Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶՆԻՎ «ՕՊՈԶԻՑԻԱՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԵՐԵՎԱ

Հունվար 23,2002 00:00

ԱԶՆԻՎ «ՕՊՈԶԻՑԻԱՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԵՐԵՎԱ Ազատամարտի վետերանների երկատված միության երկու հատվածները իրար հետ պարզելու դեռ շատ խնդիրներ ունեն: Կողմերն արդեն մոտ մեկ ամիս միմյանց հետ հրապարակային «ռազբորկաների» մեջ են: Երեկ ԱՎՄ արտահերթ համագումարին արձագանքող ասուլիս էին հրավիրել ԱՎՄ համանախագահներ Արմեն Մազմանյանը, Վարդան Գեւորգյանը, որին, ի դեպ, ներկա էին նաեւ կազմակերպության ղեկավար մարմնի՝ Վարչության եւ Խորհրդի անդամները եւ շարունակում էին պնդել, որ տեղի ունեցած համագումարն ապօրինի է: Նրանք նաեւ խոստացան, որ առաջիկա օրերին ԱՎՄ ղեկավար մարմնի ներկայացուցիչները կհավաքվեն եւ կորոշեն հետագա անելիքները: Ա.Մազմանյանն էլ վստահեցրեց, որ իրենք մտադիր չեն Հ.Հովսեփյանի կամ իր պատճառով տրոհել ԱՎՄ-ն: Բնականաբար, կրկնվեցին պնդումները, թե ԱՎՄ արդեն միանձնյա նախագահ Համլետ Հովսեփյանն ինչ-ինչ ուժերի պատվեր է կատարում՝ միաժամանակ լուծելով սեփական աթոռի խնդիրը: Թե հատկապես ո՞ւմ պատվերը, Ա.Մազմանյանը, որ երեկ ասուլիսի էր ներկայացել, մեղմ ասած, ոչ սթափ եւ կերած-խմածը չմարսած վիճակում, վստահեցրեց, թե Հ.Հովսեփյանին ուղղորդողները ոչ թե իշխանություններն են, այլ՝ «այսպես կոչված՝ օպոզիցիան»: Երբ մենք փորձեցինք պարզել, թե այդուհանդերձ, կոնկրետ ո՞ր «օպոզիցիան» նկատի ունի, Ա.Մազմանյանը պատասխանեց. «Այսօր քաղաքական դաշտում իրական, ազնիվ օպոզիցիա չկա: Դրանք նախկինում փչացած, նախկինում կառավարած մարդիկ են, ունեն մեկ խնդիր՝ իրենց փողը, աթոռը ետ բերել: Այդ մարդկանց հետ էս վետերանները, որ ՀՀՇ-ից ու ԵԿՄ-ից փախել են, չեն կարող լինել, մենք նրանց հետ գործ չունենք, մենք նրանց դեմ ենք ստեղծվել եւ, եթե էդ օպոզիցիան այսօր ուզում է մեզ օգտագործել… մենք խաղալիք չենք»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել