Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՌԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ

Հունվար 24,2002 00:00

ԴԱՌԸ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ Փոխնախարարն ուզում է ծիծաղել, բայց չգիտի՝ ում վրա «Ես ինքս դատի կտայի Արա Երնջակյանին, բայց չեմ անի, քանի որ չեմ ուզում, որ ավելի խորանա էն կերպարը, որ ինքը ստեղծում է։ Անընդհատ փորձում է խեղճի, զոհի կերպարանքով հանդես գալ, իբր իրեն ճնշում են, հետապնդում են, իր ստեղծածը խլում են…»,- Երնջակյանին դատի տալու ցանկությունը մշակույթի փոխնախարար Կարեն Արիստակեսյանի մեջ ծագել, ապա հակառակորդի նպատակները խոր վերլուծության ենթարկելու արդյունքում զսպվել է «Անաստվածային կատակերգություն։ Միսս Հայաստան» ներկայացումից հետո։ Հիշեցնենք, որ սույն ներկայացումը Երեւանի Կամերային թատրոնի ղեկավար Ա. Երնջակյանի հակահարվածն էր իր նախաձեռնությամբ ստեղծված «Միսս Հայաստան» մրցույթը պրն փոխնախարարի կողմից «առգրավվելուն»։ Թեեւ Կ. Արիստակեսյանը չի ընդունում փաստի նման ձեւակերպումը. «Նա ասում է, թե իր ստեղծածը խլում են։ Դա այն դեպքում, երբ իրեն կանչում, ասում են՝ արի միասին անենք»։ Ի դեպ, մեր նախնական զրույցի ժամանակ պրն փոխնախարարն ակնարկեց, թե Ա. Երնջակյանը որոշակի դրամական փոխհատուցում է պահանջել՝ «Միսս Հայաստան» մրցույթը անաղմուկ հանձնելու համար։ Այս նույն բանը պրն փոխնախարարը չցանկացավ կրկնել ձայնագրիչի առկայության դեպքում, իր միտքը ձեւակերպելով ավելի մեղմ ու նույնքան լղոզված. «Եթե ես ընդունեի այն խաղի կանոնները, որով առաջնորդվում է պրն Երնջակյանը, ամեն ինչ շատ հանգիստ կլիներ։ Բայց ես երբեք, ոչ մրցույթում, ոչ իրականության մեջ, ոչ անձնական կյանքում, ոչ հասարակական գործունեության մեջ, ոչ էլ որպես պաշտոնյա էդ խաղի կանոնները չունեմ եւ չեմ ունենալու»։ Կ. Արիստակեսյանը չի դիտել Կամերային թատրոնի հիշյալ բեմադրությունը, բայց մտադրություն ունի. «Ես կգնամ ու կնայեմ էդ ներկայացումը։ Ու պետք չէ, որ ինձ հրավիրատոմս ուղարկեն, որ ես գնամ ու իրենք էլ նայեն, թե ո՞վ է նստած եւ ի՞նչ է անում։ Հրավիրատոմսով գնայի, նստեի՝ իմ վրա ծիծաղեի՞ն։ Ու ինքն էլ դրանից լա՞վ զգար իրեն։ Չէ, ես կգնամ, բայց առանց հրավերի ու եթե առողջ հումոր լինի, ինքս էլ կծիծաղեմ։ Սակայն ես արդեն գիտեմ էդ ներկայացման մակարդակի եւ որակի մասին։ Գուցե ծափ տամ, գուցե ծիծաղեմ ում վրա որ պետք է ու կգամ։ Բայց դա էն առողջ ծիծաղը չի լինի։ Ես էնքան ուժ ունեմ, որ իմ թերությունների վրա ծիծաղեմ, բայց այդ ներկայացումը… Պետք է զերծ մնալ «ո՞վ է գողացել -փոխնախարարը- ո՞վ- փոխնախարարը» երկխոսության մակարդակից։ Ես չեմ գողացել ոչ մի բան։ Ինքն էլ դա գիտի, թե չէ՝ դատի կտար»։ Ու այս ամենի արդյունքում մեր փոխնախարարը ցավ է զգում։ Չէ՜, ոչ թե նրանից, որ այդ ներկայացման մեջ կպել են իրեն («Ճիշտ է, անուններ չեն տրվում, բայց պրն Երնջակյանը չպիտի մոռանա, որ ինքը նույն նախարարության թատրոնի ղեկավարն է, իսկ ես՝ նույն նախարարության փոխնախարարը»- Կ. Ա.), այլ այն պատճառով, որ հիասթափություն է ապրում։ Հիասթափվում է Երնջակյանից։ «Ինքը ինձ համար միշտ եղել է մարդ, մշակույթի գործիչ, որը միշտ իր բարձունքի վրա պիտի մնար։ Ու իր այս քայլերը նսեմացնում են այն կերպարը, որ կար։ Միշտ մտածել եմ՝ նորմալ մարդու հետ եմ շփվում, կասկածել եմ, թե ինքն է էդ ամեն ինչը անում, կարծել եմ շրջապատն է դրդում»,- դառնացած խոստովանում է Կ. Արիստակեսյանը։ Եվ ավելացնում. «Ես խնդիր չունեմ, կարող է իր քայլերն անվերջ շարունակել, ես էդքան չեմ մանրանա։ Ես կարող եմ շատ ուրիշ բաներ ասել, շատ բան գիտեմ»։ Մեր հարցին՝ ի՞նչ գիտեք, ինչի՞ մասին է խոսքը, պրն փոխնախարարն ասաց. «Չեմ ասի։ Ասեմ՝ գնաս գրես, հետո ասեն՝ Արիստակեսյանն էլ է նույն կանոններով խաղում»։ Միեւնույն ժամանակ պնդում էր, թե «Միսս Հայաստան» մրցույթը Երնջակյանի ժամանակ անցել է ճիշտ այն ձեւով, ինչպես ներկայացված է «Անաստվածային կատակերգություն։ Միսս Հայաստան» բեմադրության մեջ. «Հիմա էլ կարող եմ առաջարկել, որ գա համագործակցի, բայց ոչ հին խաղի կանոններով։ Այսինքն, ինչպես իր բեմադրության մեջ է՝ աղջիկը հովանավոր գտնի, նոր ներկայանա։ Այդ կանոնները ես չեմ ընդունում, բայց դա չի նշանակում, որ ինքը պիտի ապականի ամբողջ դաշտը։ Երբ ես մեկ տարի առաջ դիտեցի իր կազմակերպած մրցույթը, հասկացա, որ էդ կարգը պիտի փոխվի։ Չպիտի լինի՝ «հովանավոր գտիր, հետո հաղթիր» տարբերակը»։ Եվ եթե Երնջակյանի օրոք ամեն ինչ եղել է «ներքին հովանավորչական» կարգով, ապա այժմ «եղել է շատ հրապարակային եւ բաց։ Իրինա Թովմասյանը միաձայն ընտրվել է, առանց որեւէ ճնշման»։ Եվ «Միսս Եվրոպա» մրցույթում Իրինայի ցույց տված արդյունքը՝ 6-րդ տեղ, խոսում է այդ մասին։ Ի դեպ, նույն «Միսս Եվրոպա» մրցույթում մեր նախկին «Միսս Հայաստանը»՝ Գոհար Հարությունյանը, նույնպես վեցերորդ տեղն էր գրավել։ Սակայն այս անգամ այդ ամենն այլ փայլ է ունեցել, քանի որ «առաջին անգամ Հայաստանը ժյուրիի կազմում էր, եւ իմ փոխնախարար լինելու հանգամանքը նպաստել է աշխարհին նորմալ ներկայանալուն»։ Եվ եթե Ա. Երնջակյանը կարողանա ապահովել մրցույթի «նույնքան բարձր մակարդակը», Արիստակեսյանը պատրաստ է զիջել իր նախագահական տեղը. «Սիրով կզիջեմ, ավելի մեծ խնդիրներ ունեմ, քան գեղեցկուհիներով զբաղվելը։ Բայց սա էն մրցույթն է, որ շա՜տ նուրբ է։ Քեզ պիտի բարոյապես շատ մաքուր ու վստահ զգաս, որ մասնակցես ու ղեկավարես էդ մրցույթը»։ Իսկ ընդհանրապես, պրն փոխնախարարին զարմացնում է այս ամենի շուրջ եղած աղմուկը. «Տարօրինակ աժիոտաժ է առաջացրել էս հարցը։ Հասկանալի է, որ բոլոր պատերազմները, կռիվները սկսվել են աղջիկներից։ Բայց սա էլ է վերաճում մի տրոյական պատերազմի՝ մամուլով։ Գուցե էն սպիտակ ձին էլ, որ բեմի վրա տանում-բերում են, տրոյական ձիու նախանշա՞նն է»։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել