ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ ԴԵՍՊԱՆԻ ՄՈՏ Հունվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովի հանդիպումը «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվեցին հայ-ռուսական հարաբերությունների թե՛ դարավոր ավանդույթների, թե՛ ներկա վիճակի հետ առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման մասնակիցները շեշտեցին, որ այդ հարաբերությունների հիմքում միշտ ընկած է եղել ընդհանուր արժեքային համակարգի վրա խարսխված այդ երկու եվրասիական ժողովուրդների հոգեւոր հատուկ մտերմությունը, ինչը ըմբռնումով ընդունվեց պրն դեսպանի կողմից: Կարեւորելով քաղաքական երկխոսությունը եւ ռազմական համագործակցությունը՝ «Սոցիալիստական Հայաստանի» ներկայացուցիչները նշեցին, որ, իրենց ծրագրային դրույթներից ելնելով, նրանք հատուկ ողջունում են տնտեսական համագործակցությունը ռազմավարական ինտեգրացիայի ոգով խորացնելու ռուսական կողմի միտումը: Պրն Դրյուկովը հարգանքով վերաբերվեց կուսակցությունների միավորմանը, բարձր գնահատեց ուժերի եւ հնարավորությունների շրջանակներում երկու պետությունների եւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, երկու ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունների հետագա զարգացմանն աջակցելու «Սոցիալիստական Հայաստան»-ի պատրաստակամությունը եւ այդ ուղղությամբ գործողություններն ակտիվացնելու նրա ձգտումը: «Սոցիալիստական Հայաստան» միավորման լրատվական ծառայություն