ՎԱ՜Յ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԾԱՌԱՅՈՂԻՆ Քաղաքացիական ծառայության հանձնաժողովը թքած ունի ծառայողի եւ օրենքների վրաԵրկար եւ սկանդալային քննարկումներից հետո, ի վերջո, անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ն նախագահ Քոչարյանի գրպանային մի քանի կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ՀԺԿ-ից անջատված թեւի, ՀՅԴ-ի եւ ԱԺՄ-ի ներկայացուցիչ պատգամավորների համերաշխ քվեարկության արդյունքում ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Թե իրենից ինչ էր ներկայացնելու եւ իշխանությունների ձեռքին ինչպիսի մահակ էր այն դառնալու պետական ծառայողների դեմ՝ ի սկզբանե պարզ էր: Այդուհանդերձ, ԱԺ-ի ընդունած սույն օրենքը արդեն 2001-ի դեկտեմբերի 27-ին Ռ.Քոչարյանը, բնականաբար, վավերացրել էր: Կառավարությանն առընթեր Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության կոլեկտիվը, թերեւս, առաջինն էր, որ իր սեփական մաշկի վրա զգաց ոչ միայն այդ օրենքի, այլեւ հունվարի 15-ին արդեն ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Քաղաքացիական ծառայության խորհրդի բուն էությունը: Բայց ամեն ինչ՝ հերթով: Բանն այն է, որ հիմք ընդունելով նախագահ Քոչարյանի՝ հունվարի 15-ի՝ Քաղաքացիական ծառայության խորհուրդ ստեղծելու մասին հրամանագիրը, ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ կառավարությանը ներկայացնում է նախագիծ, որով Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը վերակազմավորվում է: Այդ վարչության գործառույթներից գլուխ չհանող այդ կառավարությունը իր ներկայացրած նախագծով որոշում է վարչությունը, ըստ էության, լուծարել, Գրահրատարակչությունը վերակազմավորել մշակույթի նախարարության կազմում՝ իբրեւ Գրահրատարակչության գործակալություն: Իսկ Տեղեկատվության վարչության հետագա ճակատագրի վերաբերյալ, պարզվում է, նա դեռ որոշակի ծրագրեր նույնիսկ չունի: Միաժամանակ, սույն նախագիծը մեկամսյա ժամկետ է տրամադրում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի, նաեւ՝ մշակույթի նախարարություններին՝ որոշումից բխող փոփոխություններ անելու, առաջարկություններ ներկայացնելու եւ Գրահրատարակչության գործակալության կանոնադրությունը նախապատրաստելու համար: «Հաջորդն օր իսկ Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն եկավ Քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահ Մանվել Բադալյանն իր թիմով, եւ սկսեցին առանց «ավելորդ ձեւականությունների» սենյակից-սենյակ անցնել, նայել վարչությանը պատկանող շենքի աշխատասենյակները եւ առանձնացնել իրենց դուր եկածները: Ընդ որում, դա անում էին շատ արհամարհական եւ լկտի ձեւով՝ առանց բարեւելու, սենյակ մտնելու թույլտվություն խնդրելու կամ նկատելու, որ այնտեղ մարդիկ կան: Նայում էին պատերին, պատուհաններին՝ լավն է, վատն է, ու գնում»,- պատմեցին վարչության աշխատողները: Վերջիններիս հետ զրույցից պարզ դարձավ, որ Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը մինչ օրս այդպես էլ որեւէ պաշտոնական գրություն չի ստացել, թե իրենց շենքը տրամադրվում է Քաղաքացիական ծառայության հանձնաժողովին, որ վարչությունը կառուցվածքային փոփոխության է ենթարկվելու: Ավելին, պարզվում է, որ կառավարության սույն որոշումն էլ ընդամենը նախագիծ է, քանի այդ գործընթացի համար տրամադրված ժամկետը՝ մեկ ամիսը, դեռ չի էլ անցել, նախագահն էլ այդ որոշումը տակավին չի վավերացրել: Բայց վարչապետի, կառավարության եւ Ռ.Քոչարյանի «մարտական» տրամադրվածությանը, թերեւս, տեղյակ Քաղաքացիական ծառայության հանձնաժողովականներն արդեն հունվարի 17-ից նախաձեռնել են վարչության աշխատողների տեղահանությունը: Վարչության աշխատողներն ընդգծեցին նաեւ, թե ոտնահարվում են իրենց իրավունքներն ու Աշխատանքային օրենսգրքի հոդված 36-ի առաջին կետի պահանջները: Այսինքն, եթե վարչությունը վերակազմավորվում է, ապա օրենքի պահանջի համաձայն մեկ ամիս առաջ պետք է ձեւավորվի Լուծարային հանձնաժողով՝ գույքի, փաստաթղթերի հանձնման-ստացման համար, նաեւ աշխատողներին պետք է շուրջ մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացվի այդ եւ կրճատումների մասին, ինչը չի արվել: Իսկ ի՞նչ է մտածում իր վարչության եւ իր ենթակաների հետագա ճակատագրի մասին ինքը՝ վարչության պետ, գրող Է.Միլիտոնյանը: Վերջինիս քարտուղարուհին նույնիսկ հարկ չհամարեց տեղեկացնել պարոն Միլիտոնյանին, որ լրագրողներ են եկել եւ ուզում են իր հետ հանդիպել՝ «Պայմանավորված ե՞ք: Եթե՝ ոչ, այդ դեպքում նա ձեզ չի ընդունի»: Ուստի ստիպված ենք Է.Միլիտոնյանի անունից ասել այն, ինչ վարչության աշխատողները պատմեցին: Իսկ ասացին հետեւյալը՝ պետն իրենց հրավիրել եւ հավաստիացրել է, թե վարչությունն առայժմ զբաղեցնելու է շենքի միայն 3-րդ հարկը: Բայց թե ինչի հիման վրա՝ նա էլ չի պարզաբանել: Աշխատողները միայն տեղյակ են, որ կառավարության եւ նախագահի աշխատակազմերի ներկայացուցիչներն են եղել վարչությունում եւ մասնավորապես կառավարության աշխատակազմի ղեկավար Մ.Թոփուզյանը վերջիններիս մտերմիկ խորհուրդ է տվել՝ այնպես արեք, որ կոլեկտիվը չըմբոստանա: Բայց, ինչպես երեւում է, կոլեկտիվն արդեն ըմբոստացել է տեղի ունեցող անօրինականությունից եւ հանձնաժողովականների՝ «ֆամիլյար» ու «թքողական» վերաբերմունքից: «Մարդիկ, ովքեր հասկանում են օրենքներից եւ պահանջել են ցույց տալ այն փաստաթուղթը, որի հիման վրա շենքը դատարկվում է «տանտերերից»: Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Մանվել Բադալյանը աշխատողների երեսին, որ ավել, ոչ պակաս, նետել է՝ «եթե փաստաթուղթ է պետք, հենց հիմա կբերեն, եւ բոլորդ ստեղից կավլվեք»: Իհարկե, չեն բերել: Սա ասում է մարդ, որը կոչված է ղեկավարել այդ կառույցը եւ որոշել քաղաքացիական ծառայողների ճակատագիրը»,- պատմեց աշխատողներից մեկը: Դե ինչ, դա շատ բնական եւ սպասելի էր հատկապես այդ հանձնաժողովից, որն անգամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը հարգել չգիտե: Խոսքն այդ դեպքում սույն օրենքի հոդված 25-ի մասին է՝ «քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են…»: Իսկ ինչպես արդեն նշեցինք, գրավոր որեւէ փաստաթուղթ պարզապես գոյություն չունի, բայց որ սրանից հետո կլինի, թերեւս, կասկած չունենք: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ