«Դաղալություն» «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը Նաիրի Հունանյանի նկատմամբ թշնամանք չուներ։ Երեկ նա հայտնեց, որ ամբաստանյալին ճանաչում է 1980-ից։ Համլետ Ստեփանյանի համար էլ ասաց, որ տեսել է դատարանի դահլիճում եւ բոլորովին չի ճանաչում։ Ամբաստանյալ Ստեփանյանը հակադարձեց նրան՝ ասելով, որ ինչպե՞ս չի ճանաչում, դեպքի օրը տեսել է։ Ամբաստանյալ Բեջանովի հետ էլ կապված հայտնեց, որ նրան ճանաչել է 99-ի սեպտեմբերից։ Ամենահին «ծանոթը» Աշոտ Կնյազյանն էր, որին ճանաչել է 1970-ից՝ միասին են մեծացել, միեւնույն բակում։ Նա ճանաչում էր նաեւ կրտսեր Հունանյանին։ Ժամը 11։30-ին ավարտվեց ամբաստանյալ Է. Գրիգորյանի դատաքննական ցուցմունքների հրապարակումը մյուս 6 ամբաստանյալների համար, որոնք բերվել էին դահլիճ։ Ամբաստանյալ Գրիգորյանի պաշտպան Կարո Աղաջանյանը իրավաբանական օգնություն մատուցելով հենց տեղում՝ հիշեցրեց, որ իր պաշտպանյալն ունի իրավունք հարցերին չպատասխանելու եւ մի տեսակ հորդորի նման նրան ասաց. «Դուք կարող եք օգտվել այդ իրավունքից»։ Նախագահողը նախ իր զարմանքն արտահայտեց, որ պաշտպանը իրավունքները չբացատրեց հենց իր պաշտպանյալի հարցաքննությունից առաջ եւ որ հարցրեց. «Ես կարո՞ղ եմ դա դիտել որպես կոչ»։ Մեղադրող Գագիկ Ավետիսյանն իր հերթին «հանդես եկավ կոչով», ասելով, որ կատարված հանցանքի բացահայտմանն օժանդակելը կդիտվի իբրեւ մեղմացուցիչ հանգամանք։ Էդիկ Գրիգորյանը օգտվեց հենց իր պաշտպանի իրավաբանական այդ օգնությունից եւ սկսեց հարցերին չպատասխանել։ Նա չպատասխանեց փաստաբաններ Մ. Չիլինգարյանի, Ա. Աթաբեկյանի հարցերին։ Ն. Հունանյանի պաշտպանը հարցեր չուներ։ Այնուամենայնիվ, Մ. Չիլինգարյանը մի արտառոց ակնարկ հնչեցրեց դահլիճում, նախ հարցնելով ամբաստանյալին, թե Աշոտ անունով եղբայր ունի՞, եւ որ Աշոտ անունով եղբորը շփոթել են իր պաշտպանյալ Աշոտ Կնյազյանի հետ։ Մեղադրող Արմեն Հարությունյանի հարցերին էլ ամբաստանյալը չպատասխանեց, թեեւ պատասխանեց հետեւյալ հարցերին՝ դուք ժամանակին ընդունվել եք ՀՅԴ շարքերը, կիսե՞լ եք գաղափարները, ինչին ամբաստանյալը դրական պատասխանեց։ Նույնը վերաբերում էր ՀԸՄԸ գաղափարներն ընդունելուն։ Մեղադրողի հարցերից մեկին, թե որ ցուցմունքներն է պնդում՝ նախաքննակա՞ն, «կամովի՞ն կամ իբր թե ճնշման տակ» տրվածը։ Ամբաստանյալը գերազանցեց իրեն՝ պատասխանելով, թե ինքն արդարացված կեղծիք է թույլ տվել, պայմանավորված ցուցմունքներ եւ որ դատախազությունը «դաղալություն» է անում։ Քրեադատավարական նոր տերմինի իմաստը փորձեց բացել նախագահողը՝ հարցնելով. «Դաղալություն ասել՝ նշանակում է քցե՞լ։ Ի՞նչ դաղալություն են արել»։ Ամբաստանյալը հայտարարեց, որ ինչ-որ վարկած ստուգելու համար զինդատախազությունն առաջարկել է իրենից «պետականամետ դրսեւորում, որպեսզի կասեցնի դավադիրներին»։ Սակայն, երբ մեղադրողը հարցրեց, թե ում հետ է եղել նման պայմանավորվածություն եւ արդյոք դա չի նշանակում, թե ինչպես ամբաստանյալ Ն. Հունանյանն էր, նա էլ է շարունակում զրպարտությունը, ամբաստանյալը գերադասեց չպատասխանել։ Հետեւությունը մնում էր մեղադրողին, որն ասաց. «Ստացվում է, քննիչը մի դեպքում ճնշո՞ւմ էր, մյուս դեպքում պայմանավորվո՞ւմ»։ Եվ որ տրամաբանական էր՝ վերոնշյալ պայմանավորվածության գնալով ամբաստանյալը չէ՞ր զոհաբերում իր ընկերներին։ Ամբաստանյալը պատասխանեց նաեւ Կ. Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանի հարցերին։ Այսօր եւ գալիք երկուշաբթի դատարան են հրավիրվել ԱԺ տուժող պատգամավորները, իսկ հունվարի 28-ին եւ 30-ին տուժող կառավարության անդամները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ