Լրահոս
Օրվա լրահոսը

907-ի կասեցումը՝ մեզ օգո՞ւտ

Հունվար 24,2002 00:00

907-ի կասեցումը՝ մեզ օգո՞ւտ Հետեւելով նախագահ Ջորջ Բուշի պահանջին՝ առավել ճկունություն սահմանել Կովկասյան տարածաշրջանում, ԱՄՆ Սենատը վերջերս կասեցրեց 907 բանաձեւը, ահաբեկչության դեմ պատերազմ վարելու նպատակով։ Բուշի վարչակազմը գտավ, որ 907 բանաձեւը սահմանափակում է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պատերազմելու Նահանգների կարողությունը։ Եթե սա իսկապես ճշմարտություն է, ապա այդ կասեցումը ճակատագրի հեգնանքով կարող է հետագայում ծառայել Հայաստանին, քանի որ Բաքվի շարունակական աջակցությունը այնպիսի խմբավորումների, ինչպիսիք են Ալ Քայեդը կամ Մոջահեթները Ադրբեջանում, կարող են Հայաստանին հետագայում շունչ քաշելու հնարավորություն տալ։ Վերջին տասը տարում Ադրբեջանն ի վիճակի չի եղել 907 բանաձեւի կասեցումն ապահովել, չնայած Թուրքիայի նավթային լոբբիի եւ Վաշինգթոնում նրանց հզոր դաշնակիցների աջակցությանը։ Իսրայելի հետ Թուրքիայի բարեկամական հարաբերությունների վերականգնումից հետո, Ամերիկայի ազդեցիկ հրեական խմբավորումները նույնպես օժանդակում են Ադրբեջանի ջանքերին։ Իրականում 907 բանաձեւը առավելապես ձեւական բնույթ ունի, քանի որ Ադրբեջանը արդեն իսկ միլիոնավոր դոլարների օգնություն էր ստանում միջազգային կազմակերպություններից։ Եթե նույնիսկ Միացյալ Նահանգները պետք է հավասարակշռեին Հայաստանին տրվող տարեկան օգնությունը՝ 90 միլիոնից քիչ պակաս, այս թիվը չնչին է թվում Exxon and Co-ի միլիարդների կողքին, որով այն վերջերս խելահեղորեն հեղեղեց Ադրբեջանը՝ նավթի նոր պաշարներ գտնելու հույսով։ Չնայած Ադրբեջանի քաղաքագետները, միեւնույն է, հաճելիորեն ցնցվեցին ինքնին 907-ի կասեցման եւ դրա արժեքավորության խորհրդանշական փաստից։ Ադրբեջանը 907-ը ընկալում է իբրեւ քաղաքական հիմնական սկզբունքներից շեղում, քանի որ չէր կարողանում հաշտվել միջազգային հանրության մեջ հաստատված այն բացասական կերպարի հետ, որն ստեղծվել էր երկրի ներսում բռնատիրական քաղաքականության շնորհիվ։ Հայերի համար 907-ը Պիրոսյան հաղթանակ է, քանի որ մնում է Հայաստանի շրջափակումը եւ Ադրբեջանին տրվող օգնությունը շարունակվում է պայմանավորված լինել կոմերցիոն անփոփոխ սկզբունքներով, այս դեպքում՝ ինքնին Կասպից ծովի գոյությունը, եթե նավթի գերպաշարները դեռ պահպանվում են։ Թեեւ 907-ը շարունակում է մնալ հզոր միջոց՝ Ադրբեջանին ցույց տալու համար, որ Արցախի անկախության հռչակմանը հետեւած նմանօրինակ ագրեսիան Հայաստանի նկատմամբ չի կարող լրիվ անպատիժ մնալ։ Ադրբեջանը ոչ միայն պատերազմն է տանուլ տվել, այլեւ արժանանում է աշխարհի հզորագույն պետությունների դիտողություններին եւ նրան մերժում են խարխլված տնտեսության ենթադրական վերականգնման համար անհրաժեշտ իրական օգնությունը։ Բացի այդ, 907-ի կասեցումը ցույց է տալիս, որ Վաշինգթոնում հայկական լոբբին դեռեւս հզոր է, քանի որ այդ կասեցումը այնպես չեղավ, ինչպես դրա կողմնակիցները ցանկացան։ Կասեցման ժամկետը մինչեւ 2002թ. դեկտեմբերի 31-ն է, որից հետո նախագահը կարող է իր ընտրությամբ երկարաձգել այն եւս մեկ տարով, եթե զգա, որ Միացյալ Նահանգների շահերը դա են պահանջում։ Դա անելու համար մինչեւ Ադրբեջանին որեւէ օգնություն ցույց տալը նախագահը պետք է ստանա համապատասխան հանձնաժողովների հավանությունը։ Կասեցումը կերկարաձգվի, թե ոչ, հավանական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հովանավորները դեռ երկար կշարունակեն նշանառության տակ պահել 907 բանաձեւը։ 907 բանաձեւի կասեցումը իրական հնարավորություն է տալիս դիտարկելու ամերիկյան օրենսդրական պրոցեսները եւ դրանց վրա ազդող տարբեր գործոնները, որոնք են՝ որոշակի շահերի շուրջ կազմված խմբավորումները, էթնիկ լոբբիները, միջազգային կորպորացիաները, օտարերկրյա կառավարությունները. սրանք միայն ակնհայտ գործող անձինք են։ Սա ընդգծում է նաեւ ամերիկյան ժողովրդավարության հիմնական սկզբունքը, այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի ցանկության դեպքում կարող է ազդել ազգային քաղաքականության վրա, տվյալ դեպքում աջակցելով Ամերիկայի հայկական լոբբիին։ Ամերիկյան ժողովրդավարությունը եւ Հայկական հարցը մի օր իսկապես հաղթանակ կտանեն, երբ հասարակ մարդկանց ջանքերը կգերազանցեն ռազմական բռնապետությունների եւ բիզնեսմենների ջանքերին։ Մինչ այդ, Ամերիկայի հայերը կշարունակեն իրենց լոբբիստական ջանքերը, քանի դեռ պահպանվում է 907 բանաձեւը եւ ավելանում է Հայաստանին եւ Արցախին ցույց տրվող ամերիկյան օգնությունը։ ՔՐԻՍՏՈՖԵՐ ԱԴԱՄՅԱՆ Նյու Յորք, հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել