Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանքներ չեն լինի

Հունվար 23,2002 00:00

Տուգանքներ չեն լինի Այս տարի վերջապես ԿԳՆ-ին հաջողվեց գլուխն ազատել մարզերի դպրոցները դիզվառելիքով ապահովելու հոգսից։ Թեեւ այդ պարտավորությունը մարզերին է տրված, սակայն վերջիններիս թերացման պատճառով վերջին պահին գործը միշտ ԿԳՆ-ի ուսերին էին բարդում։ Երկուշաբթի օրվանից դասերը դպրոցներում սկսվել են, սակայն որոշ մարզեր երեկ դեռ չէին ստացել վառելիքը։ Այս անգամ մատակարարի ընտրությունը եւ պայմանագրի կնքումը հանձնարարված էր Գնումների պետական գործակալությանը, ինչպես եւ կարգն է։ Սակայն այս դեպքում էլ ամեն ինչ շատ հապշտապ են արել եւ մատակարարի համար մրցույթ հայտարարելու ժամանակ դարձյալ չի մնացել։ Գնումների պետական գործակալության պետ Գագիկ Խաչատրյանից տեղեկացանք, որ որոշել են նախորդ փուլի մատակարարի՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը երկարաձգել, ինչի հնարավորություն օրենքը տալիս է։ Իսկ արդեն հաջորդ տարի, պարոն Խաչատրյանի հավաստմամբ, մրցույթով կընտրեն մատակարարին, ինչպես օրենքի պահանջն է։ Նախորդ տարիների փորձը նկատի ունենալով՝ շատ դժվար է դրան հավատալ։ Թեեւ մատակարարի հետ կնքված պայմանագրի գլխավոր կողմը Գնումների գործակալությունն է, սակայն ծրագրի իրականացման վերահսկողությունը մարզպետարաններին է հանձնարարված։ Բայց պարոն Խաչատրյանն ասաց, թե ինքն էլ է հետաքրքրվում ծրագրի ընթացքով, քանի որ շատ է կարեւորում այն։ Նրա տեղեկություններով՝ առաջիկա մեկ-երկու օրը բոլոր մարզերը կապահովվեն վառելիքով։ Սակայն դասերը հունվարի 21-ից սկսվել են եւ հարցին՝ պայմանագրով նախատեսված չէ՞ր, որ մինչեւ հունվարի 21-ը դիզվառելիքի մատակարարումը պետք է ավարտված լիներ եւ տուգանքներ նախատեսված չե՞ն ուշացումների համար, պարոն Խաչատրյանը դրական պատասխանեց։ Սակայն այդ տուգանքները չեն կիրառվի, քանի որ պետությունն էլ իր հերթին իր պայմանագրային պարտավորություններն է խախտում՝ ինչպես միշտ ժամանակին չվճարելով մատակարարին։ Ըստ օրենքի՝ աշխատանքի ավարտից հետո տասնօրյա ժամկետում մատակարարը պետք է վճարվի, սակայն նման հեռանկար «Ֆլեշին» չի սպասում։ Քանի դեռ բյուջեի համամասնությունները սահմանված չեն (մինչեւ փետրվարի 15-ը դա կձգվի), բյուջեից վճարում անել չեն կարող։ Այնպես որ, պետությունն էլ իր հերթին պայմանագրով նախատեսվածից մի երկու ամիս ուշ կկատարի վճարումները։ Եվ եթե մատակարարի մտքով անցնի դրա համար տուգանք պահանջել պետությունից, ապա դա մի տասնհինգ անգամ ավելի շատ կլինի, քան «Ֆլեշը» պետք է մուծեր ուշացումների համար։ Եվ դրա համար էլ փոխադարձաբար «աչք են փակում» պայմանագրի կետերը անտեսելու վրա։ Ընդհանուր առմամբ 2 մլն 63 հազար լիտր դիզվառելիք պետք է բաշխվի մարզերի դպրոցներին, ընդ որում, այս փուլի համար հաջողվել է դիզվառելիքի գինը էժանացնել. այժմ մեկ լիտրի համար պետությունը ութ դրամ պակաս կվճարի։ Իսկ մայրաքաղաքի դպրոցներում, ծնողներից ստացած ահազանգերի համաձայն, բավականին ցուրտ է եւ երեխաները դպրոց չեն գնում։ Ի դեպ, առաջին դասարանցիները հունվարի 30-ից պետք է դպրոց գնան։ Սակայն մյուսների համար եւս հիմնականում էլեկտրական տեներով ջեռուցվող դպրոցներում ցուրտ է եւ անհնար է նորմալ դասեր անցկացնել։ Թիվ 150 դպրոցի փոխտնօրեն Մարինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ բացակայությունները բավականին շատ են, յուրաքանչյուր դասարանից՝ 7-8 երեխա։ Ծնողներն ասում են, որ երեխաները հիվանդ են կամ հրաժարվում են նրանց դպրոց ուղարկել, քանի որ դասասենյակներում ցուրտ է։ Թիվ 116 դպրոցի տնօրենի հավաստմամբ, բացակայություններն այնքան էլ շատ չեն. յուրաքանչյուր դասարանում՝ 2-3 երեխա։ Պարոն Դավթյանը տեղեկացրեց, որ շաբաթ օրվանից դպրոցը սկսել են ջեռուցել եւ գիշերները եւս ջեռուցում են։ Իհարկե, այս դեպքում վտանգ կա, որ կգերազանցեն պետության հատկացրած էլեկտրաէներգիայի չափաբաժինը, իսկ այդ դեպքում դպրոցն է ստիպված վճարել ծախսած էլեկտրաէներգիայի համար, սակայն տնօրենը հուսով էր, որ գործը դրան չի հասնի եւ կկարողանան տրված սահմաններում տեղավորվել։ Թիվ 84 դպրոցի տնօրենը նկատեց, որ ծնողները պարզապես մտավախություն ունեն, որ դպրոցներում ցուրտ է, դրա համար առաջին օրերին բացակայությունները շատ էին՝ 12-13%։ Սակայն պարոն Էլոյանը հավաստիացրեց, թե դպրոցում ցուրտ չէ եւ առաջիկայում բացակայությունների թիվը կկրճատվի։ Իսկ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուբանյանի վկայությամբ՝ մայրաքաղաքի դպրոցներում ընդհանուր բացակայությունների թիվը 20-25% է կազմում։ Սակայն ձմռան պայմաններում պարոն Կուբանյանը սա մեծ թիվ չի համարում։ Մանավանդ որ տաք օրերին եւս սովորաբար հենց այդքան էլ բացակայում են։ Որոշ դպրոցներում, ըստ նրա, մասնակի թերություններ եւ անսարքություններ են եղել, սակայն ընդհանուր առմամբ վիճակը բավարար գնահատեց։ Այն դպրոցներում, որտեղ ցուրտ է, խորհուրդ են տվել դասերը ժամը 10-ից սկսել եւ երկհերթ ուսուցման անցնել։ Երեկ քաղաքապետի տեղակալ Ֆիրդուս Զաքարյանն ու կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը շրջել են Կենտրոնի դպրոցներում՝ թեեւ հայտնի է, որ ծայրամասերում վիճակը շատ ավելի վատ է։ Ա. Կուբանյանը վստահեցրեց, որ այս շաբաթվա ընթացքում բոլոր խնդիրները կկարգավորվեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել