Լրահոս
Օրվա լրահոսը

Գրադարանները՝ «թշվառ, անտեր»

Հունվար 23,2002 00:00

Գրադարանները՝ «թշվառ, անտեր» Արդեն 2-րդ տարին է, ինչ Լոռու մարզի հանրապետական ենթակայություն ունեցող գրադարանը Վանաձորում «թշվառ, անտեր»-ության է մատնված. թերթերի ու ամսագրերի բաժանորդագրության գործը կարծես «նավսած» լինի։ Ընդամենը մի քանի ամիս առաջ խոսք էր գնում այն մասին, թե իբր նոր սկսվող տարում գրադարանի ընթերցասրահը 2 տարվա դադարից հետո կրկին թերթեր կստանա (նույնիսկ բաժանորդագրության աշխատանքներ էին սկսվել)։ Բայց… ավաղ։ Մեր երկրում դրամաշնորհների բազմառատության պայմաններում այդպես էլ չգտնվեց մշակութային որեւէ հիմնադրամ կամ ազատ մամուլի եւ ժողովրդավարության զարգացմանն ուղղված դրամաշնորհ, որը ֆինանսավորեր մարզային գրադարաններին (տարիներ առաջ, օրինակ, նման ֆինանսավորում իրականացվեց բաց հասարակության հիմնադրամի կողմից)։ Փաստորեն, վտանգվում է թերթերի արխիվային ֆոնդի պահպանման ճակատագիրը։ Բայց չէ՞ որ թերթերը ժամանակագրություն են, պատմական արժեք, անկախ այն բանից, թե կուսակցական ի՞նչ պատկանելություն ունեն եւ կամ որքանո՞վ են ազատ։ Միջանկյալ նշենք, որ գրադարանների զարգացումը վերջին մի քանի տարիներին ընթանում է միջազգային կազմակերպությունների կողմից օտարալեզու, նեղ-մասնագիտական գրականության տարածման նպատակով։ Հատուկենտ մնացած գրատներում կամ հենց փողոցում հիմա դժվարությամբ է գիրք վաճառվում։ Գրադարանի համար կարող էին գոնե դրանք գնվել հովանավորության կարգով։ Փաստորեն եւ մամուլը, եւ գրականությունը պետական հոգածության անհրաժեշտություն ունեն։ Ուրիշ որտե՞ղ պետք է պահպանվեն թերթերը, ամսագրերն ու գրքերը, եթե ոչ՝ գրադարաններում։ Ինչեւէ։ Դառնանք նորից մամուլին։ Լոռու մարզի կենտրոնական գրադարանն ընդամենը 3 անուն թերթ է ստանում. «Հայաստանի Հանրապետություն», «Հայկական ժամանակ» եւ «Լոռու մարզ» (ըստ որոշ տեղեկությունների՝ դրանք նվիրատվական կարգով են ստացվում)։ Ստացվում է նաեւ «Գարուն» ամսագիր, իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, մի քանի տասնյակ թերթեր (նկատի չի առնվում թերթ-խաչբառերը) ու ամսագրեր են հրատարակվում, գումարած՝ ԱՊՀ-ից առաքվող թերթերը ու դրանցից շատերը կրպակներում մնում-մնում՝ կրկին ետ են վերադարձվում։ Եթե այս վիճակում է մարզկենտրոնի գրադարանի ընթերցասրահը, դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ վիճակում կլինեն առավել փոքր բնակավայրերի կամ գյուղական համայնքների գրադարանները։ Նշենք, որ Լոռու մարզի հանրապետական գրադարանը, ինչպես նաեւ մշակութային այլ օջախներ, վաղուց ի վեր քաղաքակիրթ ձեւով չեն ջեռուցվում ձմռան ամիսներին, ինչն էլ նպաստում է այցելուների թվաքանակի նվազմանը։ Այդուհանդերձ, հիմնական «շարժը» տեղի է ունենում ուսանողության եւ դպրոցականների հաշվին։ Եթե գրադարանը հավուր պատշաճի ջեռուցվեր, թերթերի բազմառատություն լիներ, այցելուների թիվն առավել մեծ կլիներ, մանավանդ որ քաղաքում գործազուրկների հոծ բանակ կա, որոնք չգիտեն, թե օրն ինչպե՞ս «սպանեն» եւ, օրվա դատարկությունը լցնելու համար կամ այս ու այնտեղ խմբվում են, կամ՝ նեղսրտած, ողջ օրը հայհոյում պետության ղեկավարներին։ Մինչդեռ թերթերից կարող էին իրենց համար օգտակար ինչ-որ նորույթ իմանալ եւ մի գործ ձեռնարկել։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել