամիներ՝ առավել եւս։ Նա ուզում է անտարբերների, որոնք չխանգարեն, որ ինքն ապրի։ Եթե լռությունը ոսկի չլիներ, մարդիկ հավիտենապես չէին լռի։ Հարաբերական լռության համար հայերը նախընտրում են արտագաղթել հյուսիսամերիկյան հնդիկների մոտ՝ մեր խաղպարապմունքներից բացակայելու համար։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել