Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՈՆՈՄԱՐՅՈՎԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԵԿ ՔԱՅԼ

Հունվար 23,2002 00:00

ՊՈՆՈՄԱՐՅՈՎԻՆ ՄՆՈՒՄ Է ՄԵԿ ՔԱՅԼ Մոսկվայում ընթացող շախմատի՝ ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը՝ ուկրաինացի գրոսմայստերներ Ռուսլան Պոնոմարյովի եւ Վասիլի Իվանչուկի միջեւ, ամենայն հավանականությամբ, կավարտվի առաջին փուլի համար սահմանված ժամկետներում։ Հինգերորդ տուրում հաշվի մեջ Պոնոմարյովին հետապնդող Իվանչուկը սեւերով ընտրեց իսպանական պարտիա կոչվող տարբերակը ու թվում էր, թե անպայման կկարողանա վերականգնել հավասարակշռությունը։ Շուտով նա խաղատախտակի վրա դիրքային բացահայտ առավելության հասավ։ Սակայն, հայտնվելով ցայտնոտում, նա սկսեց մեկը մյուսի ետեւից սխալներ գործել, որոնց արդյունքում ոչ միայն կորցրեց առավելությունը, այլեւ 64-րդ քայլում հարկադրված եղավ անձնատուր լինել։ Այսպիսով, հաշիվը դարձավ 3,5։1,5՝ հօգուտ Պոնոմարյովի։ Մրցակարգով սահմանված 8 պարտիայից գրոսմայստերներին մնացել է խաղալ երեք պարտիա։ ՖԻԴԵ-ի չեմպիոնի կոչումը նվաճելու համար 19-ամյա Պոնոմարյովին մնում է վաստակել ընդամենը մեկ միավոր, մի բան, որ դատելով պայքարի ընթացքից, միանգամայն հնարավոր ու հավանական է։ Վեյկ ան Զեեում շարունակվում է «Կորուս» անունը կրող շախմատի միջազգային 18-րդ կարգի ավանդական մրցաշարը։ 14 գրոսմայստերներն արդեն ետեւում են թողել ութ տուր։ Վերջինում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, բացառությամբ Յան Թիման-Բորիս Գելֆանդ մրցապայքարի։ Իսրայելցի Բարեեւը պարտիայի ընթացքում շատ կոպիտ սխալ թույլ տվեց ու հարկադրված անմիջապես իրեն պարտված ճանաչեց։ Ութ տուրից հետո միանձնյա առաջատարը Բարեեւն է՝ 5,5 միավորով։ Ռուսաստանցիներ Խալիֆմանը, Գրիշչուկը, Մորոզեւիչը եւ անգլիացի Մայքլ Ադամսը 5.0-ական միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը։ Պետեր Լեկոն (Հունգարիա) 4,5 միավորով 6-րդն է։ Նրան հաջորդում են Յան Թիմանը (Հոլանդիա) եւ Ալեքսեյ Դրեեւը (Ռուսաստան), որոնք ունեն 4-ական միավոր։ 9-12-րդ տեղում են Միխայիլ Գուրեւիչը (Բելգիա), Ժոել Լոթյեն (Ֆրանսիա), Իերուն Պիկետը (Հոլանդիա) եւ Բորիս Գելֆանդը (Իսրայել)՝ 3,5-ական, երիտասարդ ուզբեկ գրոսմայստեր Ռուստամ Կասիմջանովը 2,5 միավորով 13-րդն է եւ մրցաշարային աղյուսակը եզրափակում է հոլանդացի Լյուկ վան Վելլին՝ 1,5 միավոր։ Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել