Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ ԴԵՄ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԱՏԸ

Հունվար 24,2002 00:00

Ո՞ՒՄ ԴԵՄ Է ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՊՀ-Ի ՌԵԿՏՈՐԱՏԸ Բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ բաներ փոխվեցին, երբ անվճար ուսուցման համակարգում ընդգրկվեցին նաեւ վճարովիները։ Բուհերում «գերազանցիկների» արտահոսք սկսվեց։ Պարզ է, որ կարմիր դիպլոմ ունեցողները պետք է օգտվեն իրենց տրված իրավունքից. մագիստրատուրայի անվճար համակարգում ընդգրկվեն առանց քննության, առանց հարցազրույցի (ըստ «Կրթության մասին օրենքի» 6-րդ հոդվածի)։ Նույն օրենքով հաստատություններին իրավունք տրվեց կառավարության կողմից իրենց հատկացված ընդունելության ընդհանուր տեղերի շրջանակներում ձեւավորել համակարգի վճարովի եւ անվճար չափանիշները։ Օգտվելով իր իրավունքից, Երեւանի պետական համալսարանի ռեկտորատը, խախտելով ՀՀ «Կրթության օրենքի» 6-րդ հոդվածի պահանջները, ներքին կանոնակարգ ընդունեց (6-րդ կետի «ա» ենթակետ), ըստ որի, մրցույթի առկայության դեպքում հաշվի են առնվում լրացուցիչ չափանիշներ, ինչպիսիք են «գերազանց» ու «լավ» գնահատականների հարաբերակցությունը, քննությունների վերահանձնումները, մասնագիտական առարկաներից «գերազանց» գնահատականների թիվը եւ այլն։ Այստեղ էլ «տերովին տերը տարավ, անտերին՝ գելը»։ Ռեկտորատը եւ մագիստրատուրայի ընդունելության մանդատային հանձնաժողովի 12.06.2001թ. արձանագրային որոշմամբ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի բացարձակ գերազանցիկ, կարմիր դիպլոմակիր Աղավնի Կարապետյանը պետպատվերի կողքով անցավ եւ ընդգրկվեց վճարովի բաժնում։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության 2001թ. պետպատվերով մագիստրատուրայի ընդունելության համար ԵՊՀ-ին նախատեսված 205 տեղը թե ինչպես բաժանվեց ֆակուլտետների վրա, մեզ հայտնի չէ։ Գիտենք միայն, որ Աղավնին էլ անցավ համալսարանի ներքին կանոնադրության 6-րդ կետի «ա» ենթակետի թրի տակով։ Իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար նա դիմեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան։ Անցյալ տարի հոկտեմբերի 25-ին, դռնբաց դատական նիստում, դատավոր Ռ. Ներսիսյանի նախագահությամբ քննության առնվեց քաղաքացիական գործն ըստ Աղավնի Կարապետյանի դիմումի՝ ԵՊՀ-ի պետական մարմնի օրենքին հակասող ակտը անվավեր ճանաչելու պահանջի մասին։ Լսելով կողմերին, ուսումնասիրելով գործում եղած փաստաթղթերը, դատարանը գտավ, որ քննության «վերահանձնումը» որպես լրացուցիչ չափանիշ չի կարող հանդիսանալ, քանի որ այն անհավասար պայմաններ է ստեղծում «գերազանց» գնահատականներով գերազանցության դիպլոմ ստացած անձանց միջեւ։ Ուսանողի կողմից քննության վերահանձնման նպատակը բոլոր առարկաներից «գերազանց» գնահատականներով ավարտելն է, որն էլ նշված է Աղավնի Կարապետյանին տրված Երեւանի պետական համալսարանի AB 002677 կարմիր դիպլոմում, այլապես, քննության վերահանձնման նպատակը անհասկանալի է դառնում։ Ղեկավարվելով ՀՀ քաղդատօրի 130, 132, 138 եւ 163 հոդվածներով՝ դատարանը վճռեց դիմումը բավարարել, անվավեր ճանաչել ԵՊՀ-ի 2001-2002 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի 6-րդ կետի «ա» ենթակետի քննությունների «վերահանձնումների» մասը։ Անվավեր ճանաչել նաեւ մագիստրատուրայի մանդատային հանձնաժողովի 12.06.2001թ. արձանագրային որոշումը՝ Աղավնի Կարապետյանին վճարովի համակարգում ընդգրկելու մասով, պարտավորեցնել Երեւանի պետական համալսարանի մագիստրատուրայի մանդատային հանձնաժողովին, ռեկտորատին՝ Աղավնի Կարապետյանին ընդգրկել մագիստրատուրայի անվճար համակարգում։ Դրանից էլ պարզ վճի՞ռ։ Թվում էր, որ ռեկտորատը սխալն ուղղելու ելք կփնտրի, կվերականգնի աղջկա ոտնահարված իրավունքները կամ, քանի որ ՀՀ կառավարությունն է սահմանում մասնագիտությունների պետպատվերով տեղերը, գուցե դատարանի վճռի, Աղավնի Կարապետյանի սոցիալական ծանր պայմանները (8 անձ, 3 անչափահաս երեխա, 2-րդ կարգի հաշմանդամ ուսուցչուհի մայր) հաստատող փաստաթղթի, մի միջնորդագրի հետ դիմի վարչապետին՝ մագիստրատուրայի համար մեկ անվճար լրացուցիչ տեղ հատկացնելու խնդրանքով։ Բայց այդ մասին մտածել չուզեց ռեկտորատը, պայքարի մեջ մտավ 22-ամյա իր ուսանողուհու հետ։ ԵՊՀ պրոռեկտոր, ակադեմիկոս Լ. Չուբարյանը վճռի դեմ բողոք ներկայացրեց ՀՀ քաղգործերով վերաքննիչ դատարան։ Թեեւ երեք փորձված դատավորներ (Լ. Գրիգորյան, Տ. Սահակյան, Ն. Տավարացյան) էին քննարկում վերաքննիչ բողոքը, բայց կարեւոր մի փաստի քննարկումը «վրիպեց» նրանց ուշադրությունից։ Բողոքում բերված պատճառաբանությունը, որ «արաբագիտություն մասնագիտությամբ պետպատվերի 4 գերազանցիկների թվում Աղավնի Կարապետյանը չէր կարող լինել, քանի որ նրանց դիպլոմի միջուկում միայն «գերազանց» գնահատականներ են»։ Երեք դատավորներից ոչ մեկին չհետաքրքրեց, թե ի՞նչ գնահատականներ կան Ա. Կարապետյանի կարմիր դիպլոմում։ Եթե պահանջեին, կտեսնեին, որ այդ դիպլոմը՝ բացարձակ «գերազանց» միջուկով, ոչնչով չի տարբերվում անվճար համակարգ ընդգրկված 4 գերազանցիկների դիպլոմներից։ Բացարձակ գերազանցիկության լավագույն փաստ է նաեւ այն, որ դեռեւս 2-րդ կուրսում համալսարանը նրան ուղարկել է Դամասկոսի՝ օտարերկրյա ուսանողների համար նախատեսված ինստիտուտում սովորելու։ Հաշվի առնելով նրա գիտելիքները՝ ընդունել են նշված ինստիտուտի ավարտական կուրս։ Ինստիտուտն ավարտել է փայլուն գնահատականներով։ Պետպատվերի տեղերի քանակին գերազանցող հավակնորդ գերազանցիկների թիվը չպետք է թույլ տար ռեկտորատին «վերահանձնած» առարկայի գնահատականը համարել բացասական երեւույթ, երբ այդ որոշում կայացնողը եղել է նույն բուհը։ Չպետք է մագիստրատուրայի անվճար համակարգում սովորելու համար Աղավնի Կարապետյանի կարմիր դիպլոմը դիտել որպես կարմիր խաղալիք։ ՀՀ վերաքննիչ դատարանն էլ չպետք է ռեկտորատի վերաքննիչ բողոքը հալած յուղի տեղ ընդուներ ու բավարարեր պահանջը։ Պայքարը Երեւանի պետական համալսարանի ռեկտորատի եւ նրա սանի՝ Աղավնի Կարապետյանի միջեւ շարունակվում է։ Մնում է սպասել, թե ի՞նչ կասի ՀՀ վճռաբեկ դատարանը։ ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «Առավոտի» ուշադրության կենտրոնում է գտնվում սույն գործը։ Եվ մենք հետամուտ ենք լինելու համալսարանի սանի իրավունքների պաշտպանությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել