Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՉՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՉԷ

Հունվար 23,2002 00:00

ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ ՉՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՉԷ Հարցազրույց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հետ – ԼՂԻՄ- միջանցքի հետ կապված դուք ասել էիք, որ ունեք տեղեկություններ։ Կարո՞ղ եք բացել փակագծերը։ Որովհետեւ ձեր ակնարկած քիուեսթյան պայմանավորվածությունները մնացին «պետգաղտնիքների» ցանկում։ – Մեր տեղեկություններով ԱՄՆ-ն առանձնահատուկ շահագրգռություն չունի ԼՂ հարցը կարգավորելու մեջ։ Գլխավոր «պատվիրատուն» Թուրքիան է։ Թուրքիան մտահոգ է, որ հանկարծ այս հարցի կարգավորումը չհանգի այնպիսի լուծման, որ հայերը ձեռք բերեն մի ինքնուրույն միավորում եւս տարածաշրջանում։ Գլխավոր մտահոգությունները Թուրքիայի երկուսն են. նախ հայերը խուսանավելու մեծ հնարավորություն են ստանում, եւ 2-րդ, տարածաշրջանում ստեղծվում է մի նոր երեւույթ, այն է՝ ժողովուրդը ինքնիշխանության ձգտելով, երկար տարիների պայքարից հետո հասնում է իր նպատակներին։ Վերջինս է, որ ավելի շատ է մտահոգում Թուրքիային, նկատի ունենալով իր ներքին, ազգային փոքրամասնությունների հարցերը։ Այս է պատճառը, որ Թուրքիան շտապեցնում է այս խնդրի կարգավորումը, որպեսզի նախադեպ չստեղծվի տարածաշրջանում, քանի որ ԱՄՆ-ն արդեն ձեռնամուխ է եղել Հյուսիսային Իրաքում Քրդական անկախ պետության ստեղծմանը։ Իմիջիայլոց, ամերիկացիները մի քանի խնդիրներ են լուծում իրենց այս քայլով, եւ գլխավորը, իմ կարծիքով, ուղղված է Իրանի դեմ, սակայն վերջիվերջո հնարավոր է նաեւ Թուրքիան տուժի։ Այս պատճառով է, որ Թուրքիան «հուրախություն» մի շարք հայ ղեկավարների եւ քաղաքական գործիչների, տվել է իր համաձայնությունը ԼՂԻՄ-ի միացման (Հայաստանին՝ Լաչինի միջանցքով) կամ ինչպես իրենք են ասում՝ Ղարաբաղի լեռնային մասը։ Սա չի նշանակում, որ Թուրքիան իր հեռանկարային քաղաքականությունից հրաժարվել է։ Պարզապես նրան հետաքրքրում են այսօրվա Արցախի հարավային տարածքները (նկատի ունեմ Արաքսի ափի երկարությամբ տարածքը)։ Համաձայնելով Արցախի լեռների միացմանը Հայաստանին, դրա դիմաց Թուրքիան պահանջում է Նախիջեւանի միջանցքով միանալն Ադրբեջանին։ Սրանով Թուրքիան լուծում է իր ցամաքային ճանապարհի հարցն Ադրբեջանի հետ։ Այս ծրագիրն իրականանալու դեպքում վերադարձվում է հակառակորդին ազատագրված 6 շրջան եւ դրանով Հայաստանը կորցնում է տարածաշրջանային իր ռազմավարական նշանակությունը։ Այստեղ տեղին է նշել զարմանքս այն իրողության կապակցությամբ, որ մեր ղեկավարները շարունակում են լուռ մնալ Նախիջեւանի խնդիրն առաջ քաշելու փոխարեն։ Չէ՞ որ այն նույն անարդար որոշմամբ է բռնակցվել Ադրբեջանին, հետո հայաթափվել է։ – Բացի ԼՂՀ նախագահի կարգավիճակի փոփոխությունից, ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում։ – Ինչպես ասացի, փաստորեն հայկական կողմը Քի Ուեսթում հրաժարվելով ԼՂՀ անկախ իրողությունից ու որպես իր համաձայնությունը հաստատող առաջին քայլ՝ կամովին վերացնում է ԼՂՀ նախագահի պաշտոնը, սրանով երեւի ուզում է «բարի կամք» դրսեւորել քիուեսթյան տերերին։ Ռոբերտ Քոչարյանը ուզում է նաեւ ցույց տալ, թե Ղարաբաղի իշխանություններն իր կողմից վերահսկելի են։ Այս տարի նույնպես փորձելու են մեր ժողովրդին քարոզել այն խաբկանքը, թե մինչեւ Ղարաբաղի խնդիրը չկարգավորենք, Հայաստանի ժողովրդի տնտեսական վիճակը չի բարելավվելու, որը չի հաջողելու։ 98-ի իշխանափոխությունից հետո ես այս քայլը համարում եմ 2-րդ հարվածը Ղարաբաղի բանակցային փուլում՝ հայկական կողմին ի վնաս։ Ռ. Քոչարյանի նախագահ ընտրվելուց ի վեր Ղարաբաղը որպես կողմ փաստորեն դադարել է, իսկ նախագահի պաշտոնի վերացումը էապես իջեցնում է Ղարաբաղի կարգավիճակը եւ վերջակետ դնում Ղարաբաղի մասնակցությանն իբրեւ հավասար կողմի։ – Դուք մեր նախորդ զրույցներից մեկի ժամանակ ասացիք, որ «Ազատագրված տարածքների պաշտպանությունը» ղարաբաղյան հարցի, մասնավորապես, տարածքների պահպանման շուրջ քաղաքական 7 կուսակցությունների հետ համաձայնության եզրեր է գտել։ Շարունակո՞ւմ եք բանակցել եւ ի՞նչ դիրքորոշում ունեն այսօր կուսակցությունները։ – Այո, դուք ճիշտ եք։ Մենք համարյա հասել էինք 7 քաղաքական կազմակերպությունների համախմբմանը մեր գաղափարների շուրջ եւ պատրաստվում էինք համատեղ հայտարարությամբ հանդես գալ։ Անորոշ պատճառներով մի քանի կազմակերպություններ վերջին պահին հրաժարվեցին որեւէ փաստաթղթի տակ ստորագրելուց։ Իմ կարծիքով, այսօր հայ քաղաքական գործիչների մեծամասնությունը գտնվում է թյուրիմացության մեջ, այն իմաստով, որ եթե իրենք հայտնեն այն միտքը, որ չի կարելի ոչ մի թիզ հող զիջել, դրանով իսկ իրենք օտարների կողմից քննադատվելու են որպես ծայրահեղական ուժեր։ Ես կուզեի շեշտել, որ հայրենի տարածքներից չհրաժարվելը ամենեւին էլ ծայրահեղական դրսեւորում չէ։ Այլ ընդհակառակը, սրանով օտարը կարող է մեզ ընդունել որպես սկզբունքային եւ իրավունքների տեր հասարակության։ Վերջին 1 տարում մեզ աջակցած մտավորականները հուշեցին, որ մեր հետապնդած խնդիրները հաջողությամբ կլուծվեն ազգային մյուս հարցերի հետ համատեղ, միայն երբ առողջանա երկրի բարոյական մթնոլորտը։ Հարկավոր է ելքեր գտնել հոգեւոր վիճակը բարելավելու ուղղությամբ։ Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել