Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՆՏԵՂ ՄԱՐԴ ԵՆ ՍՊԱՆՈՒՄ, ԻՍԿ ԴՈՒՔ ՋԱԶ ԵՔ ԼՍՈՒՄ»

Հունվար 24,2002 00:00

«ԱՅՆՏԵՂ ՄԱՐԴ ԵՆ ՍՊԱՆՈՒՄ, ԻՍԿ ԴՈՒՔ ՋԱԶ ԵՔ ԼՍՈՒՄ» Ջավախքի հասարակական-քաղաքական 18 կազմակերպություններ նամակ են հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որում խնդրում են քայլեր ձեռնարկել, Պողոս Պողոսյանի սպանության առիթով հարուցված քրեական գործի դատաքննությունը անաչառ քննության ենթարկել։ Նամակը ստորագրել են «Ջավախք» ժողովրդական շարժումը, Ջավախքի ֆերմերների միությունը, Վրաստանի Կոմկուսը, սկաուտական կազմակերպությունը, Նինոծմինդայի «Փարվանա» գրողների միությունը, Ախալքալաքի վետերանների միությունը (նաեւ՝ Նինոծմինդայի), «Շառլ Ազնավուր» ԲՄ-ն եւ այլք։ Նամակում մասնավորապես նշվում է. «Հասարակության սպասումներին հակառակ, քննչական մարմինների կողմից դատարան ներկայացրած եզրակացությունում ամբողջությամբ աղավաղված են գործի հետ կապված իսկական փաստերն ու անձինք։ Առաջ են քաշված անհիմն եւ մտացածին փաստարկներ։ Ոճրագործների ստվար խմբից «մեղադրանք» է ներկայացված միայն մեկի նկատմամբ։ Նրանց հուժկու հարվածներից նույնիսկ պաշտպանվել կամ փախչել չհասցրած տուժողն այսօր վեր է ածվել հանցագործի։ Կոպտորեն ոտնահարվել են իրավաբանական, դատաբժշկական ու բարոյական բոլոր նորմերը, ինչը պետք է որ մտահոգեր յուրաքանչյուր մարդու։ Դեպքին ներկա գտնվող հարյուրավոր քաղաքացիներ սեփական անձի անպաշտպանվածությունից եւ հետապնդումների ենթարկվելու վախից խուսափում են դատարանում վկայություններ տալուց»։ Վերջում ջավախահայության ներկայացուցիչները հույս էին հայտնել, թե նախագահը կնպաստի ճշմարտության հաստատմանը։ Ի դեպ, նման հույս դեռեւս շարունակում է փայփայել նաեւ սպանվածի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը։ Ի՞նչ հիմքով է տուժողի իրավահաջորդը նման հույս փայփայում։ «Հետո կիմացվի»,- սա էր հարցի պատասխանը։ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց Պողոս Պողոսյանի սպանության առիթով հարուցված քրգործի դատավարությունը։ Պողոս Պողոսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանը միջնորդություն ներկայացրեց, որով առաջարկեց որպես նոր վկա հարցաքննել Ուկրաինայում բնակվող կինոռեժիսոր Ռոման Բալայանին, վերջինիս կնոջը եւ դստերը. «Այն մասին, որ այս անձինք ականատես են եղել այնքան, որքան Նեդա Դալալյանը, ցուցմունք տվեց հենց ինքը՝ վերջինս, անգամ ասաց, որ Բալայանը զայրացած էր»։ Այս միջնորդությունը դատարանը մերժեց, պատճառաբանելով, որ դեպքի օրը «Պապլավոկում» Բալայանները այնպիսի տեղում են նստած եղել, որ որեւէ կարեւոր բան չեն կարող ասել քննվող գործի վերաբերյալ։ Փաստաբան Ռուբեն Սահակյանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր այն արտասահմանցուն, որն անգլերեն ինչ-որ բան է բղավել, ցույց է տվել Եվրախորհրդի ինչ-որ փաստաթուղթ եւ ասել է, թե ինքը կդիմի դեսպանատուն։ Բազմաթիվ վկաներ վերոհիշյալ օտարերկրացու մասին ցուցմունք են տվել, որ «զուգարանում է եղել անգլալեզու մի քաղաքացի, տարիքն են նշել, արտաքին տեսքն են նկարագրել եւ ասել հետեւյալը, որ նա գոռում էր՝ «այնտեղ մարդ են սպանում, իսկ դուք այստեղ ջազ եք լսում»։ Թվում է, թե այս վկան պետք է հայտնաբերվի եւ հարցաքննվի»։ Ռուբեն Սահակյանի այս միջնորդությունը դատարանը չմերժեց։ Համապատասխան գրություն կուղարկվի ԱԳՆ եւ ինֆորմացիա ստանալուց հետո կորոշվի հետագա անելիքը։ Ռուբեն Սահակյանը գտնում է, որ այս վկային հարցաքննելը շատ կարեւոր է, որովհետեւ միայն այս վկայի մասին են ասում, որ նա եղել է զուգարանի միջանցքում։ Ուրիշ ոչ ոք, ըստ ցուցմունքների, այս տարածքում չի եղել։ Պարզապես արձանագրենք, որ երբ դատարանը որոշեց որպես վկա հայտնաբերել եւ հարցաքննել օտարերկրացուն, ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը տեղից արձագանքեց. «Բայց անգլիացին վերջում է եկել, իրանից առաջ Ստեփան Նալբանդյանն էր»։ Ռուբեն Սահակյանի միջնորդությամբ երեկ հարցաքննվեց նաեւ սպանվածի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը։ Վերջինս դատարանին հայտնեց, որ մեկը, որը վախենում է իր անունը հրապարակել, Անդրանիկ Պողոսյանին պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես էին «ծնկաչոք Պողոս Պողոսյանին բռունցքներով հարվածում եւ թե ինչպես են վզին ռետինե խողովակ գցել եւ քաշելով տարել զուգարանի կողմը»։ Տուժողի իրավահաջորդը չասաց, թե ով է այդ ականատեսը. «Անունը տամ, մարդուն գործից կազատեն, սոված կմնա։ Ո՞վ կհամարձակվի իր անունից այդ բաներն ասել։ Բայց էդ նույն մարդու նույն օրվա պատմածով՝ տերերը (հավանաբար նկատի ունի սրճարանի տերերին- Մ. Ե.) ցանկացել են օգնել, թիկնապահներն ասել են՝ մոտեցաք՝ կսպանենք։ Նորից կրկնում եմ, եթե մեր ղեկավարությունը ցանկանա մեր պետության, մեր ազգի հեղինակությունը միջազգային ասպարեզում չընկնի, պետք է էս գործը բացահայտեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել