Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ

Հունվար 24,2002 00:00

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՊԱՅՔԱՐԻՑ «Պատճառը խաղային փորձի պակասն էր»,- համոզված է թիմի գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանը Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների չեմպիոն թիմերի մասնակցությամբ «Համագործակցություն» գավաթի խաղարկության խմբային մրցաշարի վերջին՝ երրորդ տուրում 2։6 հաշվով տանուլ տվեց Ռուսաստանի առաջնության 9-ակի հաղթող Մոսկվայի «Սպարտակին» ու, դուրս մնալով հետագա պայքարից, երեկ երեկոյան վերադարձավ Երեւան։ «Առավոտի» մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հենց «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց ունեցավ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի հետ։ – Ինչո՞վ կբացատրեք, որ «Փյունիկը» թե Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի», թե Մոսկվայի «Սպարտակի» հետ հանդիպումներում սկզբում խաղային ու տարածքային առավելություն ունենալով, այդուհանդերձ խոշոր պարտություն կրեց։ – Դա ես նախեւառաջ համարում եմ մեր տղաների խաղային փորձի պակասության արդյունք։ «Շերիֆի» հետ հանդիպումն, ըստ էության, «Փյունիկի» առաջին մրցելույթն էր «Մրցաշրջան-2002»-ում։ Ցավալի վրիպումներ եղան մեր թիմի գործողություններում, որոնք նման դեպքերում, կարծում եմ, անխուսափելի են։ Ասածս հիմնականում վերաբերում է պաշտպանական գծին։ Հարկ եմ համարում նշել, որ մեր ֆուտբոլիստների մեջ հաղթելու տրամադրվածությունն ու ցանկությունը մեծ էր, սակայն, կրկնում եմ, խանգարեց փորձի պակասը։ Ասեմ նաեւ, որ ես որպես մարզիչ կարծում եմ, որ դաշտում ծավալված պայքարը չէր համապատասխանում գրանցված 0։3 հաշվին։ – Իսկ ի՞նչ է, ուսումնամարզական հավաքները կազմակերպելիս ընկերական, ստուգողական խաղեր չէի՞ք նախատեսել, մոռացե՞լ էիք։ – Ոչ։ Ծաղկաձորի հավաքից հետո պետք է մեկնեինք Սոչի, որտեղ մարզվելու էին բազմաթիվ այլ թիմեր։ Այնտեղ մի քանի խաղ պետք է անցկացնեինք, սակայն եղանակային պայմանների անբարենպաստության պատճառով մնացինք Հայաստանում։ Եթե մեր նախատեսածն իրականանար, մարզիչները հնարավորություն կունենային կողմնորոշվել թիմի կազմը հայտարարելիս, ու ամեն բան կարող էր այլ ընթացք ստանալ Մոսկվայում։ Ինչ վերաբերում է «Սպարտակի» հետ խաղին, ասեմ, որ մեր ֆուտբոլիստները վատ տպավորություն չթողեցին, նույնիսկ առաջինը հաջողության հասան։ Բայց «Սպարտակը» մնում է «Սպարտակ»։ Մի կարեւոր հանգամանք եւս. բացօթյա խաղադաշտում ձյան վրա մարզվելուց հետո անմիջապես տեղափոխվել դահլիճ ու խաղալ արհեստական ծածկի վրա, այնքան էլ հեշտ չէ։ Նկատի ունեցեք նաեւ, որ «Սպարտակն» իր մարզումները հիմնականում անցկացնում է դահլիճային պայմաններում։ – Մոսկվայում վնասվածք են ստացել մեր երկու առանցքային ֆուտբոլիստներ Վարդան Մինասյանն ու Արթուր Մկրտչյանը։ Ինչպե՞ս է նրանց վիճակը։ – Վարդանը վնասել է ոտքը, իսկ Արթուրը կոտրել է ձեռքը։ Հիմա նրանք բուժվում են։ Դա կտեւի առնվազն 2-3 շաբաթ։ – Մրցակցի դարպասի առջեւ գոլային բազում պահեր ստեղծելը եւ դրանք քիչ օգտագործելը մարզիչներին չի՞ մտահոգում։ – Իհարկե, անելու դեռ շատ բան կա։ Հարկավոր է շտկումներ կատարել նաեւ մարզչական աշխատանքներում։ Արդեն այդ ուղղությամբ ինչ-ինչ բաներ ծրագրել ենք։ – Ինչպե՞ս կգնահատեք «Փյունիկի» խաղային օղակների գործողությունները։ – Բոլորի մոտ էլ սխալներ, խոտան, փոխհամագործակցության պակաս կար, թեեւ 2-րդ հանդիպումում օղակներն ավելի վստահ տեսք ունեին։ Հիմնական ուշադրությունը պետք է դարձնենք պաշտպանության վրա, որտեղ հանդես են գալիս տարբեր երկրներից հրավիրված լեգեոներականներ։ Միմյանց հասկանալու համար նրանց ժամանակ ու շատ խաղալ է պետք։ Համեմատաբար լավ է կիսապաշտպանությունը։ Այստեղ վատ տպավորություն չթողեց Աղվան Մկրտչյանը։ Ճիշտ է, վերջին խաղում նրանից մեր սպասելիքներն ավելի մեծ էին, սակայն 2-րդ տուրում նա փայլեց։ Հարձակման գծի մասին արդեն ասացի։ Միասին աշխատելու ենք։ – Թիմի կազմում Մոսկվայից հետո փոփոխություններ կլինե՞ն։ – Առայժմ նման բան չի նախատեսվում։ Ինչ կազմով որ սկսել ենք, նույն կազմով էլ շարունակելու ենք մարզվել։ – Առաջիկայի ձեր ծրագրերը։ – Մարզումները շարունակելու ենք Հայաստանում։ Պլանավորել ենք հիմա շատ խաղալ։ Իսկ փետրվարի կեսերին ուսումնամարզական հավաքի ենք մեկնելու Ֆրանսիա։ Կարծում եմ, այնտեղ հնարավոր կլինի մրցակցել ավելի ուժեղ թիմերի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել