ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ Սահմանադրության խորհրդարանական նախագծի շուրջ համախմբված վեց կուսակցությունները երեկ հայտարարեցին Սահմանադրական շարժում սկսելու մասին: Երեւանի Կինոյի տանը հավաքված մոտ 300 հոգուն նրանք ներկայացրին սահմանադրական իրենց նախագիծն ու Սահմանադրական շարժման նպատակները: Դրանք են՝ ապահովել ժողովրդի հակազդեցությունը նախագահի թելադրանքով առաջնորդվող պատգամավորների ու կուսակցությունների հանդեպ, հասնել այն բանին, որ հանրաքվեի դրվի նաեւ վեց կուսակցությունների առաջարկած Սահմանադրության նախագիծը: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով, եթե Ռ.Քոչարյանը վստահ չլինի, որ իր նախագիծը կանցնի հանրաքվեով, դրա անցկացումը կհետաձգի մինչեւ նախագահական ընտրություններ. «Պարտված նախագահը շատ ավելի թույլ հնարավորություններ է ունենալու ապագա նախագահական ընտրություններում հաղթելու»: ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը ասաց. «Համոզված եղեք, եթե սահմանադրական գործընթացը դիտավորյալ, ուժային միջոցներով, բռնի կերպով չտապալվի, ապա դա այն հարցն է, որին չի կարող դիմադրել որեւէ ուժ երկրի ներսում»: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ծանուցեց, որ կուսակցությունը «օրենքով սահմանված կարգով» ամեն կերպ պարտադրելու է ԱԺ պատգամավորներին քվեարկել, որպեսզի երկու սահմանադրական նախագծերն էլ դրվեն հանրաքվեի: Գործող Սահմանադրությունը որեւէ իրավական մեխանիզմ չի նախատեսում, որով ընտրողների ճնշման տակ ընտրովի մարմինները փոխեն իրենց կարծիքը: Սահմանադրական շարժման նախաձեռնողները, սակայն, համոզված են, թե կկարողանան սահմանադրական փոփոխությունների նախագահական տարբերակը պաշտպանող պատգամավորների ճամբարից անհրաժեշտ թվով ձայներ խլել: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի