Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՏՄԱՄԲ ԷԼ ՉԵՍ ՀՆԱՐԻ

Հունվար 24,2002 00:00

ԴԻՏՄԱՄԲ ԷԼ ՉԵՍ ՀՆԱՐԻ Երբ «Առավոտը» հրապարակեց այն տեղեկությունը, թե 2002 թ. պետբյուջեին «դեմ» քվեարկելու համար «Հայաստան» պատգամավորական խմբի անդամներ Սասուն Միքայելյանն ու Մյասնիկ Մալխասյանը ՀՀԿ խորհրդի միաձայն որոշմամբ հեռացվել են ՀՀԿ-ից, վերջինս խմբագրությունից պահանջեց հրապարակել հերքում, թե իրենք երբեւէ այդ կուսակցության անդամ չեն էլ եղել։ Սակայն մենք հրաշալի հիշում էինք, որ նրանք երկուսն էլ ղեկավարում էին ՀՀԿ տարբեր տարածքային կազմակերպություններ։ Իսկ երբ «Հայաստան» խմբի մի մասն անդամակցեց «Հանրապետություն» կուսակցությանը, լրագրողները երկար ժամանակ ճեպազրույցներում «տանջում» էին Մյասնիկ Մալխասյանին, թե ինքը երբ է ՀՀԿ-ից դուրս գալու եւ անդամակցելու «Հանրապետությանը»։ «Հայաստան» խմբի ղեկավարն իրեն բնորոշ հանդարտ ոճով պատասխանում էր, թե՝ դեռ տեսնենք դուրս եկածներն ինչ են լինելու՝ նոր։ Այս ամենը հիշելով՝ հերքում այդպես էլ չհրապարակեցինք։ Այդ ժամանակ պրն Մալխասյանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռ/կ-ին, որի թղթակիցը, բարեբախտաբար, նույնպես հիշում էր ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ հարցին ճեպազրույցներում տրված պատասխանները։ «Դա կատակով էի ասում»,- հիշեցմանն այսպես արձագանքեց Մյասնիկ Մալխասյանը։ Իսկ այն հարցին, թե հապա ի՞նչ հիմքով էիք գլխավորում ՀՀԿ Արագածոտնի եւ Կոտայքի մարզային կազմակերպությունները, պրն Մալխասյանն արդեն լիովին արտառոց պատասխան տվեց. «Իրենք իրենց որոշել են, որ խորհրդի նախագահ ենք՝ մենք տեղյակ չէինք։ Իրենք իրենց էլ որոշել են, որ փոխել են խորհրդի նախագահին»։ Իսկ ի՞նչ էին անում այդ ժամանակ պարոնայք Մալխասյանն ու Միքայելյանը՝ հայտնի չէ։ Թեեւ նույն հարցազրույցում «Հայաստան» խմբի ղեկավարը խոստովանում է, որ երբ ՀՀԿ խորհրդում քննարկվելու էր իրենց հեռացնելու հարցը՝ իրեն տեղեկացրել են։ Հետաքրքիր է, եթե իրոք ՀՀԿ անդամ չեն եղել՝ ինչպե՞ս չի զարմացել, թե այդ ուր են իրեն կանչում եւ ինչու։ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն, այսուհանդերձ, պնդեց, որ այդ երկուսի քարտերը եւ դիմումները կուսակցության խորհրդի աշխատակազմում են։ Ուստի Մյասնիկ Մալխասյանի պնդումները, թե ինքն ու Սասուն Միքայելյանը երբեք ոչ դիմում են ներկայացրել ՀՀԿ, ոչ էլ վկայական ունեին՝ ավելին չեն, քան դուռը շրխկացնելու փորձ, երբ այն արդեն փակվել է քո առջեւ։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել