Լրահոս
Օրվա լրահոսը

Չուգունե օրինապահություն

Հունվար 24,2002 00:00

Չուգունե օրինապահություն ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանը հանրահայտ դարձավ մամուլում իր մականվան հրապարակման եւ դրան հետեւած դատավարության շնորհիվ։ Սակայն կարող էր լինել էլի մի դատավարություն՝ հարկային պարտավորությունների չկատարման հայցով, եւ նորիկ Այվազյանը էլի կդառնար թերթերի հերոսը, եթե չլիներ մի գործոն, որ ազդու էր նաեւ այն ժամանակ, երբ այդ իրավաբանը փորձում էր վրեժխնդիր լինել լրագրողից իր մականունը հրապարակելու համար։ Արդարադատության համակարգում շատերը Նորիկ Այվազյանի ընկերները, ծանոթները եւ նախկին ուսանողներն են, կամ էլ նրանց զավակներն են այժմ ուսանում ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում։ Այդպես էլ Երեւանի Կենտրոն համայնքի դատախազ Շահինյանը՝ բանավոր պատճառաբանելով, որ իր աղջիկը Նորիկ Այվազյանի ուսանողն է, հրաժարվել էր ընթացք տալ նրա որդու չարաշահումների մասին վկայող դիմումին։ Երեւանի Կենտրոն համայնքի դատախազը նաեւ պատճառաբանել էր, թե հարկային խնդիրներն իրենց լիազորությունների շրջանակում չեն։ Սակայն նախ նշենք, թե ինչ դիմումի մասին է խոսքը։ Դատախազությանն է դիմել Նորիկ Այվազյանի որդու՝ Արտավազդի տնօրինության ներքո գտնվող «Մարգարիտա» գրավատան եւ «Շտապ փրկություն» դեղատան նախկին գլխավոր հաշվապահը (տվյալները խմբագրությունում են)։ Որքան մեզ հայտնի է, նա աշխատավարձի խնդիրներ է ունեցել ընկերության ղեկավարության հետ, եւ դրանց չլուծումն էլ, ի վերջո, նրան դրդել է բացահայտել նաեւ իր գիտությամբ կատարված ապօրինությունները։ Դրանցից առաջինը նախկին գլխավոր հաշվապահի հետեւյալ խոստովանությունն է, որ 2001 թ. հունվարից մինչեւ օգոստոսն իր աշխատանքի ընթացքում «տնօրենի հանձնարարությամբ հաշվապահական փաստաթղթերը ձեւակերպել եւ հանձնել եմ Խորհրդային հարկային տեսչություն ոչ ճիշտ (համարյա զրոյական) տվյալներով»։ Երկրորդն այն է, որ տնօրեն Արտավազդ Այվազյանը «Մարգարիտա» ՍՊԸ-ում ունի կնքված պայմանագրեր 1000-ից ավելի հաճախորդների հետ»։ Ընդ որում, ըստ դիմումատուի, այդ պայմանագրերը ապօրինի են կնքվում. «Պայմանագրի վրա կնիք չի դրվում, այլ գրավատան աշխատակցուհին ուղղակի ստորագրում է պայմանագրի վրա»։ «Մարգարիտա» գրավատունը, նախկին գլխավոր հաշվապահի վկայությամբ, ամսական 3000- 7000 դոլարի շրջանառություն ունի։ Այն գործում է 1998-ից եւ մինչ այժմ «ոչ մի հարկային պարտավորություն նորմալ չի կատարել»։ Գրավատունը գործում է երկու տարբեր հասցեներում՝ Աբովյան փողոցի վրա, բժշկական համալսարանից դեպի «Երիտասարդական» մետրո անցումին մերձակա կտորեղենի խանութի ներսում եւ Գայի 5 հասցեում. «Տվյալ տարածքները տրված են վարձակալությամբ, որից եկամտահարկ չի գանձվում»։ Ի դեպ, «Շտապ փրկություն» դեղատունը, ըստ դիմումատուի, Արտավազդ Այվազյանն աշխատեցնում է ոչ իր անունով. «Ըստ օգոստոս ամսվա գույքագրման արդյունքների՝ պարզվեց, որ դեղատան դեղորայքների մնացորդը կազմում է մոտ 1.980.000 դրամ»։ Բացի այդ, նախկին գլխավոր հաշվապահին հայտնի է դարձել, որ Այվազյանին է պատկանում նաեւ «Իրավագետ» ՍՊԸ փաստաբանական ծառայությունը. «Մարգարիտա» եւ «Շտապ փրկություն» ՍՊԸ-ներն անօրինական աշխատեցնելու, զրոյական հաշվետվություն հանձնելու հետեւանքով, այդ գումարները նա ծախս է ցույց տալիս «Իրավագետ» ՍՊԸ-ի հաշվետվության մեջ, բայց ծառայությունների մուտքերը որպես իրացում ցույց չի տալիս։ Օրինակ, «Գրեյթ Արարատի» շահերը դատավարությունում իրենք են պաշտպանել, բայց այդ գումարները ցույց տրված չեն»։ Հաշվապահությամբ իրացում ցույց չի տրվում նաեւ այլ դատավարություններում այս իրավաբանների բավական բարձր (300-700 դոլար) ծառայությունների դիմաց. «Դրանից էլ առաջանում են գերավճարներ»։ Ըստ գլխավոր հաշվապահի, «Իրավագետ» ՍՊԸ-ն 1 մլն դրամից ավելի գերավճար ունի «Կենտրոն» տարածքային հարկային տեսչությունում։ Պետությանը հասցված նման վնասները ցանկացած շարքային ձեռներեցի շատ թանկ կարժենային։ Սակայն Այվազյանը կարողանում է խուսափել հարկային պարտավորությունների օրինապահ կատարումից, եւ դրանց վերաբերյալ դիմումներն էլ մնում են անհետեւանք։ Խորհրդային տարածքային հարկային տեսչության պետ Ա. Քամալյանին հասցեագրված դիմումում նախկին գլխավոր հաշվապահը սրա պատճառն էլ է նշել՝ «Արտավազդ Նորիկի Այվազյանի հոր մեծ շրջապատն է», նրա ընկերները եւ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում սովորող նրանց զավակները, որոնք պիտի քննություններ հանձնեն։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել