ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԿՄ-ՈՒՄ Հունվարի 16-17-ը Մասիսի, Արարատի եւ Արտաշատի ԵԿՄ տարածքային բաժանմունքներում տեղի ունեցան ընդհանուր ժողովներ, լսվեցին բաժանմունքների խորհուրդների 2 տարվա կատարած աշխատանքների հաշվետվությունները եւ ընտրվեցին 5-րդ համագումարի պատվիրակներ։ Արարատի մարզից, փետրվարի վերջին սպասվող ԵԿՄ 5-րդ համագումարին կմասնակցեն 55 պատվիրակներ՝ 25-ը Արարատից, 12-ը Արտաշատից, 14-ը Մասիսից։ ԵԿՄ Արարատի մարզի տարածքային բաժանմունքների ընդհանուր ժողովներին մասնակցում էին ԵԿՄ վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր, ԱԺ-ի «Հայաստան» պատգամավորական խմբի փոխնախագահ Արայիկ Կետիկյանը, ԵԿՄ վարչության անդամներ Արմեն Սարգսյանը եւ Սամվել Խաչատրյանը։ Տարածքային բաժանմունքների ժողովների ընդհանուր տրամադրությունից ու բազմաթիվ երկրապահների ելույթներից զգացվում էր, որ երկրապահի առաջ ծառացած ամենացավոտ հարցը սոցիալական խնդիրն է ու հասարակության որոշ շերտերի, հատկապես չինովնիկների քմահաճ ու բացասական վերաբերմունքը։ Պատերազմի դաշտից վերադարձած երկրապահ կամավորականների զգալի մասն այսօր գործազուրկ է, որի պատճառով չեն կարողանում լուծել իրենց ընտանիքների առօրյա հարցերը, ավելի շատ խնդրողի դերում են, իսկ խնդրողներին միշտ չէ, որ ընդառաջում են։ Երկրապահի կարգավիճակով մարդկանց վերջերս ավելի շատ սկսել են մերժել եւ երկրապահը ուզում է արժանավայել ապրել իր հայրենիքում։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂՈՒԼՅԱՆ