Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋ՝ ԻՄ ԾԱՌԸ

Հունվար 23,2002 00:00

ԱՌԱՋ՝ ԻՄ ԾԱՌԸ Կամ պաշտոնեական դիրքի չարաշահման «հոտ է փչում» Լուծարային հանձնաժողովները՝ ընդհանրապես, «Պետապինը»՝ մասնավորապես, ինքնուրույնության մեծ աստիճան ունեն, ինչն էլ, հավանաբար, հիմք է ծառայել, որ նախագահն ու քարտուղարը մի շարք օրինախախտումներ թույլ տան։ Այս ընկերության նախկին 49 աշխատակիցներ իրենց եւ հեռավոր շրջանների նախկին գործընկերների անունից «Առավոտին» են ներկայացրել «Պետապի» լուծարային հանձնաժողովի նախագահ Ավագ Թադեւոսյանի եւ քարտուղար Միքայել Հարությունյանի կամայական ու ապօրինի գործունեության մասին վկայող մի շարք տեղեկություններ։ Նախ, հանձնաժողովը, ստեղծումից անմիջապես հետո, ըստ բողոքողների, անմիջապես աշխատանքից ազատել է համակարգի աշխատակիցներին, չկատարելով վերջնահաշվարկ։ Սակայն սա տվյալ դեպքում չարյաց փոքրագույնն է։ Ընկերության 17 մասնաճյուղերի պետերն ու գլխավոր հաշվապահները շարունակել են աշխատանքը, մինչեւ լուծարային հանձնաժողովի՝ միջանկյալ հաշվետվություն կազմելն ու հաստատման ներկայացնելը։ Այդ ժամանակահատվածը տեւել է մինչեւ 2001թ. սեպտեմբերը։ Իսկ պետերն ու գլխավոր հաշվապահները 2000թ. հոկտեմբերից մինչեւ նշված ժամանակահատվածը չեն ստացել իրենց աշխատավարձերը՝ «գումար չկա»-ի պատճառով։ Իսկ աշխատավարձերը, ինչպես տեղեկացվել են բողոքողները, ձեւակերպվել են որպես ներքին պարտք եւ ենթակա չեն վճարման։ Գ. Պետրոսյանի, Զ. Մուրադյանի, Ս. Ամիրջանյանի, Ի. Խաչատրյանի, մի խոսքով, այս 49-ի եւ մյուսների ցավն այն է, որ ընկերության մասնաճյուղերի անշարժ ու շարժական գույքի օտարումից առաջացած գումարներով ոչ թե նաեւ իրենց աշխատանքի դիմաց են վարձատրում, այլ միայն կազմակերպում են լուծարային հանձնաժողովի աշխատանքները։ Այն հանձնաժողովի, որի անդամներն, ըստ դժգոհների, հերթով են գալիս աշխատանքի։ Նախկին աշխատակիցներին բաժին չի հասել նաեւ աճուրդի միջոցով Աբելյան 6 հասցեում գտնվող վարչական շենքի օտարումից հանձնաժողովին փոխանցված գումարից։ Աճուրդի անցկացման ընթացակարգի օրինականությունն էլ է կասկածի տակ առնվում, բայց դա մի կողմ։ Ըստ լուծարային հանձնաժողովի նախագահ Ավագ Թադեւոսյանի գրության, «այդ գումարները, համաձայն ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հաստատած լուծարման ծախսերի նախահաշվի, ուղղվել են լուծարման գործընթացի կազմակերպմանը, եկամտահարկի ու ավելացված արժեքի հարկի վճարմանը, նաեւ հանձնաժողովի անդամների ու աշխատակիցների վարձատրությանը»։ Սակայն դժվար թե ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն իր հրամանով կամ կարգադրությամբ խախտեր օրենքները։ Ըստ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, գումարները լուծարային հանձնաժողովը պետք է ծախսեր ամենեւին ոչ հիշյալ առաջնահերթությամբ։ Ըստ ՔՕ 75-րդ հոդվածի, Ա. Թադեւոսյանն ու Մ. Հարությունյանը նախ պարտավոր էին ապահովել աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի եւ հեղինակային պայմանագրերով վարձատրությունը, ապա նոր միայն իրենց հաշիվները մաքրեին բյուջեի հետ։ Սրա փոխարեն նրանք նախ հարկեր են մուծել, ապա սեփական աշխատավարձերը ստացել։ Սեփական աշխատավարձերը «տեղավորելով» հիշյալ հոդվածի 3-րդ կետում, մյուս աշխատողներին «շրջանցել» են։ Ավելին, աշխատավարձերի «ներքին պարտք» ձեւակերպումը, պարզվում է, հանձնաժողովի անդամների աշխատավարձերին չի վերաբերում. «49-ի պնդմամբ, Միքայել Հարությունյանը վարձատրվել է 2000թ. հոկտեմբեր ամսից մինչեւ ընկերության լուծարումը (նաեւ դրանից հետո) ընկած ժամանակահատվածի իր աշխատանքի դիմաց»։ Սա այն նույն ժամանակահատվածն է, երբ պրն Միքայելյանը մյուս 49-ի հետ այս առումով նույն կարգավիճակում էր։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն է նշանակում եւ ազատում «Պետապի» լուծարային հանձնաժողովի նախագահին։ Հանձնաժողովի նախագահի ուղարկած գրությունները բլանկի վրա են, որտեղ նշված է այս ՓԲԸ-ի պատկանելությունը՝ նախարարությանը։ Բայց նախարարությունում չկա մի վարչություն կամ օղակ, որ լիովին վերահսկի այս ընկերության լուծարման գործընթացը։ Այնուամենայնիվ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից նախկին աշխատակիցներին խորհուրդ տվեցին այս բոլոր օրինախախտումների վերաբերյալ բոլոր հիմքերն ու փաստերը ներկայացնել նախարարություն, որոնք կուսումնասիրվեն եւ խնդրին լուծում կտրվի։ «Առավոտի» տեղեկություններով, այս հանձնաժողովի գործունեության հետ կապված Աջափնյակի դատախազությունում քրգործ կա հարուցված։ Այնպես որ, նախկին աշխատակիցներն իրենց խնդիրը լուծելու մի քանի հնարավորություն ունեն. դիմում նախարարին, դատախազին եւ դատարան։ Այս օրինախախտումների վերաբերյալ հանձնաժողովից «Առավոտի» հետ կապ չունեցող տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ պարզաբանումներ ստանալ։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել