Լրահոս
Օրվա լրահոսը

Չի համապատասխանում

Հունվար 23,2002 00:00

Չի համապատասխանում Ի պատասխան բաց նամակի Տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի թիվ 762 որոշմամբ հաստատված «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգի» 5-րդ կետի՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 2001թ. նոյեմբերի 5-ի թիվ 243 հրամանով հաստատվել են Գեղարքունիքի մարզ իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների ցանկը եւ համապատասխան չվացուցակները։ Նույն կարգի 18-րդ կետի համաձայն՝ մրցույթից մեկ ամիս առաջ հրապարակվել է մրցույթի անցկացման օրվա, տեղի, ժամանակի, երթուղիների եւ պահանջվող շարժակազմի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն։ Ընդ որում՝ Երեւան-Սեւան-Երեւան ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների անվանափոխություն չի եղել։ 2001թ. դեկտեմբերի 6-ին եւ 7-ին Երեւան-Սեւան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու սպասարկման համար անցկացված մրցույթին հայտ է ներկայացրել 2 կազմակերպություն՝ «Սեւանի ԲՈՒԱՏ» ՊՓԲ ընկերությունը՝ ԳԱԶ 32213 մակնիշի՝ 3, ՌԱՖ-2203 մակնիշի՝ 2 եւ ԳԱԶ 2705 մակնիշի՝ 1 ավտոմեքենաներով եւ «Ավտոփայլ» ՍՊԸ-ն՝ ԳԱԶ-32213 մակնիշի՝ 7 ավտոմեքենաներով։ Նախ՝ «Սեւանի ԲՈՒԱՏ» ՊՓԲ ընկերությունը, համաձայն մրցութային կարգի 19 կետի բ ենթակետի, չի ապահովել երթուղու սպասարկման համար անհրաժեշտ 6 միկրոավտոբուսների մասնակցությունը, ուստի իրավունք չի ստացել շարունակելու հետագա մրցակցությունը, չնայած հանձնաժողովի կողմից զննվել են ներկայացված 5 ավտոմեքենաները։ Հարկ է նշել, որ ներկայացված «ՌԱՖ-2203» մակնիշի 1985 եւ 1987 թթ. արտադրության 2 ավտոմեքենաներն իրենց տեխնիկական վիճակով պիտանի չէին շահագործման հատկապես կանոնավոր ուղեւորափոխադրումներում եւ հանձնաժողովի գնահատման արդյունքներով ստացել են հնարավոր 60 տոկոսից ցածր գումարային միավոր, ուստի մրցութային կարգի 30 կետի համաձայն, դուրս էին մնալու մրցույթից։ ԳԱԶ- 32213 մակնիշի 2 ավտոմեքենաները չեն ապահովել անվտանգության տեխնիկայի պայմանները. գազի բալոնները ծածկված չեն եւ արգելվում է դրանց շահագործումը։ Այսպիսով, 6 մեքենաներից միայն մեկն է եղել պիտանի, ըստ մրցութային պայմանների։ Մրցույթի արդյունքում Երեւան -Սեւան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու սպասարկման իրավունքը շահել է «Ավտոփայլ» ՍՊ ընկերությունը՝ ԳԱԶ-32213 մակնիշի 2001թ. արտադրության բոլորովին նոր միկրոավտոբուսներով։ (Ներկայացված տրանսպորտային միջոցների միջին միավորը կազմել է 49 կամ հնարավորի 98%-ը)։ Մինչդեռ «Սեւանի ԲՈՒԱՏ» ընկերության տնօրենը, ելնելով անձնական շահից, կոլեկտիվի անունից հանդես է գալիս՝ այլ կազմակերպության սեփական միջոցները (3 Գազել ավտոմեքենա «Սեւանտրանս» ՍՊԸ-ից) վարձակալելով եւ ներկայացնելով որպես կոլեկտիվի «անձնական միջոցների եւ ունեցվածքի հաշվին ձեռք բերված»։ Կարծում ենք՝ ազնիվ չէ անձնական շահերը ցույցերով եւ գործադուլներով շահարկելու մեթոդը, որի մասին նամակում հիշատակվում է։ Միաժամանակ նշենք, որ Երեւան-Սեւան-Երեւան ավտոբուսային երթուղու մրցույթում հաղթող է ճանաչվել «Սեւանի ԲՈՒԱՏ» ՊՓԲ ընկերությունը։ Նախարարությունը, հաշվի առնելով կոլեկտիվի բաց նամակում արտահայտված մտահոգությունը, միջնորդել է հաղթող կազմակերպությանը՝ լուծելու «Սեւանի ԲՈՒԱՏ» ՊՓԲ ընկերության 5 վարորդներին աշխատանքի ընդունելու խնդիրը։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն Իհարկե, օրինաչափ է, որ կոլեկտիվի բաց նամակին պատասխան է տրվում նաեւ այն գերատեսչությունից, որից բողոքներ կան։ Բայց ուշագրավ է, որ դեռեւս պատասխան չի ստացվել այն մարմնից, տվյալ դեպքում նախագահի աշխատակազմից, որին ուղղված էր բաց նամակը եւ որը, տրամաբանորեն, պետք է ուսումնասիրեր հարցը եւ լուծեր խնդիրը։ Սա, թերեւս, այն պատճառով, որ մեր երկրում ընդունված է դիմում-բողոքները հասցեագրել հենց այն գերատեսչությանը, ումից բողոքում են։ Իսկ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, նկատենք, պատասխան է ուղարկվում անօրինականությունների վերաբերյալ ոչ բոլոր հրապարակումներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել