Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԿԱՐՅԱՆԸ ՆՎԱՃՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ

Հունվար 23,2002 00:00

ԱՍԿԱՐՅԱՆԸ ՆՎԱՃՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԸ Հունվարի 21-23-ն ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ֆիլմադարաններից մեկը՝ «Հարվարդ ֆիլմ արխիվը» անցկացնում է ռեժիսոր Դոն Ասկարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրում։ «Ռեժիսորը ֆոկուսի մեջ» ծրագրով կցուցադրվեն նրա «Կոմիտաս», «Ավետիք» ֆիլմերը եւ ռեժիսորի «Հին հռովմեական ճանապարհին» վերջին աշխատանքը, որը մեծ հաջողությամբ ցուցադրվել է միջազգային մի շարք կինոփառատոներում։ 2001 թվականի հոկտեմբերին հետահայաց համանման ցուցադրումներ են եղել ԱՄՆ-ում՝ Սարասոտայի համաշխարհային կինոփառատոնում եւ Հռոմի Ազիատիկամեդիալե փառատոնում։ Ահա թե ինչ է գրում իր ծրագրում «Հարվարդ ֆիլմ արխիվը» Դոն Ասկարյանի մասին. «Դոն Ասկարյանը ամենանշանավոր հայ ռեժիսորն է Սերգեյ Փարաջանովի ժամանակներից ի վեր, ստեղծում է ֆիլմեր, որոնք հետազոտում են իր հայրենի երկրի պատմությունն ու ոգին։ Նա այդ անում է ժամանակակից իդիոմների օգնությամբ, որ ներառում են սյուրռեալիստական հնչերանգներ եւ հզոր կերպարներ, որոնք քննադատները հաճախ բնորոշում են իբրեւ մոգական ռեալիզմ-իրապաշտություն, որ ընդգրկում է գեղեցկության եւ բրուտայնության ծայրահեղությունները։ Ծնված լինելով 1949 թվականին Լեռնային Ղարաբաղում, Դոն Ասկարյանը պատմություն եւ արվեստ է ուսումնասիրել Մոսկվայում, որտեղ աշխատել է ռեժիսորի եւ կինոքննադատի ասիստենտ՝ ընդհուպ մինչեւ իր բանտարկությունը՝ 1975 թվականը։ 1978թ. տարագրվելով Արեւմտյան Բեռլին՝ Ասկարյանը սկսում է ստեղծել իր մեդիտացիաները Հայաստանի մասին՝ սկսելով Չեխովի «Արջի» էկրանավորումից։ Այդ ժամանակվանից սկսած նա նկարահանել է փաստագրական, կենսագրական էսսեներից մինչեւ գեղարվեստական մի շարք ֆիլմեր, որոնք աշխարհով մեկ պարգեւների եւ ճանաչման են արժանացել փառատոներում։ ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել